Գլխաւոր » Յօդուածներ » Իմ յօդուածները » Հավերժամանուկը

Ա. Սենտ-Էքզյուպերի - Փոքրիկ իշխան. Կյանքի շրջափուլերը հեքիաթի հայելում

Մուտք    Ա    Բ    Գ    Դ    Ե                                          Կարդալ կամ Լսել հեքիաթը

    Անտուան դը Սենտ-Էքզյուպերին ծնվել է 1900 թվականի հունիսի 29-ին Լիոնում՝ կոմս Ժակ դը Սենտ-Էքզյուպերիի ընտանիքում։ ՈՒզում եմ փոքրիկ ուշադրություն հրավիրել 6-րդ ամսվա՝ հունիսի վրա՝ նշելով, որ սա ինքնանպատակ հիշեցում չէ։ ՈՒշադրության արժանի երկրորդ փաստը հունիսի 29-ի՝ շաբաթվա 6-րդ օր լինելն է. այդ օրն ուրբաթ էր, որ շատ ժողովուրդների օրացույցների համաձայն, ինչպես և մշակութալեզվական ավանդույթով՝ մինչև օրս էլ անվանվում է վեցերորդ օր (հայերի հին շաբաթացույցում՝ «վեցշաբթի»)։
                              Աջից 2-րդը
     Սրանք, անշո՛ւշտ, վերլուծության գիտականության հետ որևէ առնչություն չունեցող փաստեր են, կամ… այդպիսին են թվում։ Սակայն նույնիսկ ամենաաննշան թվացող փաստը կարող է բանալի դառնալ։
     Վեց թիվը մի նոր հայտնություն էր ինձ համար Սենտ-Էքզյուպերիի կենսագրության և «Փոքրիկ իշխանը» հեքիաթի մեջ։ Անշուշտ, Էքզյուպերիի կյանքը լի էր իրադարձություններով ու դիպվածներով, սակայն շրջադարձային է եղել հատկապես յուրաքանչյուր վեցերորդ տարին՝ սկսած ծնունդից։
        6 տարեկան երեխան, որ վաղուց էր երազում իսկական մեքենաների մասին, վերջապես առաջին անգամ շրջագայում է շոգեկառքով։
          12-ամյա Անտուանը վայելում է կյանքում առաջին իսկական թռիչքը։
          18 տարեկան հասակում ընդունվում է գեղարվեստի դպրոց։
          24-ամյա երիտասարդն իրականացնում է առաջին ինքնուրույն թռիչքը, ենթարկվում աղետի, հրաշքով փրկվում մահից։
     30 տարեկան հասակում գնում է որոնելու ձնահողմի մեջ ընկած ընկերոջը, ինչը հաջողությամբ է պսակվում։ Ստանում է առաջին՝ Ֆեմինի գրական մրցանակը «Գիշերային թռիչք» վեպի համար։ Հանդիպում է Կոնսուելոյին։
          Կյանքի 36-րդ տարում ինքնաթիռը վթարի ենթարկվեց անապատում։
           42 տարեկան էր, երբ ծնվեց «Փոքրիկ իշխանը»։
        Բոլոր այս թվերը կազմում են հեղինակի կյանքի վեցամյա շրջափուլերի հետաքրքիր մի շղթա, ստեղծելով լուսավոր կետերի ամբողջություն, որ չորրորդ չափման մեջ (1900-44) ամրագրված է որպես Սենտ-Էքզյուպերի երևույթը հավերժացնող «համաստեղություն»։
         Ամեն ստեղծագործություն իր մեջ բացահայտ կամ թաքուն կրում է հեղինակին։ Հեքիաթի պատումը վերհուշի նման ներկայացնում է հեղինակի բոլոր «թռիչքները»՝ թույլ տալով անցկացնել հետաքրքիր մի զուգահեռ։
       Սենտ-Էքզյուպերիի հետաքրքրություններն ու ունակությունները շատ վաղ են ի հայտ եկել։ Նա շատ էր սիրում խաղալ ընկերների հետ, սիրում էր հեռավոր զբոսանքները, դիմակահանդեսները։ Բայց աշխույժ այդ երեխան կարող էր ժամերով նստել ինքնամփոփ ու հետևել կրակի բոցերի խաղին, երազել ու տեղափոխվել հեքիաթների աշխարհը։

                       

