Մուտք Ա Բ Գ Դ Ե Կարդալ կամ Լսել հեքիաթը
Քաղաքակրթող կամ մշակութային հերոսը միֆական մի կերպար է, ով ձեռք է բերում կամ առաջինն է ստեղծում մարդկանց համար մշակույթի տարբեր առարկաներ (կրակ, մշակովի բույսեր, աշխատանքային գործիքներ), սովորեցնում է որսորդություն, տարբեր արհեստներ, արվեստներ, մտցնում է որոշակի հասարակական կազմակերպվածություն, ծեսեր ու տոներ։ Նրան վերագրվում է նաև մասնակցություն աշխարհաշինությանը՝ նախասկզբնական օվկիանոսից հողի դուրս բերում, երկնային լուսատուների տեղադրում, ցերեկվա ու գիշերվա հերթափոխի կարգավորում և այլն։ Մշակ հերոսի հնագույն գծեր կան տարբեր աստվածների մեջ։
Հեքիաթում Փոքրիկ իշխան–Հերմես–աղվես նույնականությունը շուտով ենթարկվում է կերպարանափոխության. աղվեսն սկսում է խոսել ծիսակատարության մասին, հինգշաբթի օրվա մասին, երբ որսորդներն սկսում են պարել գյուղի աղջիկների հետ, այդ օրերին իր զբոսանքի մասին, երբ հասնում է մինչև խաղողի այգիները. «Եթե որսորդները պարեին, երբ խելքներին փչեր, բոլոր օրերը միանման կլինեին, և ես երբեք չէի հանգստանա» (63)։
Մինչ կերպարանափոխության մասին միտքը շարունակելը ուզում եմ հիշել, որ այն երկիրը, որտեղ ծնվել ու ապրել է Էքզյուպերին, խաղողի մշակման ու գինեգործության հարուստ ավանդույթներ ունի, և հեքիաթում այգիների մասին հպանցիկ ակնարկը կարելի է հայրենի բնության ու կենցաղի թեթև վրձնահարվածը համարել։ Սակայն հետաքրքիրն այն է, որ չորսուկես տարեկան հասակում Անտուանի կարդացած առաջին գիրքը մի բրոշյուր էր՝ գինեգործության վերաբերյալ, որ գտել էր մի հին սնդուկում։ Ոչինչ չհասկանալով՝ կարդացել էր այն սկզբից մինչև վերջ՝ «հիանալով յուրաքանչյուր բառով»։
Խաղողը, պարը, ծիսակատարությունը հիշեցնում են Բակխանալիան, որ Բաքոսի (Դիոնիսոս) պատվին կատարվող տոնախմբություն էր։ Դիոնիսոսի երթերին մասնակցում էին կանայք՝ բաղեղից պսակներ կապած, վայրի գազանների մորթիներ հագած։ Նրա պատվին հաստատված ծեսերն ուղեկցվում էին հնագույն կախարդական վերազգեստավորման սովորույթներով, որտեղից սկզբնավորվել է հունական թատրոնը*։ *Աթենքում Դիոնիսոսի տոնախմբությունների ժամանակ ելույթ էին ունենում այծենի հագած երգիչների խմբերը, կատարում հատուկ հիմներ-դիփերամբոսներ, որոնցից հետագայում առաջացավ տրա֊գեդիան։ «Տրագեդիա» բառը կարելի է բացատրել իբրև «այծերի երգ» («տրագոս»՝ այծ, «օդե»՝ երգ)։ Իսկ գյուղական տոնա֊խմբություններում Դիոնիսոսի պատվին կատարում էին կատա֊կի բնույթ կրող երգեր, որոնցից առաջ է եկել կոմեդիան, որ բա֊ռացի նշանակում է «գյուղական երգ» («կոմոս»՝ գյուղ, «օդե»՝ երգ)։ Հիշենք հայկական բանահյուսության կատակերգերը, որոնց հիմ֊նական կերպարը աղվեսն էր՝ գյուղական կոլորիտում, և որոն֊ք երգվում էին չարաճճի ու խորամանկ այդ գազանիկի հանդեպ ներողամտությամբ ու սիրով։ Դիոնիսոսն ամենուր մարդկանց գինեգործություն է սովորեցրել։ Նրա կրոնը պարզունակ ու ժողովրդական բնույթ է կրել։
