Գլխաւոր » Յօդուածներ » Իմ յօդուածները » Հավերժամանուկը

Բ. Թիվը որպես երևակայության ֆիգուր

Մուտք    Ա    Բ    Գ    Դ    Ե                                          Կարդալ կամ Լսել հեքիաթը

    Խորհրդավոր է մարդկային կյանքը։ Բոլոր գիտությունները յուրովի փորձում են համակարգել նրա օրինաչափությունները և գտնել բանական բացատրություններ նրա առեղծվածներին, բայց այդ զարմանահրաշ երևույթը մնում է անսահմանելի։
        Առեղծվածային երևույթներից մեկն էլ, թերևս, որևէ թվի տևական ներգործությունն է մարդու կյանքի ընթացքի վրա՝ որպես ճակատագրի ազդանշան։
    Ամեն մարդ, չգիտես թե ինչու, ունի իր սիրած թիվը, և ինքն էլ չի նկատում, թե ինչպես է իր խոսքով, արարքներով պտտվում հենց այդ թվի շուրջ (հաճախ չափազանցնելիս ակամա արտաբերում է այն. «10 ժամ է քեզ եմ սպասում», «6 անգամ ասացի, էլի մոռացար», «երկու րոպեի ճանապարհ է»)։
   Նույն երևույթի կրկնությունը կարող է զուգադիպություն համարվել, երրորդ դրսևորումը՝ ուղղակի պատահականություն։ Բայց երբ այն դառնում է կյանքի կշռույթ, այլևս անիմաստ է ապացուցել, որ այն օրինաչափություն է՝ տիեզերական պարբերականության դրսևորում տիեզերքի մանրակերտում։
    6 թվի վերծանումը չափազանց ուշագրավ է։ Այդ թիվն ընկած է տարածության ու ժամանակի բոլոր կոորդինացումներում և ունի առանցքային նշանակություն։ Մեկ րոպեն 6 անգամ 10 վայրկյան է, մեկ ժամը՝ 6 անգամ 10 րոպե, մեկ օրը՝ 4 անգամ 6 ժամ, մեկ տարին՝ 2 անգամ 6 ամիս կամ 366 օր՝ 61 անգամ 6 օր կամ մեկ լրիվ պտույտ արևի շուրջ, իսկ մեկ պտույտը երկրաչափորեն հավասար է 360 աստիճանի, որը 6 անգամ 60 աստիճանն է։ Հավասարակողմ վեցանկյուններով կարելի է ծածկել հարթությունը, վեցանկյուն պրիզմաներով կարելի է լցնել տարածությունը, և սա մեծագույն «իմաստնությամբ» կիրառում է մեղուն։ Երկնքից թափվող բոլոր փաթիլները ճշգրիտ սիմետրիայով կառուցված վեցաթև աստղիկներ են, ցանկացած շառավղով շրջանագիծ կարելի է շրջապատել նույն շառավղով վեց շոշափող շրջանագծերով, իսկ նրանց կենտրոնները միացնելով՝ կարելի է ստանալ 6 հավասարակողմ եռանկյուններ, որոնց բոլոր անկյունները հավասար կլինեն 60 աստիճանի և այլն։
      Թվերի տեսությունը, որ ծագել է անտիկ աշխարհում (նրա հիմքերը դրել են Պյութագորասն ու Էվկլիդեսը), փորձել է համակարգել թվերը՝ հայտնաբերելով նրանց օրինաչափություններն ու այլ թվերի հետ հարաբերությունները։ Բնական թվերի համար կիրառելի են կենտ, զույգ, պարզ, բաղադրյալ, կատարյալ և այլ հասկացություններ։ Թվային այս խմբերից յուրաքանչյուրն օժտված է հետաքրքիր ու զարմանալի հատկություններով։
      Օրինակ՝ կատարյալ են այն թվերը, որոնք հավասար են իրենց բոլոր բաժանարարների գումարին։ 6-ը առաջին կատարյալ թիվն է՝ 6=1+2+3։ Կատարյալ թվերն անհամեմատ քիչ են. բավական է նշել, որ մինչև 10000-ը դրանք ընդամենը 4-ն են՝ 6, 28, 496, 8128, և նրանցից առաջինն այնքան հաճախ է հայտնվում հեքիաթում։ Հենց այդ թվի խորհուրդն է կազմում նաև Էքզյուպերիի կենսագրության առանցքը։

