Գլխաւոր » Յօդուածներ » Իմ յօդուածները » Հավերժամանուկը

Գ. Մանկան արքետիպը և Փոքրիկ իշխանը

Մուտք    Ա    Բ    Գ    Դ    Ե                                          Կարդալ կամ Լսել հեքիաթը

    Ստեղծագործությունը կարելի է քննել տարբեր տեսանկյուններից՝ գեղարվեստական, գրականագիտական, փիլիսոփայական, հասարակագիտական և այլն։ Բայց յուրաքանչյուր երկ նախևառաջ անպայման ունենում է հոգեբանական նախադրյալներ և անմիջականորեն կամ որոշակի միջնորդավորվածությամբ տալիս է հեղինակի հոգեկան վիճակի, կյանքում տեղի ունեցած կարևոր և ոչ այնքան էական դեպքերի «արձանագրությունը»։
      Սենտ-Էքզյուպերիի հեքիաթը ասես հոգեվերլուծաբանի առջև պատմված մի երազ է, որն սպասում է մեկնության։ Նախքան երազը մեկնելը հոգեբանը կարծես հիպնոսի միջոցով երազատեսին ժամանակի մեջ փորձում է տեղափոխել դեպի այն պահը, երբ տեղի է ունեցել ճակատագրական շեղումը նախասահմանված ուղուց։ Հետաքրքիր կերպով այստեղ հոգեբանն ու հոգեվերլուծության ենթարկվող անհատը միևնույն անձն են։
      Արվեստի մեծ գործը, ինչպես երազատեսությունը, իր ողջ համոզչությամբ հանդերձ, ինքն իրեն երբեք չի մեկնաբանում և երբեք չի ունենում միանշանակ բացատրություն. այն միայն ծնում է պատկեր, ինչպես բնությունն է բույս աճեցնում, իսկ մեզ իրավունք է տրվում այդ պատկերից մեր եզրահանագումները կատարել։
       Հեքիաթի սկզբում Էքզյուպերին նշում է իր կյանքի ուղու ամենամեծ բեկումը, որ եղավ 6 տարեկան հասակում, երբ մեծահասակները, տեսնելով իր առաջին ստեղծագործությունները, խորհուրդ տվեցին օձ չնկարել ո՛չ դրսի, ո՛չ էլ ներսի կողմից, այլ հետաքրքրվել աշխարհագրությամբ, պատմությամբ, թվաբանությամբ։ Այս փաստը չէր կարող աննկատ անցնել, այն իր խորը հետքը պիտի թողներ երեխայի սրտում։ Եվ անգամ 42 տարեկան հասակում էության խոր շերտերում դեռևս չսպիացած վերքի ցավը պիտի զգար. «Ահա ինչպես պատահեց, որ ես 6 տարեկան հասակում հրաժարվեցի նկարչի փայլուն ապագայից։ N1 և N2 նկարներով անհաջողության մատնվելուց հետո ես իմ նկատմամբ կորցրեցի հավատս» (6)։ Սա հոգևոր մի մեծ աղետ է, որն առօրյայում իր մասին չէր հիշեցնում։ Բայց անապատում հայտնված մարդուկի պահանջը՝ գառնուկ նկարի՛ր, պիտի նորոգեր կորստի ցավը։
      ՈՒստի, Յունգի այն դատողությունը, թե «Մանկան մոտիվը մեր մանկությունից մոռացված որոշակի փաստերի պատկերն է», արդեն տեսականորեն հիմնավորում է անապատում հատկապես մանկան հայտնվելը, որ պիտի հիշեցներ «նկարչի փայլուն ապագայի» ձախողման փաստը։
    Ամենախոր հուզմունքով իր մտահոգությունը Էքզյուպերին պատմում է «Մարդկանց երկիրը» գրքի վերջին լուսավոր ու տխուր էջում՝ բացատրելով, որ իրեն տանջողը յուրաքանչյուր մարդու մեջ սպանված Մոցարտն է, դառնությամբ հայտնաբերելով, որ մարդկանց համար լավագույն տեսակները հոգատարությամբ շրջապատող պարտիզպաններ չկան։
     Յունգը նկատում է. «Սպառնացող իրադրությունները, լինեն դրանք ֆիզիկական թե հոգեկան (դժվար չէ Էքզյուպերիի կյանքում երկուսն էլ տեսնել՝ և՛ հոգեկանը՝ հավատի կորուստը մանուկ հասակում, և՛ ֆիզիկականը՝ աղետի ենթարկվելն անապատում–Լ. Ավետիսյան), առաջ են բերում աֆեկտիվ երևակայություն, իսկ քանի որ այդպիսի իրադրությունները տիպական են, արդյունքում ձևավորվում են միանման արքետիպեր»։

