Ես երջանիկ եմ, որ աշակերտել եմ ուսուցիչների, որոնցից ոչ միայն գիտելիք, այլեւ ոգու սնունդ եմ ստացել առատօրէն։ Այդ ուսուցիչներից է եղել եւ շարունակում է մնալ Սուրէն Սարգսեանը։ Բոլոր իմ ուսուցիչների երախտիքի առջեւ գլուխ եմ խոնարհում, եւ, ի դեմս Սուրէն Սարգսեանի, նուիրում փոքրիկ մի բանաստեղծութիւն... Յիշում եմ, թէ ինչպէս տասնամեակներ առաջ, ինձ շատ բարձր թուացող դպրոցական նստարանին ճերմակ մի թղթի յանձնեցի այն, որ թէեւ մանկական սրտի թրթիռով է գրուած, բայց նրանում արտացոլուած ճշմարտութիւնը ինձ համար չի դադարում լինել ճշմարիտ.
Սիրտդ գանձ է բիւրեղեայ,
Բոցկլտում է իմ հոգում,
Իմ ուսուցիչ, իմ անգին,
Դու իմ սրտի քնքուշ լար։
Դու ինձ համար լոյսի շող,
Ու չգրուած գրքի տող,
Իմ ուսուցիչ, իմ անգին,
Դու յաւերժի խօսուն լար...
Սուրէն Սարգսեանի գործունեութեան մէջ գեղեցիկ կերպով համադրուել են ուսուցիչն ու բանաստեղծը։ Եւ գեղեցիկը միշտ ուղեկցել է նրա դասերը։ Արեւմտահայերէն բանաստեղծութիւնները նրա շուրթերից կախարդանքի պէս են հնչում, որովհետեւ այնտեղ են գտնում իրենց հնչիւնային վայելչութիւնը եւ ապրուած յոյզերի թրթռացումը... Այս առումով՝ նրա «Գթա ինձ, անձրեւ» գիրքն ինձ համար անակնկալ չէր, որովհետեւ կարծես միշտ ճանաչել եմ բանաստեղծ Սուրէն Սարգսեանին։ Զարմանալին նրա՝ առաջինը լինելն է...
Կարդացի մեծ յափշտակութեամբ՝ նրա ձայնով ու առոգանութեամբ «լսելով» բոլոր տողերը։ Գիրքը փոքրիկ, սակայն համապարփակ ու ընդգրկուն է, քանի որ անդրադարձ կայ գրեթէ բոլոր յուզող թեմաներին՝ ամենաերգուած սիրուց մինչեւ ամենաարծարծուած ցեղասպանութիւնը։
Թերթում ես էջերն ու յայտնաբերում, որ պոէզիայի ոլորտում հեղինակը վերստեղծել է բազմաչափ Հայրենիքը՝ Շուշան տատից Շուշան թոռ ընկած սիրոյ տարածութեան մէջ, հայերէնի լուսեղէն բառերում, սիրոյ՝ վեր տանող սանդուղքներին, առուակի վարդ ափերին, այնտեղ հնչող երգերում... Սեւ ու եղերական անցեալից դէպի ճառագող օրերը կարկաչող առուն նոյնպէս Հայրենիքն է։ «Մեծ մայրիկիս» բանաստեղծութիւնն ասես ազգի յակիրճ ինքնակենսագրութիւնն է, նրա փորձանաւոր բոլոր ժամանակների վերապրումի պատմութիւնը, անապատներում կորչելու վտանգների դիմակայումն ու ի հեճուկս չար բախտի՝ յաւերժացումը...