* * *

        Բայց հետաքրքիրն այն է, որ Էքզյուպերիին առհասարակ գրավում է թվերի կախարդական աշխարհը։ Թերևս այդ պատճառով է մանկությունից այնքան սիրել թվաբանությունը (անշուշտ՝ ոչ այն թվաբանությունը, որի մասին պատմում է հեքիաթում). գուցե թվերի մեջ առեղծվածային ինչ-որ բան է նշմարել՝ հետագայում համոզվելով, որ դրանք պատահաբար չեն տրվել մարդու գիտակցությանը, որ դրանց վերացական բովանդակությունը (նույնքան վերացական, որքան մարդու միտքն է) ճշգրիտ արձանագրումն է իրական աշխարհի բոլոր առնչությունների (նույնքան իրական, որքան մարդու միտքն է), դրանք խորհուրդներով խիստ ծանրաբեռնված նշաններ են՝ խորհրդանշաններ։
       Հեքիաթի առաջին տողից սկսած՝ ամբողջ հեքիաթով մեկ թվերի դիմակահանդես է։ Փոքրիկ իշխանի այցելած մոլորակները, ինչպես նաև հենց իրենը, անունների փոխարեն թվեր են կրում։ Ընդ որում, Փոքրիկ իշխանի մոլորակի համարն է 612, որ նույնպես 6-ի բազմապատիկն է։ Իր մոլորակի վրա 3 հրաբուխ ունի, 1 վարդ, որը 4 փուշ ունի, Երկրի վրա մի պարտեզում 5000 վարդ կար, անապատի ծաղիկը, որ մարդկանց մասին գիտեր ընդամենը այն, որ նրանք 6 կամ 7 հոգի են, 3 թերթիկ ուներ, ամենատխուր օրը Փոքրիկ իշխանը 23 անգամ տեսել է, թե ինչպես է մայր մտնում արևը, լապտերավառի մոլորակի վրա կարելի էր նույնը տեսնել 1440 անգամ, ծարավ հագեցնող հաբերով կարելի էր 53 րոպե խնայել, գործարար մարդը գիտեր աստղերի թիվը, որ հավասար է 501.622.731-ի և այլն։ Իսկ Երկիր մոլորակի չափերը ներկայացնելու համար Էքզյուպերին ասում է, որ այնտեղ 111 թագավոր կա, 7.000 աշխարհագրագետ, 900.000 գործարար մարդ, 7.500.000 հարբեցող, 311.000.000 փառամոլ, իսկ 6 աշխարհամասերի վրա նախքան էլեկտրականության հայտնաբերումը 462.511 լապտերավառներ էին աշխատում, և դա հրաշալի էր, որովհետև բալետի էր նման ամբողջ այդ «բանակի» շարժումը։
    Հեքիաթում հետաքրքիր անհամաձայնություն կա, մերժում և հափշտակություն միաժամանակ, մի ներքին պարադոքս։ Հնչում է հանդիմանանք մեծահասակների հասցեին, թե նրանք շատ են սիրում թվեր և միայն դրանցով են պատկերացնում իրերն ու երևույթները, թե նրանք, ովքեր հասկանում են՝ ինչ է կյանքը, ծիծաղում են համարների ու թվերի վրա։ Սակայն միևնույն պահին թիվը այս հեքիաթի անբաժան և ամենահատկանշական տարրն է։
    Թիվը, որ թանձրացականի, կոնկրետի, հաշվելիի, ընդհատականի բնորոշիչն է, ինքնին չափազանց վերացական է, աբստրակցիայի արդյունք. առանց առարկաների դժվար է որևէ թիվ պատկերացնել, բայց թվերը գիտակցվում են առարկաներից անկախ։
        Բայց ինչո՞ւ է հեքիաթը ողողված թվերով։
      Թիվը, ինչպես և բառը, կարելի է հոգեբանական գրգռիչ համարել, որն ազդում է ուղեղի որոշակի հատվածի վրա՝ առաջ բերելով համապատասխան արձագանք։ Սովորական խոսքում այդ բանն այնքան էլ նկատելի չէ, թեև միշտ գործում է, իսկ բանաստեղծական ռիթմիկ խոսքում (պարտադիր չէ՝ չափածո) բառի կախարդանքն ակնհայտ է։ Հոգեբանության մեջ խիստ զգալի է խոսքի ազդեցությունը. բառերի միջոցով կարելի է ցրտից դողացող մարդուն ներշնչել, որ ամառ է, և նա կդադարի դողալ։ Սա բառի ազդեցության ամենապարզունակ օրինակ է։ Հոգեբանը թույլ ու միալար կրկնվող բառերի օգնությամբ կարող է հիպնոսի ենթարկել մարդուն։
    Բազմաթիվ օրինակներից, որ կարելի է հանդիպել գրականության մեջ, ուզում եմ մեջբերել Տերյանի մի բանաստեղծությունը.