          «Փոքրիկ իշխանը» հեքիաթում հայտնված մանուկը նույն իրադրության արդյունքն էր, որում ձևավորվել էր նաև միջնադարյան տաղերգուի տեսիլքի մանուկ արքան։ Իր նշանավոր՝ «Ոմանք չարախօսեն զինէն վասն նախանձու…» տաղում Կոստանդին Երզնկացին (1250-1320) նախ՝ ներկայացնում է իրեն շրջապատող թշնամական ու նախանձոտ միջավայրը, ապա՝ պատմում է իր տեսիլքը.

Երբ ես հնգետասան ամաց էի մանուկ տղայ,

Ի վանք յուսումն էի, և գիշեր մի տեսիլ տեսայ.

Մանուկ ի լուսեղեն յաթոռ նստել որպես արքայ,

Նման արեգական է գեղեցիկ, որ լոյս կու տայ։

 

Եղաւ յանկարծակի ինձ բան խօսիլ՝ ով ուզենայ,

Այնպէս, որ ես ի յիմ խօսից շարելն զարմացայ,

Սիրով ու մեծ յուսով ես այս բանիս ի փորձ մտայ,

Զհոգիս փոխան տուի, ւ'ապա ես այն հոգոյն հասայ։

 

      Ասվում է, որ երբ ինքը տասնհինգամյա պատանի էր և վանքում ուսում էր ստանում, մի գիշեր հայտնվել է տեսիլք. լուսեղեն աթոռին որպես արքա նստած էր մի մանուկ (պատանի)՝ նման արեգակին։ Եվ հանկարծ օժտվել է բանաստեղծելու ձիրքով, մեծ սիրով սկսել է գրել այս տաղը՝ իր հոգին փոխանակելով այն հոգու հետ։
     Ամեն մի պարգև ու շնորհ հատուցմամբ է տրվում. այդ են վկայում տաղի մեջբերված հատվածի վերջին՝ ընդգծված տողը և Փոքրիկ իշխանին տրված արկղը, որը նկարչական համրացած ունակությունները վերստանալու դիմաց տրված «փոխան»-հատուցումն էր։
    Կյանքում կայանալու, սեփական կոչումը գտնելու և կյանքի գերխնդիրը լուծելու մղումը մարդու մեջ մանկությունից են դրվում, բայց տարբեր են լինում այդ մղումն ու ձգտումը արթնացնող հանգամանքները։ Էքզյուպերիին մանկությունից ի վեր ողջ կյանքում ուղեկից դարձած տանջանքը պիտի «ծրագիր տար» անգիտակցական ոլորտին, որը տարիների ընթացքում թաքուն ու աննկատ պիտի փնտրեր ու գտներ խնդրի լուծումը։ Միլիոնավոր մարդկանց մեջ մենության զգացումը չպիտի լքեր նրան, և նա իր խոսակցի, իր անտես երկվորյակի, իր ներքին հոգեբանի ձայնը պիտի լսեր մարդկային բնակավայրերից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ անապատում։
      Բուն հեքիաթը սկսվում է հենց անապատում, Փոքրիկ իշխանի հետ անհավանական հանդիպումից։ Հետո դետալ առ դետալ վերականգնվում է անցյալը՝ ըստ Փոքրիկ իշխանի պատմությունների։
    Երբ ամեն կերպ փորձում ես ելք փնտրել ստեղծված իրավիճակից, որն անելանելի է ներկայանում, բանականությունդ հիշեցնում է, որ գոնե մեկ ելք կարելի է գտնել։ Բայց նույն բանականությունն էլ հրաժարվում է հավատալ դրան։ ՈՒ երբ միտքը առանց լուծում գտնելու երկար պտտվում է նույն խնդրի շուրջ, սկսում է գործել ուղեղի ինքնապաշտպանական հակազդումը, երբ ուղեղն ինքն իրենից աննկատ հեռացնում է բուն պրոբլեմը, սկսում է նույնիսկ անհեթեթ հարցեր առաջադրել ու դրանց պատասխանները փնտրել, անգամ հնարավոր է՝ որոշակի ժամանակ պահանջվի՝ վերհիշելու համար ծառացած հիմնական խնդիրը։ Դա անհրաժեշտ նահանջ է, որ կարող է հնարավորություն տալ գտնել լուծման կարճագույն ճանապարհը։
       «Առանց նախաբանի, նա այնպես միանգամից հարց տվեց, որ թվում էր, թե նման եզրակացության էր հանգել երկար ու լուռ մտորումներից հետո.

–Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղի՞կ էլ կուտի։

–Ինչ որ պատահի՝ կուտի։

–Նույնիսկ փշոտ ծաղիկնե՞րը…

–Նույնիսկ փշոտ ծաղիկները։

–Այդ դեպքում ինչի՞ համար են փշերը։

      Ես այդ չգիտեի։ Բացի դրանից, ես շատ զբաղված էի։ Շարժիչի մեջ մի հեղույս էր փչացել, և ես աշխատում էի այդ հեղույսը մի կերպ դուրս հանել։ Ես ինձ կորցրել էի. իմ դրությունը լրջանում էր. խմելու ջուր գրեթե չէր մնացել, և ես սկսում էի վախենալ, թե իմ հարկադրված վայրէջքը կարող է վատ վախճան ունենալ։
        –Ինչի՞ համար են փշերը։
    Փոքրիկ իշխանը մի անգամ որ հարց էր տալիս, էլ չէր հանգստանում, մինչև պատասխանը չստանար։ Չենթարկվող հեղույսն ինձ համբերությունից հանել էր, դրա համար էլ ես հենց այնպես պատասխանեցի.
       –Փշերը ոչ մի բանի էլ պետք չեն, ծաղիկները չարությունից են փուշ հանում։
     …Այդ պահին ես մտածում էի. «Եթե այս հեղույսը հիմա դուրս չգա, ես այնպես կխփեմ, որ ջարդ ու փշուր կլինի»։ Փոքրիկ իշխանը նորից իմ մտքերն ընդհատեց.