Եվ այսպես՝ աղվեսը հեքիաթի «դիմակահանդեսում» ծպտված Դիոնիսոս-Բաքոսն է, և մատնանշում է վերջինիս տոտեմական ծագումը։ Դիոնիսոսին, սովորաբար, պատկերել են որպես գեղեցիկ, փափկասուն պատանի, երբեմն նույնիսկ՝ որպես մանուկ՝ Հերմեսի ձեռքին։
Դիոնիսոսի պաշտամունքը ևս, ինչպես Հերմեսինը, միստերիաների բնույթ է ունեցել, որին կարող էին մասնակցել հաղորդվածները միայն։
Աղվեսի «միստերիային» մասնակցելու համար Փոքրիկ իշխանը պիտի «հաղորդություն» ստանար. պիտի ընտելացներ նրան։
Դիոնիսոսի պաշտամունքը դառնում է պետական կրոն՝ խաղողագործության զարգացմանը զուգընթաց։ Դիոնիսոսն ընդունվում է նաև որպես բուսականության աստվածություն՝ մեռնող և հարություն առնող բնության աստված։
Հետաքրքիր կերպով ժողովուրդը, առաջին հայացքից՝ անհամատեղելի, աղվեսի ու խաղողի կապն է ստեղծել հետևյալ առածում. «Աղվեսի դունչը չհասավ խաղողին, ասաց՝ խակ է» (ժողովրդական)։
Հյուսիսարևելյան Ասիայում գոյություն ունեն աղվեսին ագռավի, մշակ հերոսի, աշխարհն ստեղծողի, արևը, լուսինը, աստղերն ու երկիրը արարողի հետ կապող սյուժեներ։
Հեքիաթում աղվեսի կերպարն ունի քաղաքակրթող հերոսի ստվերագծեր։ Նա է սովորեցնում, որ պետք է ընտելացնել, նա է բացատրում, թե ինչ է ծիսակատարությունը։
Ֆրանսիացի ստրուկտուրալիստ Լևի-Սթրոսը միֆը համարում է նախաստեղծ տրամաբանության գործիքը, որը հակադրություններից ելք էր փնտրում՝ մուտքագրելով «միջնորդի» ընթացիկ ֆիգուրը։ Ըստ նրա՝ այդպիսի մի ընթացիկ ֆիգուր է մշակ հերոսը։ Նրա կարծիքով՝ ագռավն ու կոյոտը ընտրված են որպես քաղաքակրթող հերոսներ, որովհետև նրանք սնվում են մնացորդներով (իրենք չեն որսում) և այդպիսով հաղթահարում են հակադրությունը բուսակերության ու մսակերության, որսորդության ու երկրագործության, վերջապես՝ կյանքի ու մահվան միջև։
Լևի-Սթրոսի տեսական մտքի հիմնավորումն էլ գտնում ենք հեքիաթում։ Աղվեսը պատմում է, որ իր կյանքը ձանձրալի է. ինքը հավ է որսում, մարդիկ՝ իրեն։ Բայց եթե Իշխանն իրեն ընտելացնի, իր կյանքը կլուսավորվի։ «Նայի՛ր… Տեսնո՞ւմ ես այնտեղ՝ արտերի մեջ հասնում է ցորենը։ Ես հաց չեմ ուտում։ Հասկերն ինձ պետք չեն։ Ցորենի արտերն ինձ ոչինչ չեն հիշեցնում։ Եվ դա շատ տխուր բան է։ Բայց դու ոսկե մազեր ունես։ Եվ ինչքան լավ կլինի, որ դու ինձ ընտելացնես։ Ոսկե ցորենը կհիշեցնի ինձ քո մասին։ Եվ ես կսկսեմ սիրել քամուց օրորվող հասկերի շրշյունը…»(60)։
Աղվեսի խոսքում պարզ մի համեմատություն կա, որի ակունքներն իրականում պետք է փնտրել դարձյալ միֆական խորքերում։ Պատահական չէ Փոքրիկ իշխանի ոսկե մազերի համեմատությունը քամուց օրորվող հասկերի հետ։ Մի շարք ավանդություններում տարածված է այն պատկերացումը, որ խոտը (հասկը՝ որպես խոտի մասնավոր դեպք) մազերն են ինչ-որ նախաստեղծ մարդու, որի մարմնի տարբեր մասերից է գոյացել երկիրը կամ Տիեզերքը։