Քնքո՛ւշ, դու լուսե աղջիկ ես,
Արտո՛ւտ ես, ոսկե թռչնակ ես,
Չար նետը թող չդիպչի՜ քեզ,
Աշուն ու ձմեռ չգա՜ քեզ։
Թող սիրտդ մնա խնդուն հար,
Հոգին քո,-լուսե թիթեռդ-
Խաղա՛ հար և հուրհրա՛ վառ,
Չար հուրը չայրե թևերդ։
Հրե՛ դու, արևայի՛ն դու,
Մաքո՛ւր դու, լուսե հասմիկ ես.
Անմար թող ցոլա քո խինդը,
Չար աչքը թող չտեսնի՜ քեզ…

    Պատահական չէ այս ընտրությունը։ Ժողովրդական բանահյուսությունը հարուստ է հմայական խոսքերով, որոնցից լայնորեն կիրառվում են «չար աչքը» վնասազերծող խոսքերը. «Չար աչքը՝ չար փշին, չար փուշը՝ կրակին», «Չար աչքը ծիտ լակե»։ Հմայանք հիշեցնող բանաստեղծության մեջ, որպես հակակշիռ «լուսե աղջիկ», «լուսե թիթեռ», «լուսե հասմիկ» եռյակի, երեք անգամ հանդիպում է չարը վնասազերծող բանաձև, որ հուռութքի պես իր վրա է սևեռում ուշադրությունը, իսկ խորքում նկատելի է կորստի մեծ երկյուղ, որ մարդ զգում է աշխարհում ամենաթանկ էակի համար։
    Սենտ-Էքզյուպերին ոչ միայն ասում է՝ «մեծահասակները թվեր շատ են սիրում», այլև հոգ է տանում, որ էությունը չճանաչողները չսողոսկեն գրքի անեղծ խորքերը՝ առանց այդ թվերի խորհրդավոր հմայքին տրվելու. նա ստեղծագործության մեջ շաղ է տալիս թվեր, որոնց գործառույթներից մեկը (միայն մեկը) ասես երևակայությունից զուրկ մտքերը զբաղեցնելն է ու դրանք շեղելը այն ամենից, ինչ պետք է պահպանել, ինչը կարող է հանգչել «քամու պոռթկումից»։ Թող դրանցում «մեծահասակներն» ընդամենը թվեր տեսնեն, նշաններ, ինչպես իր առաջին նկարում՝ գլխարկ։ Եվ այդպիսով՝ գրքի էությունն ամփոփվում է թվե «տուփի» մեջ, ինչպես գառնուկը՝ արկղում։ Բայց նրանք չեն էլ նկատում, թե ինչպես են իրենց սիրելի թվերի գայթակղությամբ ու մոգությամբ հայտնվում մի տարածության մեջ, որտեղ միտքն ազատ է բոլոր պայմանականություններից, որտեղ կարող է խտացված լինել այն ամենն, ինչ մարդկությունը կուտակել է իր գոյության ընթացքում, մի տարածություն, ուր մուտք չունի բանականությունը, բայց որտեղ թաքնված են բոլոր ելքերը։
     Ահա, առաջին հայացքից անկարևոր թվացող անհամար թվերի օգտագործումն այս հեքիաթում ձեռք է բերում հոգեբանական արժեք՝ ընթերցողին պահելով յուրատեսակ հիպնոսի մեջ, տրանսի ենթարկելով միտքը, հեռացնելով կոնկրետից ու մտքի համար անընդգրկելի մեծություններով այն տանելով դեպի տիեզերական բազմաթիվ ու բազմաբնույթ կապերն ու առնչությունները։

* * *

      Հեքիաթում կա փոքրիկ՝ հեքիաթի համար աննշան ու անկարևոր մի պատմություն։ Այն տեքստում զետեղվել է՝ ասես Փոքրիկ իշխանի մոլորակի մասին հավաստի տեղեկություններ հաղորդելու նպատակով։ Բայց այդ պատմությունն իր հերոսով արդեն թերահավատություն է առաջացնում։ Այսպես՝ Թուրքիայում միայն 1963 թվականին է բացվել գիտատեխնիկական հետազոտական ընկերությունը, այդ երկիրը մինչ այդ չի ունեցել գիտական հիմնարկների միասնական համակարգ, և Սենտ-Էքզյուպերիի փաստարկը սքանչելի հայտնագործություն կատարած թուրք աստղագետի մասին հնչում է հեգնանքի պես։ Ամբողջ հեքիաթում ընդամենը երկու տարեթիվ կա. մեկը 1909 թվականն է, երբ հիշյալ աստղագետը հայտնագործեց թիվ 612 մոլորակը, մյուսը՝ 1920-ը, երբ աստղագետների միջազգային կոնգրեսում բոլորը համաձայնեցին նրա հետ՝ եվրոպական հագուստով ներկայանալուց հետո միայն։