         –Իսկ դու կարծում ես, թե ծաղիկները…
         –Չէ՛, ես ոչինչ էլ չեմ կարծում։ Ես քեզ ասացի գլուխս եկած առաջին բանը… Չե՞ս տեսնում, որ լուրջ գործով եմ զբաղված։
          …
       –Մի՞թե կարևոր չէ, որ գառներն ու ծաղիկները կռվում են միմյանց դեմ։ Եվ եթե ես աշխարհում միայն մի ծաղիկ գիտեմ, որն աճում է իմ մոլորակի վրա, … իսկ փոքրիկ գառնուկը մի գեղեցիկ առավոտ հանկարծ կուտի այդ ծաղիկը և չի էլ հասկանա, թե ինչ է անում։ Սա, քո կարծիքով, կարևոր չէ՞։
       Նա հանկարծ սկսեց հեկեկալ։ Ես գործս թողեցի։ Ինձ համար արդեն ծիծաղելի էին այդ չարաբաստիկ հեղույսն ու մուրճը, ծարավն ու մահը…» (22-24)։
     Էությամբ զննող ու նուրբ հոգեբան լինելով՝ Էքզյուպերին տվել է հոգեբանական բոլոր անցումների ճշմարիտ պատկերը։
      Յունգը գրում է. «Մանուկը հնարավոր ապագան է։ Այդ պատճառով անհատի հոգեբանության մեջ այս մոտիվի ծագումը, որպես կանոն, վկայում է հետագա զարգացման նախազգացման մասին»։
         Չգիտեմ՝ ծանոթ եղել է արդյոք Էքզյուպերին շվեյցարացի մեծ հոգեվերլուծաբանի աշխատություններին, սակայն տպավորություն է ստեղծվում, թե իր հեքիաթը կառուցել է ըստ նրա տեսության։ Իհարկե, ասածս անհեթեթություն է, որովհետև գործնականում հնարավոր է, ասենք, տաղաչափության օրենքներն ուսումնասիրելով՝ ոտանավոր ստեղծել, բայց արվեստի մնայուն ու բազմախորհուրդ արժեք՝ անհնար է։ Պարզապես Էքզյուպերիի փոքրիկ հերոսը անվերապահորեն հաստատում է Յունգի տեսությունը. նա ինքն է ուղղորդում, առաջնորդում, հետագա անելիքը հուշում։ Փոքրիկը ոչ միայն կանխատեսում է ապագան, կամ կռահում է միտքը, այլև ստիպում է այն իրագործել։ Օրինակ՝ «…Ես սա բարձրաձայն չասացի, այլ միայն մտածեցի։ Բայց Փոքրիկ իշխանը նայեց ինձ ու շշնջաց.

–Ես էլ եմ ուզում խմել… գնանք՝ ջրհոր փնտրենք…» (67)։
Կամ՝ «…Նա ասաց.
        –Ես շատ ուրախ եմ, որ դու գտար մեքենայիդ վթարի պատճառը։ Հիմա դու կարող ես վերադառնալ տուն։
        –Դու այդ որտեղի՞ց գիտես» (73)։