           Փոքրիկ իշխանն էլ իր մոլորակի վրա սիրում էր նստել ու երկար դիտել վերջալույսը։ Նա ասում է. «Մի օր ես 23 անգամ տեսա, թե ինչպես է մայր մտնում արևը»։ Եվ մի փոքր սպասելուց հետո  ավելացնում. «Գիտես, երբ շատ տխուր ես լինում, լավ է վերջալույսին նայելը» (21)՝ ասես հայտածելով այն մելամաղձը, որով ներծծված էին Անտուանի ներաշխարհն ու նրա մանկության մոլորակի մթնոլորտը։ Անտուանը վաղ հասակում սկսել է բանաստեղծություններ գրել, սովորել է ջութակ նվագել։ Ոսկեհեր այդ երեխան՝ այդ «Արև արքան», կարող էր հանկարծ արթնացնել ընտանիքի անդամներին գիշերվա կեսին, հավաքել բոլորին մի սենյակում և ստիպել լսել իր՝ հենց նոր հորինած բանաստեղծությունը։ Հետո բացատրում էր. «Հասկանում եք, երբ ձեզ այսպես արթնացնում են, ձեր միտքը շատ է սրվում»։
        Պատմում են, որ նրա այս վարքագիծը պահպանվել է ամբողջ կյանքում. նա կարող էր խոր գիշերվա մեջ զանգահարել ընկերներից մեկին և ընթերցել քիչ առաջ գրած հատվածը կամ հայտնել մտքում ծագած նոր գաղափարի մասին։
          Արվեստով շաղախված հոգուց բացի ուներ նաև հետաքրքրասեր ու պրպտող միտք, և անծիր երևակայությունն ու կուռ մտածողությունը նրա թափառող մոլորակի երկու բևեռներն էին լինելու ողջ կյանքում. նրան այնքան գրավում էին մեքենաներն ու տեխնիկան։ Նա մանկական երևակայությամբ ինչ-որ բաներ էր հորինում, տուփերով հեռախոս պատրաստում և երազում էր իսկական մեքենաների մասին։ Այդպիսի մեքենաների հետ առաջին ծանոթությունը՝ առաջին քայլը ներսից դեպի դուրս, շատ չուշացավ։ Երբ նա կայարանում մոտեցավ մեքենավարին (սա առաջին կարևոր հանդիպումն էր երեխայի կյանքում), պարզվեց, որ մեքենավարը նրա անվանակիցն է՝ Անտուան։
        Սենտ-Էքզյուպերիի կյանքում մեծ նշանակություն ունեցող դեպքերը անմիջականորեն կապված են հեքիաթի հետ և նշանակալից են նաև Փոքրիկ իշխանի համար։ Չվող թռչունների հետ վերջինիս ճանապարհորդությունն սկսվում է իր մոլորակից դեպի թագավորի մոլորակը թռիչքով, որ ելք էր յուրաքանչյուր մասնիկով իրեն ծանոթ աշխարհից։

        Անունը էության անբաժանելի մասնիկն է, նրա հատկանշական որակումը, որ հաճախ որոշում է մարդու կոչումը կյանքում և նրան ուղղորդող սլաքը դառնում։ Էքզյուպերիի և մեքենավարի անվանակցության անալոգիան արտացոլված է նաև հեքիաթում՝ «իշխան» և «թագավոր» տիտղոսների համանշության մեջ։
         Անտուանը խնդրում է իրեն պտտել շոգեկառքով՝ առաջին անգամ ապրելով արագության և տեղափոխման ցնծագին վայելքը։ Հեքիաթի հայելում՝ զուգահեռ իրականության մեջ, Փոքրիկ իշխանը թռչում է դեպի նոր մոլորակ՝ դեպի փառամոլի մոլորակը։
      1910 թվականին Անտուանն ընդունվում է Ման քաղաքի ճիզվիտական դպրոցը, ուր տհաճությամբ էր հաճախում և որտեղ վատ էր սովորում։ Իսկ 12 տարեկան հասակում նա ստանում է առաջին օդային մկրտությունը։ Օդաչու Վեդրինը նրան երկինք է բարձրացնում Ամբերիե քաղաքի օդանավակայանից։ Սա առաջին «թռիչքից» 6 տարի անց կայացած երկրորդ՝ իսկական թռիչքն է։
           Հեքիաթում Փոքրիկ իշխանը, թողած փառամոլին, թռչում է դեպի հարբեցողի մոլորակը։
     Սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը։ Անտուանը շարունակում է ուսումը Շվեյցարիայում։ 1917-ին վերադառնում է Ֆրանսիա, ավարտում միջնակարգ կրթությունը և 18 տարեկան հասակում ընդունվում Գեղեցիկ արվեստների դպրոցի ճարտարապետության բաժինը։ Սակայն չի տեսնում իր կոչումը ճարտարապետության մեջ։