       Պատահական թվականներ չէ, որ ասում է Էքզյուպերին։ Դրանք երկուսն էլ Թուրքիայի համար կարևոր տարեթվեր են. 1909 թվականին իշխանության գլուխ են անցնում երիտթուրքերը (նույն թվականին նրանք կազմակերպում են 30000-ից ավելի հայերի կոտորածը), իսկ 1920-ին Անտանտի և Թուրքիայի միջև կնքվում է Սևրի հաշտության պայմանագիրը, որը քեմալական կառավարությունը չճանաչեց, և սկսվեց հայ-թուրքական պատերազմը։

    Իսկ աստղագիտական հայտնագործությունը, թուրքական տարազը, միջազգային կոնգրեսը, թուրքին չհավատալը, վերջին նորաձևության եվրոպական հագուստը և ի վերջո նրա հետ համաձայնելը ասես քաղաքական այլաբանություն են, որտեղ ևս արձագանքվում է հեքիաթի հիմնական գաղափարը՝ «Միայն սիրտն է սրատես, ամենագլխավորը աչքով չես տեսնի» (64)։ Թիվ 612 մոլորակի բախտից էր, որ թուրք սուլթանը մահվան սպառնալիքով իր հպատակներին հրամայել էր եվրոպական հագուստ հագնել. շատ ազգեր «քաղաքակրթվում» և «քաղաքակիրթ» աշխարհի կողմից ընդունվում են տարազը կոստյումով փոխարինելով։ Այս փոքրիկ, ի միջի այլոց արված պատմության հերոսներից ոչ մեկը չէր տեսնում գլխավորը։

* * *

    Էքզյուպերիի օգտագործած բոլոր մյուս թվերն էլ, որոնք առաջին հայացքից կարող են կամայականորեն տեքստում հայտնված համարվել, պատահական թվեր չեն։ Գուցե ավելի լուրջ ուսումնասիրության արդյունքում շատ ավելի հետաքրքիր բացահայտումներ լինեն, սակայն բավական է մի փոքր ուշադրություն դարձնել դրանց վրա՝ համոզվելու համար, որ դրանք պատճառաբանված են հեքիաթի տեքստի տրամաբանությամբ։