       Փոքրիկ իշխանի թողած առաջին տպավորությունը, որ ներկայացնում է Էքզյուպերին, թույլ է տալիս մի պահ ենթադրել, որ այս գիրքը ոչ թե գեղարվեստական հեքիաթ է, անսպառ երևակայության արդյունք, այլ մի պատում՝ անապատում այցելած տեսիլքի կամ երազի, որում հանկարծ մանուկ է հայտնվել։ «Նայեցի շուրջս և տեսա մի տարօրինակ փոքրիկ մարդուկ, որ կանգնել ու լրջորեն նայում էր ինձ»… «Ես աչքերս լայն բաց արած նայում էի այդ անսովոր երևույթին։ Չմոռանանք, որ ես մարդկային բնակավայրերից հազարավոր կիլոմետրեր հեռու էի գտնվում։ Բացի դրանից, բոլորովին չէր երևում, թե այդ պստիկ տղան մոլորվել է, մահու չափ հոգնած է ու վախեցած, կամ քաղցից ու ծարավից մեռնում է։ Նրա տեսքից հնարավոր չէր ասել, որ դա ամեն տեսակ մարդկային բնակավայրերից հեռու, անմարդաբնակ անապատում մոլորված երեխա է…» (8)։
  Եթե հեքիաթը քննենք որպես գեղարվեստական ստեղծագործություն, որում այս կամ այն կերպ հեղինակի կենսագրության կամ հոգեբանության հայտածումը կա, ապա հեքիաթային դիպվածը կարելի է համարել սեփական մանկության այլաբանության հետ հեղինակի երևակայական հանդիպում, կամ՝ հանդիպում իրական երեխայի հետ, որը հեքիաթում գործում է որպես մանկության ամենատարողունակ սիմվոլ։ Այսպիսի քննությունը նույնպես հիմնավորված, բայց միամակարդակ ու միակողմանի կլինի։ Մինչդեռ հոգեբանական իրականության մեջ մանկան գաղափարը ծառայում է որպես ճշգրիտ որոշակիացման չենթարկվող հոգեկան փաստի արտահայտչամիջոց։
      Մանկան արքետիպի մասին խոսելով՝ Յունգը նշում է, որ քանի որ մանուկը վերին ուժերի կողմից է պարգևված, նա, հակառակ բոլոր սպասելիքների, հաղթահարում է վտանգները։ Մանուկը դուրս է եկել անգիտակցականի արգանդից, մարդկային էության խորքից, կամ, ավելի շուտ, կենդանի Բնությունից։ Նա մեր գիտակցության սահմանափակ տարածությունից դուրս գտնվող կենսական ուժերի մարմնավորումն է, նա միաբևեռ գիտակցությանն անտեսանելի ուղիների ու հնարավորությունների կերպարանավորումն է։ Մանուկը Բնության խորքային սկիզբների ամբողջականության սիմվոլն է։ Նա յուրաքանչյուրին բնորոշ ինքնաիրականացման ամենաուժգին, անհաղթահարելի ցանկության անձնավորումն է։ Նրա մեջ դրված է, եթե կարելի է այդպես արտահայտել, այլ կերպ վարվելու անընդունակությունը, որը զինված է բնության բոլոր ուժերով ու բնազդներով՝ որպես հակակշիռ գիտակցությանը, որն անառարկելիորեն դառնում է այլ կերպ վարվելու իր թվացյալ ընդունակության զոհը։
       Անապատում հայտնվելն ու տեսիլքը միայն հեքիաթի եղելությունները չեն։ Սենտ-Էքզյուպերիի կյանքի հայտնի դրվագներից էր անապատում վթարի ենթարկվելը, իսկ անապատում հայտնվածին կարող են ուղեկցել միրաժները։ Տեսիլքային ապրումը, ըստ Յունգի, կոլեկտիվ անգիտակցականի ձևերից է։ Գիտակցության մթագնման ժամանակ (երազ, հոգեկան հիվանդություն և այլն) մակերևույթին հայտնվում են հոգեկան կերպավորումներ, որոնք իրենց վրա են կրում նախամարդու հոգեկան վիճակի բոլոր նախանշանները, ընդ որում՝ ոչ միայն ձևով, այլև իմաստային բովանդակությամբ, որ երբեմն ստիպում է մտածել, թե մեր առջև գաղտնի վարդապետության դրվագներ են։ Այստեղ անպայմանորեն գործում է միֆը։
