Գլխաւոր » ՆԱՄԱԿ
12:34
ՆԱՄԱԿ

Ողջոյն, իմ ամենահին բարեկամ, իմ անդաւաճան ընկեր, իմ կեանքի ամենագեղեցիկ օրերի ուղեկից։ Ես գրում եմ քեզ այսքան տարիների հեռուից, երկարատեւ լռութիւնից յետոյ... որովհետեւ այլեւս անկարող եմ լռել, որովհետեւ լցուած եմ անյագ կարօտով, սիրով ու արթնացած վերյուշով... Եւ այս ամէնի համար, հաւատա՛, ժամանակ էր պէտք։ Համոզուած եմ, որ եթէ անգամ կարդաս իմ նամակը, պատասխանը չես կարող ուղարկել։ Բայց միեւնոյն է, գրում եմ։

Յիշո՞ւմ ես՝ ինչպէս հեռացար ինձանից։ Դու ուզում էիր, գիտեմ, շատ էիր ուզում, որ ես ժպտայի, որ վերջին վայրկեանին դու քո էութիւնից թօթափէիր ամէն ծանրութիւն ու թեթեւ գնայիր... Ես զգում էի, որ դու միայն անհոգութիւնն էիր սիրում, երեւի այդպիսին էլ կաս հիմայ ու կը լինես ընդմիշտ՝ նոյն անհոգ երեխան... Հիմայ եմ հասկանում, որ այդ միամիտ անհոգութիւնը հենց քո խառնուածքն էր, քո որակը։ Դու շատ աւելի զգայուն էիր, քան ես։ Դու շուտ հասկացար, որ կեանքն սկսելու է մեր առջեւ խնդիրներ դնել ու սպասել մեր անկրկնելի,եզակի, միակ լուծմանը, իսկ սայթաքելիս քրքջալու է անողորմաբար։ Եւ դու գնացիր՝ քո զուարթ օրերը ուրիշ աշխարհում ապրելու, ինձանից հեռու...

Բայց, ի սէր Աստծոյ, չկարծես, թէ յանդիմանում եմ քեզ, մտքովս անգամ չի անցնում, հաւատա՛։ Ամէն բան ճիշտ է, օրինաչափ է այսպէս...

Իսկ գիտե՞ս՝ որքան բան է փոխուել իմ մէջ, իմ ներսի աշխարհում (որքան էլ փորձեցի ընդդիմանալ ամէն մի փոփոխութեան)։ Ես, եւ երեւի բոլորն էլ, յաճախ ուզում եմ մի բան, ինչն իրականում չեմ ուզում, իսկ աւելի յաճախ չեմ ուզում այն, ինչ իրականում այնքա՜ն շատ եմ ուզում... եւ սրանք կեանքի արուեստի տարրեր են, հասկանո՞ւմ ես։

Կամ յիշո՞ւմ ես «պիտի» բառը, որն ամենեւին չէինք սիրում երկուսս էլ եւ լսելուն պէս ուզում էինք փակել մեր ականջներն ու վազել.... Հիմայ փակ ականջներովս էլ չեմ կարող նրանից փախչել. իմ ներսի պարտքի ու խղճի ձայներն են այդ բառը կրկնում։ Մինչդեռ առաջ ուրիշ էր մեր ազատութիւնը, ուրիշ էր մեր կարօտը, ուրիշ՝ մեր հրճուանքն ու երջանկութիւնը, մեր երազները, որոնք անկատար տեսքով անգամ կատարեալ էին...

Որովհետեւ մենք միասին էինք, եւ մեր զրնգուն ծիծաղը նոյնն էր, ու մեր պայծառ արցունքը նոյն աչքերում էր ցոլցլում...

Այնքան ամուր էր մեր մտերմութիւնը, որ մեզ միաձուլել էր, եւ արդէն ասես  մի մարմին ու մի հոգի ունէինք։ Ես դեռ ոչինչ այդքան յստակ ու շօշափելի չէի զգացել... Պարզապէս, իրօք, դու հենց ես էի... Միայն թէ ուրիշ էր այն ժամանակը, եւ ես ուրիշ մի աշխարհում էի ապրում, հենց քո աշխարհում, քեզ հետ միասին...

Իսկ երբ հեռանում էի քեզանից, յիշո՞ւմ ես, ուզում էի, շա՜տ էի ուզում, որ դու ժպտայիր, որ վերջին վայրկեանին ես իմ էութիւնից թօթափէի հրաժեշտի ծանրութիւնն ու թեթեւ հեռանայի... Բայց դու այդ պահին առաջին անգամ անհունօրէն տխուր էիր, եւ ես առաջին այդ դառնութիւնը համտեսած բաժանուեցի քեզանից...

Ափսոս, որ ոչ մի փոստատար աղաւնի քեզ չի հասնելու... 

© Լուսինէ Աւետիսեան, 1991 թ.

Прикрепления: Պատկեր՝ 1
Просмотров: 292 | Добавил: © Լուսինէ Աւետիսեան | Рейтинг: 5.0/2
Մեկնաբանութիւններ: 0
Имя *:
Email *:
Код *:
Сделать бесплатный сайт с uCoz