     Հեքիաթում հայտնված առաջին թիվը առաջին կատարյալ թիվն է՝ 6-ը։ Այն հեքիաթում հաճախ է օգտագործվում, բայց միշտ կապվում է կա՛մ հեղինակի մանկության, կա՛մ Փոքրիկ իշխանի հետ, որը նույն ինքը՝ հեղինակն է, կամ մանկության մարմնավորումն ընդհանրապես։ Կարելի է նույնիսկ ասել, որ հեքիաթում մանկության թվային կոդը, մաթեմատիկական սիմվոլը վեցն է։ Այն և նրան բազմապատիկ բոլոր թվերը, որ հայտնվել են հեքիաթում, առնչվում են գեղեցիկի, պայծառի ու լուսավորի հետ։
        Եթե կատարյալ թիվը հավասար է իր բոլոր բաժանարարների գումարին, ապա թվերի մեկ ուրիշ խումբ՝ պարզ թվերը, չեն բաժանվում ուրիշ ոչ մի թվի, բացի 1-ից և իրենցից, նրանք նման են կոլապսի ենթարկվող աստղերի, որոնք սև խոռոչներ են առաջացնում տիեզերքում՝ թույլ չտալով լույսի որևէ մասնիկի անջատումն իրենցից, դրանք կենտ թվեր են, իսկ հեքիաթում դառնում են մենություն, անհաղորդություն, մոլորվածություն, անհեթեթություն ու տխրություն բովանդակող որոշիչներ։ Օրինակ՝ հեքիաթում ասվում է. «Նոր հայտնաբերված փոքր մոլորակներին աստղագետները անվան փոխարեն տալիս են համար, օրինակ՝ 3251» (13)։ Կամ ծարավ հագեցնող հաբերն օգնում են շաբաթական 53 րոպե տնտեսել (Փոքրիկ իշխանի համար շատ անիմաստ մի բան, որովհետև այդքան ազատ ժամանակ ունենալու դեպքում կարելի էր պարզապես գնալ աղբյուրը՝ ջուր խմելու), և կամ իր մոլորակի վրա Փոքրիկ իշխանը ամենատխուր օրը 23 անգամ վերջալույս է դիտել։ Այս թվերը գեղագիտականի ու առօրեականի, կարևորի ու երկրորդականի բախման արտացոլանքն են։ Նրանք ինչ-որ կիսատություն են ցուցադրում. բավական է՝ նրանց մտովի ավելացնենք 1, և նրանք ներքուստ կզնգան, կսկսեն գոնե երկուսի բաժանվել, կասոցիացվեն ինչ-որ երևույթի հետ, օրինակ՝ օրվա, որն ունի 24 ժամ։ Ընդ որում, ստացված թվերը կլինեն 6-ի բազմապատիկ։ Բայց հարկ է, որ այդպիսի թվեր չգործածվեն այնտեղ, որտեղ աշխարհի կիսատությունն ու անկատարությունն են երևում։
     Իսկ ափսոսանք արտահայտելիս երբեք պարզ թվեր չի գործածում, որովհետև այն, ինչի համար կա ափսոսանք, պայծառ պիտի լինի ու լուսավոր։
       Եթե թագավորի հզորությունն ունենար Փոքրիկ իշխանը, կարող էր ոչ թե 44, այլ 72, նույնիսկ 100 անգամ դիտել վերջալույսը, այն էլ՝ առանց աթոռը տեղափոխելու։ Երբ աստղերը հաշվող գործարար մարդը բողոքում է, որ իր կյանքում երեք անգամ են իրեն խանգարել, նրա կարճ խոսքում գերիշխում են թվերը, որոնք դարձյալ պատահական են թվում, բայց, բացի նրանից, որ թվաբանական խնդիր են հիշեցնում և այն լուծելու գայթակղություն առաջացնում, վերստին տրամադրությունների ու զգացողությունների կրողներ են։

     «Արդեն հիսունչորս տարի է, ինչ ես ապրում եմ այս մոլորակի վրա, և այդ ընթացքում ինձ միայն երեք անգամ են խանգարել։ Առաջին անգամ՝ քսաներկու տարի սրանից առաջ, չգիտես՝ որտեղից հայտնվեց մի մայիսյան բզեզ։ Նա սարսափելի աղմուկ բարձրացրեց, և ես գումարման ժամանակ չորս սխալ արեցի։ Երկրորդ անգամ՝ տասնմեկ տարի առաջ, ռևմատիզմի նոպա ունեցա։ Նստակյաց կյանքից։ Երրորդ անգամ՝ ահա սա՛» (39)՝ նկատի ունենալով Փոքրիկ իշխանի այցելությունը։ Անգամ ամենաաննշան կենդանի արարածի ներկայություն կարող է խախտել անհեթեթ մենությունը, իսկ որտեղ չկա մենություն, չկան պարզ թվեր. ուստի՝ 22 տարի առաջ 32 տարեկան էր, երբ հայտնվեց բզեզը. 54 տարեկան է, և կրկին խախտվեց իր մենությունը, իսկ 11 տարի առաջ 43 տարեկան էր, երբ վրա հասավ ռևմատիզմի ախտաժամ իր մենության «խեցու» մեջ, ուստի այստեղ անհրաժեշտաբար գործածվել են խխունջի նմանվող պարզ թվեր։ Ընթերցողը, առանց խորամուխ լինելու էլ թվերի՝ վերը նշված օրինաչափությունների բացահայտման մեջ, անշուշտ զգում է թվերից փոխանցվող տրամադրությունը։ Կարող ենք համարձակորեն ասել, որ սա զարմանալի մի նորարարություն է գրականության մեջ, մոտավորապես այնպիսի, ինչպիսին էր Ռեմբոյի՝ ձայնավոր հնչյուններին գույների վերագրումը։