        Միֆական իրականության մեջ ֆիգուրների հասակը ոչ մի առնչություն չունի կենսաբանական հասակի հետ։ Առասպելում մանուկը, պատանին կամ ծերունին չեն գտնվում կյանքի տվյալ փուլում, նրանց կերպարում արտացոլվում է աստծո էությունը։ Հենց աստծո հավերժական բնույթը բացառում է ցանկացած կապ կենսագրության հետ։ Առասպելաբանությունները, հատկապես այն միֆերը, որոնցում ներկայացվում է առաջին ծնունդը, «ավետում են ոչ թե ինչ-որ մարդկային էակի հայտնությունը, այլ ծնունդը աստվածային Տիեզերքի կամ համապարփակ Աստծո»։
      «Կյանքը շարժումն է դեպի ապագա։ Այդ իսկ պատճառով հասկանալի է, թե ինչու միֆոլոգիական փրկչի դերում այնքան հաճախ հանդես են գալիս աստվածամանուկները։ … «Մանուկը» նշում է անձի գալիք փոփոխությունների ուղին։ Անհատականացման պրոցեսում անձը նախապատրաստում է մի կերպար, որ առաջ է գալիս իր գիտակցական ու անգիտակցական տարրերի համադրման արդյունքում։ Այլ խոսքով, այդ խորհրդանշանը միավորում է հակադրությունները, ամոքիչ միջնորդ է, նա արարում է ամբողջականությունը»։
      Մեր տարբերակված գիտակցությանն անընդհատ սպառնում է սեփական արմատներից կտրվելու վտանգը, այդ պատճառով այն կոնպենսացիայի կարիք ունի, ինչը կարող է տալ դեռևս գոյություն ունեցող մանկությունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարդն ունի սեփական արմատներից իրեն հեռացնելու զարգացած ունակություն, կարելի է համոզված ասել, որ նա իր վտանգավոր միակողմանիությամբ և անքննադատությամբ կարող է ներքաշվել աղետի մեջ։
      «Անպաշտպան լինելը, լքվածությունը, վտանգների ենթակա լինելը և այլն, բոլոր այս հասկացությունները վերաբերում են մանկան ակունքներին և նրա գաղտնի ու հրաշալի ծնունդին։ Դրանք բնութագրում են որոշակի ստեղծագործական բնույթի հոգեկան փորձ, որի արդյունքը նոր ու մինչ այդ անհայտ բովանդակության ծագումն է։ Այդպիսի պահերի մարդու հոգեբանության մեջ ստեղծվում է կոնֆլիկտային իրավիճակ, որ անելանելի է ներկայանում, համենայն դեպս, գիտակցության համար։ Բայց այդ հակադրությունների կոնֆլիկտը անգիտակցականին թույլ է տալիս ստեղծել մի երրորդը՝ իր բնույթով իռացիոնալը, այնպիսինը, որ չի սպասում ու չի հասկանում գիտակցականը, որովհետև այն ո՛չ միանշանակ «այո» է, ո՛չ էլ «ոչ», և երկուսի կողմից էլ մերժվում է։ Չէ՞ որ գիտակցականին հայտնի չէ մի այնպիսի բան, որ դուրս լինի հակադրությունների շրջանակից և կարողանա դրանք միավորել։ Բայց քանի որ կոնֆլիկտը լուծել հնարավոր է հակադրությունների միավորման ճանապարհով (հենց դրան է ձգտում գիտակցականը), ուրեմն՝ այստեղ ակնարկվում է ստեղծագործական ակտը և նրա նշանակությունը։ Նշանակալից, բայց անհայտ բովանդակությունը միշտ կախարդում է գիտակցական միտքը։ Նոր ուրվագիծը ծնվող ամբողջականությունն է։ Այդ պատճառով բոլոր միավորող սիմվոլների իմաստը կապված է փրկության հետ։ Իսկ «մանուկը» ծագում է որպես սիմվոլիկ բովանդակություն՝ հստակ առանձնացված կամ նույնիսկ մեկուսացված իր ակունքից (մորից)»։
       Կրոններն իրենց հիմքում հենց այսպիսի սիմվոլներ են հաստատում՝ սկսած հնագույն ազգերի դիցարաններից մինչև համաշխարհային կրոնները։ Աստվածամանուկները ծնվում են ու շատ շուտով լքվում ծնողների, կամ՝ գոնե հոր կողմից (Ապոլոն, Հերմես, Հեփեստոս, Դիոնիսոս)։
        Հաճախ նրանց չեն ընդունում աստվածները, նրանք որբ են ու անտուն, բայց միաժամանակ այս աշխարհը նրանց տունն է։ «Ինձ միշտ թվում է, թե իմ տանն եմ»,– ասում է Փոքրիկ իշխանը (21)։