Պատահական չէ, որ գիրքը բացւում է հայոց լեզուին նուիրուած ձօնով։ Ազգային արմատին կառչող անհատի ամենաբնական մղումն է սա, որով նախ՝ նա ապաստանում է ամենաապահով տարածութեան մէջ, այն ամրոցում, որը աշխարհի չորս ծագերում տունն է հայի, ինչպէս հաւաստում է Թէքէեանը, եւ որը, ինչպէս Աբովեանն է վկայում, պահողն է ազգի։ Ինձ համար գրքոյկի ամենագեղեցիկ բանաստեղծութիւններից մէկն է այս ներբողը, որտեղ բանաստեղծի մտածողութիւնը արեւմտահայ բանաստեղծութեան ժառանգորդութեան կնիքն է կրում՝ միաժամանակ բերելով սիամանթոյական տողի հմայքը։ Բանաստեղծը փառաւորում է հայերէնը՝ որպէս «Հոգւոյս զրահը հզօր». իսկապէս դիպուկ փոխաբերութիւն է։ Յաջորդ պատկերն աւելի խորն է ու խիտ, որովհետեւ հռչակում է լեզուն՝ որպէս «Վարպետը մտքիս». սա լեզուի ամենաբնորոշ որակումն է, քանի որ իրաւամբ լեզուն է, որ կռում, կոփում, ձուլում է միտքը։ Ուստի որեւէ ազգ իր մտաւոր հարստութեամբ պարտական է իր լեզուին։ Գտնուած է լեզուի տիպական աստուածատուր կոչումը՝ «Դուն ... Վարպետը մտքիս»։ Ինտրան ասում է. «Եթե միտքերն են, որ լեզուն կը շինեն, լեզուն ալ միտքերը կը շինէ»։ Իսկ ո՞ւմ մտքով կ'անցնէր լեզուն նկարագրել՝ որպէս «ահաւոր խանդ»։ Սա էլ ամենազգացմունքային ակնթարթն է այս ձօնի։ Կայ մէկ այլ տպաւորուող ու շատ տարողունակ սիմվոլ, որ իր վրայ է կրում հազարամեակներով կուտակուած հոգեւոր հսկայական գանձի ծանրութիւնը։ Դարձեալ լեզուին դիմելով՝ ասում է.
Դուն մշուշներու մէջ լուսաւոր լաստ մը հին,
Որ անցեալ մը ամբողջ յստակ ու ջինջ
Իմ ներկայիս կը բերէ։ (էջ 10)
Շատ գեղեցիկ է, յիրաւի, ոսկէ զարդ է բանաստեղծութեան հիւսուածքում...
Լեզուի փառաբանական երգում հնչում է օրհնութիւնը մեր հայրերին, «որոնք իրենց մաշումով լոյս տուին մեր մտքին»...
Նուիրական երազանքի ու ձգտման արտայայտութիւնները գրքի էջերում առկայծող ամենապայծառ տեսիլք-պատկերներն են։ Նրա հաւատակիր բաղձանքն է, որ մարդու սիրտը ի վերջոյ լոյս ճառագի, որ իրեն այցի գան լուսեղէն մարդիկ, որ ինքը արժանանայ անառիկ, կուսական, արեւավառ բարձունքներին, որ հոգիները մաքրագործուեն, որ մարդը ձգտի լոյսի աղբիւրին...