* * *

       Բայց Էքզյուպերիի հեքիաթում թվերն ունեն նաև միֆական արժեք։ Հեքիաթն ասես կրում է թվերի հնագույն միֆապոետական կոնցեպցիայի հետքերը, երբ թվերը, առանձնանալով իրերից, ձեռք բերելով ինքնուրույնություն, արտացոլում էին աշխարհի կերպարանքը։
        Տարբեր ազգեր իրենց ծիսական տեքստերում, բանահյուսական ստեղծագործություններում օգտագործում են թվային որոշակի կայուն դաս, որ ձևավորվել է այն ժամանակ, երբ կատարելագործվում էր թվային համակարգը։
      Այդ փուլի դրոշմը նկատելի է որոշ ազգերի մշակութալեզվական ավանդույթներում, որոնք կիրառում են հաշվարկման 7-ական կամ 12-ական համակարգեր. օրինակ՝ անգլերենում թվարկման մեջ միավորների շարքն ավարտվում է 12-ով, իհարկե, միայն լեզվական մակարդակում, բայց նման երևույթները լեզվում պատահական չեն, այլ արտացոլում են մարդկության երբեմնի պատկերացումները աշխարհի ու տիեզերքի մասին։ Հիմնականում թվային միստիկան կապվում է լուսատուների հետ և հաստատվում կրոնի հիմքում։
       Ամենահին տեքստերում 1 թիվը գրեթե չի հանդիպում, պատճառն այն է, որ այն ժամանակակից իմաստով չէր ըմբռնվում, որպես թվային շարքի առաջին տարր, այլ նշանակում էր ամբողջություն, միակություն, որ տիեզերքն է կամ Աստված։ 2-ը ընկալվում էր որպես ամբողջի՝ փոխադարձաբար միմյանց լրացնող մասեր, ինչպես գիշերն ու ցերեկը, այրն ու կինը, բարին ու չարը և այլն։ Այդ պատճառով 1-ը և 2-ը թվեր չէին համարվում։ Ըստ մի շարք ավանդությունների՝ առաջին թիվը 3-ն է, որ համարվում է «կատարյալ» թիվ (այստեղ «կատարյալ» բնորոշումը կապ չունի գիտական այն տերմինի հետ, որ ներկայացվեց վերևում)։ Այն ոչ միայն բացարձակի, կատարելության պատկերն է, այլև հասարակական կառուցվածքի և միֆապոետական մակրոտիեզերքի հաստատունը։
        Հունական դիցարանում աշխարհը բաժանվում է Քրոնոսի երեք որդիների միջև, Մոյրաները երեքն են, Պոսեյդոնի ատրիբուտը եռաժանին է, հայտնի են Ապոլոնի եռոտանիները, Հերմեսը երեք ճյուղերով է ստեղծում քնարը, Հադեսի թագավորության մուտքը պահպանում է Կերբերոսը, որ եռագլուխ շուն է, Հայկը երեքթևյան նետով սպանեց Բելին, վերջապես, քրիստոնեության մեջ ևս ամրագրված է երրորդության գաղափարը (Հայր-Որդի-Սուրբ հոգի, Հույս-Հավատ-Սեր) և այլն։

      Այս սիմվոլը ավելի բնորոշ է հեքիաթներին (թվարկման կարիք պարզապես չկա)։

     Արվեստի բոլոր ճյուղերում գործում է այս թիվ-սիմվոլը՝ նաև որպես ստեղծագործական սկզբունք, ինչպես տրիլոգիան կամ տրիպտիխը։

    Ամենահաստատուն վիճակում է երեք կետերով հենված մարմինը, այս փաստն ունի իր գիտական բացատրությունը. երեք կետերով հենված մարմնի հավասարակշռության կենտրոնը գտնվում է իր հենակետերով գծված եռանկյան ներսում։

    Տիեզերագիտության ուսմունքում Պլատոնը գտնում էր, որ բոլոր իրերի վերջին տարրերը անբաժանելի եռանկյունիներն են։ Հեգելի փիլիսոփայության մեջ եռյակը բացարձակ ու համընդհանուր սկզբունք է, սխեմա, որով ընթանում է զարգացումը (թեզ, հակաթեզ, սինթեզ)։ Նյութերն ունեն երեք վիճակներ՝ գազային, հեղուկ և պինդ։

