Մուտք Ա Բ Գ Դ Ե Կարդալ կամ Լսել հեքիաթը
«Փոքրիկ իշխանը» այն ստեղծագործություններից է, որ մեծ հափշտակությամբ կարելի է վերընթերցել ու չձանձրանալ։ Սա մի երկ է, որ ստիպում է իրեն վերհիշել ու նորից կարդալ՝ վերապրել տալով գեղագիտական այն հաճույքը, որ պատճառել է նախկինում։ Բայց զարմանալիորեն այդ գեղեցիկ գիրքը վերաբացողն իր համար գոնե մեկ նոր բան է հայտնաբերում այնտեղ։
«Փոքրիկ Իշխանը» համապարփակ հեքիաթ է՝ բազմանիստ ու բազմախորհուրդ։ Փոքրիկ հերոսի կերպարը որպես մանկության այլաբանական պատկեր ներկայացնող և նրա պարզ ու մեծ իմաստնությունն ամփոփող այս գործը դժվար է նույնիսկ միանշանակորեն հեքիաթ համարել։ Սա ներքին ու արտաքին կառույցներով միանգամայն ուրիշ, սեփական օրինաչափություններն ունեցող երկ է։
Ամեն անգամ գիրքը ձեռքս առնելով՝ հարցնում եմ ինքս ինձ, թե որն է գաղտնիքը, որ այն երբեք չի սպառում իրեն, ու միշտ կարելի է կարդալ ինչպես առաջին անգամ, որն է գաղտնիքը, որ այն անդառնալիորեն կախարդում է։
Գաղտնիքը կամ գաղտնիքների շղթան, որ առեղծվածային լույսով է օժտում գիրքը, գուցե թաքնված է այնտեղ, որտեղ ամենից քիչ ենք սպասում տեսնել։
Թեև առաջին հայացքից հեքիաթում շատ բան պատահական է թվում, սակայն, «Փոքրիկ իշխանի» պայմանական աշխարհում որևէ պատահական բան չկա։
Ոչ պատահական և այս հեքիաթի համար անհրաժեշտ տարր է նախապատմությունը՝ հեղինակի մանկության ամենակարևոր շրջանում՝ անհատականության ձևավորման պատասխանատու պահին, մեծահասակների պատճառով հրաժարումը «նկարչի փայլուն ապագայից»։ Ամենաանհրաժեշտ ու բավարար պայմաններում էր ապրում Փոքրիկ իշխանն իր մոլորակի վրա։ Պատահական չէին նրա այցելությունները հարևան մոլորակներ, որոնց վրա նույնպես անհեթեթ, բայց հեքիաթի իրականության մեջ բավարար պայմաններում ապրում էին հերոսները։ Դարձյալ պատահական չեն անապատը, օձը, աղվեսը։ Սովորական նկարներ չեն նաև գրքի հեղինակային նկարները. առանց դրանց՝ շատ բան կմնար չասված։ Անգամ առատորեն օգտագործված, խիստ երկրորդական թվացող, բայց այնքան անփոխարինելի ու անհրաժեշտ թվերը հեքիաթի արտաքին ու ներքին կառուցվածքները միմյանց ամուր կապող տարրեր են։
Այս աշխատությունն ամփոփում է մի շարք հարցերի գտնված պատասխաններ, որոնք, համոզված եմ, անչափ կհետաքրքրեն ինչպես գրականությամբ զբաղվողներին, այնպես էլ բնական գիտությունների նկատմամբ որոշակի հակում ունեցողներին։ Սա մի զբոսանք է իրականության ու նրա հայելային անդրադարձման միջով դեպի թվերի առեղծվածային աշխարհը, որ վերածվում է նախ՝ ճանապարհորդության դեպի զարմանալի երևույթների բացահայտումները, որոնք պահանջում են գտնել իրենց գիտական հիմնավորումները հոգեվերլուծաբանական գրականության էջերում, ապա՝ անհրաժեշտ մի շուրջայցի մարդկության հնագույն պատկերացումներում, որտեղ ապրում են հերոսներ, որոնց ուրվագծերը համադրվելով՝ հայտածում են հավերժական մի կերպար, որ տարբեր անվանումներով ուղեկցում է մարդ արարածին իր գոյության ընթացքում։
Մուտք Ա Բ Գ Դ Ե Կարդալ կամ Լսել հեքիաթը
Категория:
Հավերժամանուկը |
|