Մետաղի դարաշրջանի արշալույսին մշակութային հերոսը հանդես է գալիս հրաշալի դարբնի կերպարանքով, ինչպես հունական դիցարանի Հեփեստոսը (նախորդ գլխում արդեն խոսվել է դարբնության աստծո հետ Փոքրիկ իշխանի կերպարի կապի մասին, ինչի անմիջական հուշումը տալիս են Իշխանի հրաբուխները)։
Շատ քաղաքակրթող հերոսների կենդանակերպությունը, կենդանական անունները կամ կենդանական ատրիբուտները բացատրվում են նրանց տոտեմական ծագմամբ, տոտեմական նախնու հետ ունեցած նրանց կապով։
Մշակ հերոսը երբեմն հանդես է գալիս որպես բնության տարերային, քաոսային ուժերի դեմ մարտնչող կերպար, որոնք, մարմնավորված որպես հրեշներ կամ խթոնիկ դևեր, փորձում են խախտել ընդունված կարգը։ «Փոքրիկ իշխանը» հեքիաթում որպես բնության քաոսային, տարերային ուժ է ներկայանում բաոբաբը։ Փոքրիկ հերոսին անհանգստացնող հարցերից մեկն այն էր, թե գառնուկները թփեր ուտում են, և եթե՝ այո, ուրեմն՝ բաոբաբներ էլ կուտեն։
Հետաքրքիր կերպով բաոբաբները զուգադրվում են միևնույն տարերքը խորհրդանշող հողածին հրեշների՝ օձի, վիշապի, ցուլի հետ և դառնում նրանց հեքիաթային վերամարմնավորումը։ Իսկ վիշապաքաղ Վահագնի ու Միհրի առասպելական ակունքներից ծնված գառնուկ (խոյ)-Փոքրիկ իշխանը ներկայանում է որպես այդ «վիշապների» դեմ պայքարող փրկարար ուժ։ Ի դեպ, օձի խթոնիկ բնույթը արտացոլված է շատ ազգերի լեզվամտածողության մեջ և պարզորոշ ներկայանում է նրանց լեզուներում «հող» բառից «օձ» բառի ծագման փաստով, ինչպես, օրինակ, ռուսերենում՝ «земля»–«змея»*։ *Աշխարհայացքների, կրոնների ու գաղափարախոսությունների տարբերությունները երևում են համապարփակ սիմվոլներում. դրանք ամփոփում են ազգի ամենահատկանշական գծերը։ Հայկական առասպելները, վիպասանքը, էպոսը ի հայտ են բերում դյուցազունների, կիսաստվածների ու հերոսների, որոնք միշտ պատերազմում են օձի կերպարանքով մարմնավորված թշնամիների դեմ։ Մասիսից դեպի արևելք բնակվող մարական ծագում ունեցող ցեղի տոտեմը՝ նրանց պաշտած կենդանին, Դահակն էր, որի անունով ցեղն իրեն կոչել էր Աժդահակի զարմ («աժ» նշանակում է օձ)։ Վիպասանքում Տիգրանը կռվում է Աժդահակի դեմ այնպես, ինչպես Վահագնը՝ վիշապների։ Արաբերեն «օսման» բառը, որ օսմանյան ցեղի նախահոր անունն է, նշանակում է «օձի ձագ» (օձմանուկ)։
Բաոբաբի սերմերով վարակված է ամբողջ մոլորակը, և եթե ժամանակին չճանաչես նրա ծիլը, հետո նրանից չես ազատվի։ Պարզ երևում է ոչ միայն վիշապամարտիկ ամպրոպածին հերոսը, այլև մարդկանց երկրագործության գաղտնիքները բացող մշակ նախնին։ «Այստեղ մի հաստատուն կարգ կա։ Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է տեղն ու տեղը կարգի բերես նաև քո մոլորակը։ Հենց որ կարողացար բաոբաբի ծիլերը տարբերել վարդի թփերից, պետք է անմիջապես դրանք արմատախիլ անես։ Վարդի ու բաոբաբի մատղաշ ծիլերը շատ են իրար նմանվում։ Դա շատ ձանձրալի աշխատանք է, բայց բոլորովին դժվար չէ»։
«Մի անգամ նա ինձ խորհուրդ տվեց, որ ես աշխատեմ մի այնպիսի նկար նկարել, որ մեզ մոտ էլ երեխաներն այդ բանը լավ հասկանան» (18)։