          Հնում, իհարկե, կրոնը, արվեստն ու գիտությունը դեռևս տարանջատված չէին, և նրանց հիմքը նույնն էր։ ՈՒստի, սիմվոլը այսօրվա իմաստը չուներ. այն աշխարհի կերպավորումն էր, այն ոչ թե երևույթի նշանն էր, այլ՝ նրա էությունը և կենսական նշանակություն ուներ հին մարդու համար։ Եվ այն սկզբունքը, որով նա փորձում էր համակարգել միկրո- և մակրոտիեզերքների առնչություններն ու փոխներգործությունը, կայուն սիմվոլների համակարգ էր ստեղծելու, որը անվերջ պիտի ճշգրտվեր ու հաստատվեր մարդկության ողջ գիտակցական կյանքի ընթացքում։
       Հին հույները վաղ շրջանում առանձնացնում էին տարվա երկու եղանակ, ապա՝ երեք, ավելի ուշ՝ չորս։ Տարվա՝ երեք մասից կազմված լինելն արտացոլված է մեռնող ու հարություն առնող բնության աստվածությունների մասին պատմող առասպելներում։ Օրինակ՝ Ադոնիսը, Զևսի որոշմամբ, պիտի տարվա 1/3-ը անցկացներ Պերսեփոնեի հետ Հադեսում, 1/3-ը՝ Ափրոդիտեի հետ, իսկ մնացած 1/3-ը տնօրիներ իր կամքով։
         Տարվա չորս եղանակների առանձնացումը հավանաբար տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մարդկությունը Արևի շուրջ Երկրի տարեկան պտույտում ֆիքսեց կարևորագույն չորս կետերը՝ գարնանային ու աշնանային գիշերահավասարները և ամառային ու ձմեռային արևադարձի կետերը, ընդ որում, այս չորս կետերին համապատասխանում էին կենդանակերպի չորս նշանները՝ խոյ, կշեռք, խեցգետին, այծեղջյուր, որոնք էլ իրենց հերթին համապատասխանում էին չորս տարրերին՝ համապատասխանաբար՝ կրակ, օդ, ջուր, հող։ Իսկ եղանակների նման բաժանումը տեղի ունեցավ այն փուլում, երբ սկսեցին զբաղվել երկրագործությամբ, և անհրաժեշտ էր վարուցանքի ճիշտ ժամանակը որոշել՝ առաջնորդվելով լուսատուներով։ 4-ական ամիսներ պարունակող 3 եղանակներին փոխարինելու եկան 3-ական ամիսներով 4 եղանակները, և սա ավելի կատարյալ բաժանում էր։ Երկու դեպքում էլ 3-ն ու 4-ը անխզելիորեն կապված են մարդկության աշխարհընկալման ու աշխարհաճանաչման հետ։ Քաղաքները կառուցելիս հնագույն քաղաքակրթություններն առաջնորդվել են աշխարհի չորս ծագերով, տաճարներն ու եկեղեցիները կառուցելիս նույն սկզբունքն են կիրառում։ Իսկ 3-ի և 4-ի անքակտելի կապը ակնհայտորեն մարմնավորված է եգիպտական հսկայական սիմվոլներում։
      Ի տարբերություն դինամիկ ամբողջականություն խորհրդանշող 3-ի՝ 4-ը կայուն ամբողջականության պատկերն է։ Որոշ տեսակետների համաձայն՝ 3-ը խորհրդանշում է կառուցվածքի անավարտությունը, մինչդեռ 4-ը օգտագործվում է տիեզերքի ստեղծման ու նրանում կողմնորոշման մասին միֆերում։ Եռաչափությունը՝ որպես աշխարհի ամբողջական ու սպառիչ նկարագիր, այնուամենայնիվ, կարիք ուներ լրացման. տիեզերքի ճշգրիտ կոորդինացման համար անհրաժեշտ էր չորրորդ չափումը՝ ժամանակը, որ ֆիզիկայում մուտքագրեց Էյնշտեյնը՝ աշխարհը դարձնելով քառաչափ։ Յուրաքանչյուր չորրորդ տարվա օրերի քանակը մեկով ավելի է մյուսներից, և այդ մեկ օրն առաջանում է տարվա մեջ ավելցուկային քառորդ օրվա շնորհիվ։
      Յունգը նշում է, որ եռյակն ու քառյակը արքետիպային կառուցվածքներ են, որոնք կարևոր դեր են խաղում ցանկացած սիմվոլիկայում, ինչպես և կարևոր են միֆերն ու երազներն ուսումնասիրելիս։ Չորրորդությունն իր մեջ պարունակում է մարդու ինքնությունը, որն անհատականացման արդյունք է, և խորհրդանշում է նրա ամբողջականության «կենտրոնը»։
    Հոգեբանական ուսումնասիրություններում, մասնավորապես՝ հենց Յունգի աշխատություններում, երրորդությունը արական մենաշնորհ է, 3-ը համարվում է արական, 4-ը՝ իգական թիվ։
        Որպես հոգեվերլուծաբանի այս եզրահանգումը հաստատող օրինակ՝ բերենք հայոց հնագույն քաղաքակրթությունից պահպանված նշաններից։ Վանի թագավորության պետական կրոնում Թեյշեբան, որ ընկալվել է որպես բնության տարերքը խորհրդանշող մի երևույթ, պատկերվել է որպես գահին նստած մորուքավոր մի աստվածություն՝ ձեռքին 3 հասկ։
    Իսկ ՈՒրարտուի գլխավոր աստվածուհին՝ ՈՒարուբաինին, որ Խալդիի կինն էր, պտղաբերության, արվեստները հովանավորող աստվածուհին, պատկերվել է գլուխն ու մեջքը ծածկող գլխաշորով, կուրծքը զարդարված 4 շար ուլունքներով և դաշույն հիշեցնող խաչանման կախիկով, որի կոթին քանդակված է մի պառկած առյուծ։