   Հայկական դիցարանում հրաշալի ու անբնական էր Վահագնի ծնունդը, այդ մանուկը փրկություն բերող Վիշապաքաղն էր»[*]։
      Հրաշալի էր նաև Հիսուսի ծնունդը, բայց ավելի հետաքրքիր է այն հանգամանքը, որ թեև Հիսուսի մանկության մասին Ավետարանը գրեթե չի խոսում, մանավանդ որ նրա գործունեությունն ուշ է սկսվում՝ երեսուներեք տարեկան հասակում, սակայն զարմանալիորեն արվեստի բոլոր բնագավառներում հաճախ նա ներկայացվում է մանուկ հասակում, հատկապես՝ Վերածննդի շրջանի գեղանկարչության մեջ։ Դարձյալ կենսունակ է մանկան արքետիպը՝ որպես միավորող սիմվոլ, որպես ծնվող ամբողջականություն։
      Նա գալով անհայտ մի աշխարհից՝ կողմ չէր իրականության մեջ առկա հակադիր ոչ մի կողմին. չարդարացնելով մեղավոր կնոջը՝ չդատապարտեց նրան, չմերժելով Մովսեսի օրենքը՝ չհաստատեց։ Այդպիսով՝ նա յուրաքանչյուր մարդու ներքին հակասությունը լուծելու համար ուղարկված ֆիգուր է՝ միֆոլոգիական փրկիչ, իռացիոնալ մի կերպար, որը հավիտենական է և կա մարդկության ծննդից ի վեր։ Բայց հակադրությունները սինթեզելու իր մեծ գործը կատարելուց հետո այդ իռացիոնալ ֆիգուրը պիտի մեռնի, որպեսզի գիտակցությունն իր բնական ընթացքը ստանա (այլ կերպ չի լինում)։
    «Մարդու մեջ հավերժամանուկը ինչ-որ հուզմունք անհանգստություն է, որն անհնար է նկարագրել, ներքին մի խոչընդոտ, միաժամանակ՝ աստվածային նախանշան։ Այն ինչ-որ անորսալի մի բան է, բայց որը որոշում է անձի վերջնական արժեքը կամ ոչնչությունը»։
    «Ամենը, ինչ մարդ պիտի լինի, բայց չի կարողանում, ամենը, ինչ պիտի անի, բայց անկարող է, շարունակում է ապրել նրա գիտակցության կողքին՝ որպես միֆոլոգիական ֆիգուր և նախազգացման կրոնական պրոյեկցիա, ինչն ավելի վտանգավոր է, քան անգիտակցական բովանդակությունը»։
   Վերադառնալով Փոքրիկ իշխանի հետ հանդիպման պահի՝ շփոթմունք ու ապշանք արտահայտող նկարագրությանը, ապա՝ նաև Փոքրիկ իշխանի ամենալավ «դիմանկարին», կարելի է ասել, որ դրանք հիմք են տալիս ենթադրելու, որ Փոքրիկ իշխանը աստվածային էակ է, մեկն այն առասպելական հերոսներից, որոնց ոչ թե մարդկությունը ստեղծել է երևակայությամբ, այլ զարմանքով է դիմավորել նրանց ծագումը իր էության մութ ու անհայտ խորքերից՝ նման այն կայծքարին, որի ներսում քնած կայծը կարող է արթնանալ հարվածից՝ ամեն անգամ կերպավորելով հրաշքը։
       «Միֆոլոգիական կերպարի ալեգորիկ նշանակությունը, ինչպիսին բոլոր աստվածամանուկների հավերժական կերպարն ու բնության երևույթների ալեգորիկ նշանակությունն են (արևի ծագում, մանկան ծնունդ), փոխկապակցված են և հավասարարժեք։ Հավերժամանուկը ծագող արևի և, միևնույն ժամանակ, նորածնի այլաբանությունն է։ Ներկայացնելով մեզ երկու կերպարներ՝ ծագող արևի և միֆոլոգիական երեխայի, աշխարհն ինքն է պատմում իր ծագումը, ծնունդն ու մանկությունը»։

Մուտք    Ա    Բ    Գ    Դ    Ե

Կարդալ կամ Լսել հեքիաթը

Категория: Հավերժամանուկը |
Просмотров: 9144 Добавил: © Լուսինէ Աւետիսեան (26.10.2014) | Рейтинг: 5.0/1 | Комментарии: 3
Всего комментариев: 1
1 TravelerGet  
0
Wonderful internet site! It looks extremely expert! Keep up great job! Have a look at too my web page!

https://www.mistralbg.com/pochivki-turcia/antalia-lara почивка в турция със самолет септември

ptmis+

Имя *:
Email *:
Код *:
Сделать бесплатный сайт с uCoz