Դժվար չէ նկատել, որ տեքստն ինքը մաքուր միֆ է, եթե անգամ, ինչպես երևում է, ենթատեքստը սլաքն ուղղում է դեպի ներաշխարհ՝ չարի ու բարու հնագույն կռիվը տեղափոխելով այնտեղ և վերածվելով մի տեսակ բարոյագիտական խրատի։
Դժվար չէ նաև տարորոշել Հիսուսի վարդապետության առանցքային գաղափարները, որ այնքան բյուրեղացած են նրա պատմած առակներում (այգու մշակների, մոլախոտի, տաղանդների, թզենու, ցորենի սերմի, մանանեխի հատիկի և այլ առակներ), որոնք ամենից հաճախ կապվում են հողագործության հետ։
Առակը, որ կարևոր դեր էր կատարում Հիսուսի քարոզչության մեջ, գործածվում է նաև այս հեքիաթում, Փոքրիկ իշխանը խոսում է Հիսուսի ոճով։ Նա մեկ պատմում է ծույլ մարդու առակը. «Ես մի մոլորակ գիտեի, որի վրա մի ծույլ մարդ էր ապրում։ Նա բաոբաբի 3 թուփ ժամանակին չքաղհանեց, և…» (19), մեկ՝ լուրջ մարդու առակը. «Ես մի մոլորակ գիտեմ, որի վրա մի կարմրադեմ պարոն է ապրում։ Նա իր ամբողջ կյանքում ծաղկից հոտ չի քաշել։ Ոչ մի անգամ աստղերին չի նայել։ Նա երբեք և ոչ ոքի չի սիրել։ Եվ երբեք նա ոչինչ չի արել։ Նա միայն մի գործով է զբաղված՝ թվեր է գումարում։ Եվ առավոտից մինչև գիշեր մի բան է կրկնում. «Ես լուրջ մարդ եմ, ես լուրջ մարդ եմ»…» (23)։ Փոքրիկ իշխանը այս եղանակով դանդաղ կռվում է հեղինակի ներսի վիշապօձի դեմ, բաոբաբի դեմ, որ սպառնում է աշխարհը կործանել, և տապալում է այն։ Քայլ առ քայլ Սենտ-Էքզյուպերիի լուրջ գործը կորցնում է իր կարևորությունը, հետզհետե մեքենայի խափանված շարժիչի և զարմանալի փոքրիկի անհանգստացնող ներկայության ստեղծած երկնժար իրավիճակ-հոգեվիճակի ծանրության կենտրոնը տեղափոխվում է աստվածամանուկի՝ այլընտրանք չընդունող իրականություն, որի մեջ հեղինակը գտնում է իր կորցրած ներդաշնակությունը։ Փոքրիկ իշխանի կռիվը ինքնատիպ է։ Նրա արցունքներն անգամ, որոնք հաճախ են ընկալվում որպես թուլության նշան, պայքարի մի միջոց են, որոնց առջև իմաստազրկվում ու չքանում են առօրյայի բոլոր կարևոր թվացող դեպքերը։
Մարդկային աշխարհի պաշտպանությունը դևերից ու հրեշներից քաղաքակրթող հերոսի կարևորագույն հոգսն է։ Այդպես է ներկայանում նաև բաոբաբների դեմ հավերժորեն պայքարող Իշխանը։ Նրանք այնքան են վտանգավոր, որ եթե մոլորակը փոքրիկ է, իսկ բաոբաբները՝ շատ, նրանք մոլորակը կտոր-կտոր կանեն։ Սա ամենօրյա աշխատանք է պահանջում և ոգու ուժ։
Ֆիննական էպոսում շամանների նախահայրը՝ Վյայնյամեյնեն, աշխարհագոյացման ժամանակ ելնում է օվկիանոսից և հանդիպում մի հրաշամանուկի՝ Սամփսին (որ էտրուսկյան Տագեսի* անալոգն է)։ Սա մի փոքրիկ տղա է, որ հերկում է հողն ու սերմեր շաղում։ Այս հրաշամանուկի կողմից հողում տնկված ծառերի մեջ կա մի կաղնի, որ պիտի բարձրանա դեպի երկինք և իր ճյուղերով ծածկի արևը։ Որպեսզի այդ բանը թույլ չտա, Վյայնյամեյնեն դիմում է ջրերի զորությանը։
* Տագեսը (Տագետ) էտրուսկյան աստվածություն է, մի իմաստուն հրաշամանուկ, որին հանկարծ տեսել է հողագործը, երբ նա դուրս է ցատկել հողի ակոսից։ Տագեսը մարդկանց սովորեցրել է գուշակության արվեստն ու անհետացել։