Ստեղծագործող մարդն ինքն իր համար յայտնաբերում է, որ նիւթի թելադրանքից կտրող, վերին ոլորտներին առնչակցող ամենավեհ ուժը արուեստն է։ Որքան շօշափելի է նա զգում այս ճշմարտութիւնը, այնքան կարող է դառնում այն փոխանցել ուրիշին։
Գեղեցիկ ու պատկերաւոր, նրբօրէն հիւսուած սանդուղք է յիշեցնում «Սէր» բանաստեղծութիւնը, որով Սէր արեւից շոյանք ու գգուանք են իջնում դէպի սիրտ, եւ որով հնարաւոր է դառնում որպէս սիրոյ ամբարձիչ ուժով երկրի ձգողութիւնը յաղթահարել, բարձրանալ ու հպուել անաղարտ բարձունքներին։ Եւ այս բանաստեղծութեան հիւսուածքում ձեւի ու բովանդակութեան ներդաշնակութիւնը գալիս է լրացնելու բանաստեղծութեան արտաքին երեւոյթը՝ սանդուղքատիպութիւնը, որը, ածանցուելով ձեւից ու բովանդակութիւնից, աւելի կուռ ու կառուցիկ է դարձրել նրանց կապը։
Ծնուած լինելով Սիրիայում, մանկութիւն, պատանութիւն եւ սկսուող երիտասարդութիւնն այնտեղ ապրելով, ապա հայրենադարձուելով՝ Սուրէն Սարգսեանն իր հոգու եւ մտածողութեան վրայ կրում է երկու տարբեր աշխարհների գոյների յարաբերակցութիւնը, լեզուական կոլորիտը։ Հետաքրքիր կերպով տարբեր տպաւորութիւններ ես ստանում, տարբեր զգացողութիւններ ես ապրում արեւմտահայերէն եւ արեւելահայերէն բանաստեղծութիւնները կարդալիս։ Տարբեր են լեզուամտածողութիւնները, պատկերներն են տարբեր, մետաֆորները, բառաշերտերը։ Եւ անկեղծօրէն պիտի ասեմ, որ համեմատութեան մէջ շահում է արեւմտահայերէն բանաստեղծութիւնը՝ յիշեցնելով, թէ որտեղից է գալիս իր հունը նեղ գտնող այս գետը։ Սուրէն Սարգսեանի պոէզիայում երկու գրական լեզուները հիւսում են իրենց ինքնատիպ զարդանախշերը՝ հնարաւորութիւն տալով զգալ իւրաքանչիւրի նրբերանգներն ու հոգուց պոկուած թրթիռները...
Անհնար է չնկատել նաեւ երկու լեզուների մերձեցման ձգտումը, որ յատկապէս հիմա արդիական խնդիր է, եւ ողջունելի է ստեղծագործութեամբ նաեւ այսպիսի հրատապ խնդիրների լուծման եղանակներ առաջադրելը։ Այնուամենայնիւ կարծում եմ, որ միահիւսումը կարող է իրականանալ բառապաշարային եւ իմաստաբանական փոխթափանցումով։ Մինչդեռ քերականութիւնը լեզուի մէջ ամենակայուն լեզուական համակարգն է, եւ իմ համոզմամբ, նոյն բանաստեղծութեան մէջ միեւնոյն ժամանակաձեւը երկու տարբեր լեզուների քերականութեամբ չի կարող դրսեւորուել եւ ինքնին արհեստական երեւոյթ է։ Ճիշտ է նկատել բանաստեղծ Գեւորգ Գիլանցը այս գրքի վերջաբանի փոխարէն իր խօսքում, որ Թոթովենցի գործերում կայ արեւելահայերէնի եւ արեւմտահայերէնի միահիւսում։ Այո, այդպէս է, սակայն դա հնարաւոր է եղել միայն շնորհիւ այն բանի, որ հերոսները խօսում են արեւմտահայերէն, մինչդեռ հեղինակը արեւելահայերէն է գրում։ Այնուամենայնիւ, Սուրէն Սարգսեանի մի երկու այդ տեսակ բանաստեղծութիւնները համարում եմ համարձակ քայլեր, որոնք քննադատութիւնների տեղիք պիտի տան...
Ուզում եմ շնորհաւորել ջերմութեամբ լի այս գրքոյկի ծննդեան առթիւ եւ շնորհակալութիւն յայտնել մեկենասին ու բոլոր նրանց, ում համատեղ ջանքերով մեզ համար ապահովուել է Սուրէն Սարգսեանի յաւերժող ներկայութիւնը։
Մաղթում եմ առողջութիւն, նոր բանաստեղծութիւններ, երիտասարդ ոգու թռիչքներ եւ այն ամէնն, ինչ գտնւում է երջանկութեան ծիրից ներս...
28.10.2015
Արմաւիր, գ. Նորապատ
Категория:
Այլ |
|