       Գեղարվեստի դպրոց ընդունվելը Փոքրիկ իշխանի թռիչքն է հարբեցողի մոլորակից դեպի գործարար մարդու աշխարհը։

   Գեղարվեստի դպրոց ընդունվելուց անցել էր 6 տարի, երբ Սենտ-Էքզյուպերին կատարում է իր առաջին ինքնուրույն թռիչքը և, բարեբախտաբար, փրկվում է մահից։

        Երևի նրա ճանապարհին ինչ-որ մեկը լույս է վառել, որովհետև միևնույն շրջափուլում՝ սեփական հաշվարկման համակարգում, Փոքրիկ իշխանը, թողնելով գործարար մարդու մոլորակը, հասնում է լապտերավառի մոլորակին և հրճվում նրա աշխատանքով. «Սքանչելի զբաղմունք է։ Սա իսկապես օգտակար է, որովհետև գեղեցիկ է» (43)։

        Ի դեպ, Փոքրիկ իշխանը տալիս է գեղագիտական կատեգորիայի սեփական սահմանումը՝ համարելով օգտակար այն, ինչ գեղեցիկ է, դրանով իսկ հակադրվելով գեղագիտության պատմության մեջ գեղեցիկին տրված սահմանումներին՝ սկսած հնագույն քաղաքակրթությունների պատկերացումներից, ըստ որոնց՝ գեղեցիկ է այն, ինչ օգտակար է, մինչև Հեգելի ու Կանտի գեղագիտական բնորոշումները։
         Անցել էր ևս 6 տարի, և Էքզյուպերին օդանավով գնաց որոնելու ձնահողմի մեջ ընկած ընկերոջը և գտավ նրան։ Սա էլ մի մեծ թռիչք էր, որ դարձավ «Մարդկանց երկիրը» գրքի լավագույն գլուխներից մեկը։
            Եվ Փոքրիկ իշխանն այցելում է աշխարհագրագետի մոլորակ։
         Իսկ երբ գրեթե լրանում էր 6 տարին այն օրից, երբ Սենտ-Էքզյուպերին փրկել էր ընկերոջը, մեխանիկ Պրևոյի հետ ուղևորվում է թռիչքի՝ Փարիզ-Սայգոն երթուղով։ Ինքնաթիռը վթարի է ենթարկվում Լիբիական անապատում։ Պարզ մի «զուգադիպությամբ»՝ Փոքրիկ իշխանն, աշխարհագրագետի մոլորակը թողնելով, իջել էր Երկիր, և նրանց երկուսի ոդիսականները նախապատրաստել էին հետաքրքիր մի հանդիպում՝ հավերժական մի ակնթարթի մեջ նրանց ուղիները հատելով։

         Սենտ-Էքզյուպերին անապատում մնաց 7 օր։ Երկրորդ օրը հանդիպեց Փոքրիկ իշխանին, նրան ճանաչեց 6 օրում։ Այդ 6 օրերը երևի Սենտ-Էքզյուպերիի համար եղան կյանքի անցած 6 շրջանների մասին վերհուշի օրեր։ Իսկ այն օրը, երբ Փոքրիկ իշխանը պիտի վերադառնար իր մոլորակ, երբ նաև ինքը պիտի հեռանար անապատից, սկսվում է կյանքի 7-րդ շրջանը, որի մեջ էլ հենց ստեղծվել է այս անզուգական հեքիաթը։
    Հեքիաթն սկսվում է «Երբ ես 6 տարեկան էի…» նախադասությամբ, և այլևս կասկած չի մնում, որ Սենտ-Էքզյուպերիի համար 6-ը ճակատագրական թիվ է, և որ նրա երկրային կյանքի ժամանակահատվածում տեղավորվող 6-ին բազմապատիկ բոլոր թվերը նշանակալից էին և իրենց խորհուրդն ունեին։

 

Մուտք    Ա    Բ    Գ    Դ    Ե                                          Կարդալ կամ Լսել հեքիաթը

Категория: Հավերժամանուկը |
Просмотров: 1512 Добавил: © Լուսինէ Աւետիսեան (25.10.2014) | Рейтинг: 3.0/2
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Сделать бесплатный сайт с uCoz