Եվ ջրերից բարձրանում է հսկայի կառուցվածքով, բայց շատ փոքր մարդուկը, որի ուժերին չի հավատում Վյայնյամեյնեն՝ ասելով, թե նա ստեղծված չէ չար ծառն արմատախիլ անելու համար։ Այդ լսելով՝ ծովային մանկիկը վերածվում է հսկայի, մոտենում է կաղնուն և երեք հզոր հարվածով գետնին տապալում այն՝ բացելով երկինքը, ազատելով արևն ու լուսինը։
Նման մի կերպար է հնդկական դիցարանի Նարայանան, որ աշխարհն ազատելու համար, կացինն առած, գնում է տապալելու արևի ճամփան փակող և աշխարհը կործանել սպառնացող հսկա ծառը։
Անկասկած, Փոքրիկ իշխանի ազգակցական կապը բոլոր նշված միֆական կերպարների հետ հաստատվում է հեքիաթում, որը կարելի է կարդալ որպես հին առասպելախառն վեպի գեղարվեստական մի պատում։ Հավաստի է հնչում այն, ինչ պատմվում է անտեղ, գեղեցիկ են հնչում բոլոր ճշմարտությունները, որ ասվում են հերոսների շուրթերով, ակամա տրվում ես այլաբանությունների հմայքին ու հանկարծ սարսուռով հայտնաբերում, որ ամենամեծ ճշմարտությունները այլաբանություն են թվում։
«Ես նրան այնպես էի գրկել, կարծես նա փոքր երեխա էր, սակայն ինձ այնպես էր թվում, թե նա սահում է իմ գրկից, ընկնում է անդունդը և ես, միևնույն է, ուժ չունեմ նրան պահելու» (74)։
Հեքիաթն իր ներքին կառուցվածքով նման է Ավետարանին։ Երկու գործերում խորհրդավոր մի պահ կա. ուրիշ աշխարհից եկած երկու կերպարներն էլ՝ և՛ Քրիստոսը, և՛ Իշխանը, խոսում են հանգուցալուծման համար նախատեսված կերպարների հետ՝ Հուդայի և օձի։ Քրիստոսն զգուշացնում է, որ Հուդան շտապի անել այն, ինչ պիտի աներ։ Նույն պայմանավորվածությունը կա հեքիաթում. «Դե, իհարկե, դու իմ հետքերը ավազի վրա կգտնես ու ինձ կսպասես։ Այս գիշեր ես այնտեղ կգամ, իսկ հիմա գնա՛» (73)։
Անգամ Քրիստոսի կասկածի ու վարանումի ամենամարդկային ակնթարթը կա հեքիաթում արտացոլված. «Դու ինձ հո չես ստիպի, որ երկար տանջվեմ» («Հա՛յր, եթե կարելի է, հեռու վանիր այս գավաթն ինձանից»)։
Հեքիաթի վերջում՝ նախքան վերջին քայլը կատարելը, Փոքրիկ իշխանը խոսում է այնպես, ինչպես Քրիստոսը, որ աշակերտներին ասում էր, թե խնդրելու է Հորը, որ ուրիշ մխիթարիչ տա նրանց, որպեսզի հավիտյան բնակվի նրանց հետ ու նրանց մեջ։ Ճշմարտության հոգին, որ այս աշխարհը չի կարող ընդունել, որովհետև չի տեսնում այն ու չի կարող ճանաչել։
Իր փոքրիկ «ավետարանն» այսպես է ավարտում Փոքրիկ իշխանը. «Եվ երբ դու մխիթարվես (վերջիվերջո, բոլորն էլ մխիթարվում են), ուրախ կլինես, որ ինձ ճանաչել ես երբևէ։ Դու միշտ իմ բարեկամը կլինես։ Դու կուզենաս ինձ հետ ծիծաղել։ Երբեմն, ա՛յ այսպես, պատուհանդ կբացես, ու քեզ համար հաճելի կլինի… Եվ քո բարեկամները կզարմանան, երբ տեսնեն, որ նայում ես երկնքին ու ծիծաղում… Կարծես աստղերի փոխարեն ես քեզ բազմաթիվ ծիծաղող զանգակներ եմ նվիրել…»(76)։
Վերջ
Մուտք Ա Բ Գ Դ Ե | Կարդալ կամ Լսել հեքիաթը
Категория:
Հավերժամանուկը |
|