        Այս երկար էքսկուրսը թվերի աշխարհով, որ դեռ անվերջ կարելի էր շարունակել, ինքնանպատակ չկատարեցինք, և ահա՝ թե ինչու։
       Ըստ Էքզյուպերիի հեքիաթի՝ Փոքրիկ իշխանն իր մոլորակի վրա ունի ընդամենը 3 հրաբուխ և մեկ վարդ, որն ունի 4 փուշ։ Այստեղ հստակ երևում է Յունգի մատնանշած կապը սեռի և այն խորհրդանշող թվի միջև։ Ամբողջ հեքիաթում զգացվում է միայն արական սկզբի ներկայությունը. իշխանն ինքը՝ փոքրիկ տղա, բոլոր մոլորակների մենակյացները այրեր էին, անապատում հայտնված իշխանի երկվորյակը՝ նույնպես։ Անգամ անապատում իշխանին հանդիպած փոքրիկ ծաղիկն էր օժտված արական մենաշնորհով՝ եռաթերթ էր։
       Ծույլ մարդն իր մոլորակի վրա բաոբաբի երեք թուփ ժամանակին չէր քաղհանել, և…։ Փոքրիկ իշխանի մոլորակին ամենամոտ մոլորակների անունները, ավելի ճիշտ՝ համարները, մտապատկերվում են ամենից առաջ իրենց գրավոր տեսքով. նրանք եռանիշ թվեր են, և բոլորն էլ սկսվում են 3-ով։
     3-ի հիպնոսող կրկնությունները ամեն անգամ պտտվում են որպես խորհրդանշան՝ այդ թիվն իր վրա կրող արական սկզբունքի։ Բայց իշխանի ճամփորդության ընթացքում երկու անգամ 3-ի ու 4-ի կապի սիմվոլիկ արձագանքն է լսվում՝ գործարար մարդու բողոքի մեջ, թե 3 անգամ խանգարել են իրեն, ինչի արդյունքում 4 սխալ է թույլ տվել, և աղվեսի խնդրանքում. «Եթե դու գաս ժամը 4-ին, ես ժամը 3-ից արդեն ինձ երջանիկ կզգամ» (61)։
        Վարդը ուշ է հայտնվում մոլորակի վրա, իսկ նրա հայտնվելուց քիչ անց Փոքրիկ իշխանը լքում է նրան։  Իգական սկիզբը դեռևս օտար էր Փոքրիկ իշխանին։
        Վարդը հենց իգական սկզբի խորհրդանշանն է՝ իրեն բնորոշ 4 փշերով։ Այս թիվը ևս կարելի էր համարել հեքիաթը ողողած պատահական թվերից մեկը, բայց ավելի հավանական է, որ անգիտակցականի խոր ու անթափանց շերտերից հանկարծ հայտնվել է հնագույն միֆական սիմվոլը՝ առանց իր մասին տեղեկացնելու։
       Յունգը «կոլեկտիվ անգիտակցական» է անվանում այն ակունքը, որտեղից կարող է սնվել ճշմարիտ արվեստը, և յուրաքանչյուր անհատ նրանում կարող է իր սեփական ներաշխարհի արտացոլանքը տեսնել։ «Անգիտակցականը՝ որպես արքետիպերի ամբողջություն, նստվածքն է այն ամենի, ինչ վերապրել է մարդկությունը՝ սկսած իր ամենամութ սկիզբներից»։

Մուտք    Ա    Բ    Գ    Դ    Ե                                          Կարդալ կամ Լսել հեքիաթը

Категория: Հավերժամանուկը |
Просмотров: 1853 Добавил: © Լուսինէ Աւետիսեան (25.10.2014) | Рейтинг: 0.0/0 | Комментарии: 2
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Сделать бесплатный сайт с uCoz