Նա ասում էր՝ լսէ՛ք, իսկ մենք չէինք լսում...
Նա ասում էր՝ նայէ՛ք, անիմաստ էր թւում...
Նա գնում էր հեռու, որ վաստակէր մի բառ,
Որ իր դարձին բերեր կորած երգից հնչիւն,
Ու շուրթերին՝ մի գոյն՝ յաւէրժական ու տաք,
Եւ ափերում՝ բուրող արեւահամ մորի...
Իսկ մենք անհոգ էինք, երբ ասում էր՝ լսէ՛ք,
Եւ իմաստուն չէինք, երբ ասում էր՝ նայէ՛ք...
Մենք ենք հիմայ տենդով ելնում սարերն անհաս,
Աղբիւրներին կարօտ տանում բեռի նման,
Ու խմում ենք երկար՝ երաշտների՛ վախով՝
Չունենալով ծարաւն անտես ակունքների...
Մեր անարգել ճամփին՝ չվաստակած բառեր,
Ու մեր ամէն շնչում՝ օտար երգի հնչիւն,
Էլ երանգներ չկան յաւէրժական ու տաք,
Էլ չի բուրում մորին այս նոյն արեւի տակ...
Աղմուկն է շատ հիմայ, խորհուրդներն են անխօս,
Պարզունակ է աշխարհն, ու մենք՝ միայն դիտորդ...
Մենք լոկ որոնումի բաւիղներով անցանք,
Մինչ Անհունի փեշը համբուրողներ եղան...
2005 թ.