Գլխաւոր » ԱՊՐԵԼ ՏԱՍՆԱՊԱՏԻԿ ԽՏՈՒԹԵԱՄԲ...
13:14
ԱՊՐԵԼ ՏԱՍՆԱՊԱՏԻԿ ԽՏՈՒԹԵԱՄԲ...

Աստուածակերտ հողագնդի իր հարազատ բնօրրանում ապրել ու արարել է մի ազգ, ստեղծել է հայրենիք, մշակոյթ։
Քաղաքակրթութեան ամենահին ակունքներից է եկել եւ տարածել լոյսը նրա։
Իջել է Արարատից ու որթատունկի հետ ապրեցրել իր ազնիւ տեսակը։
Երկրագործութեան հնագոյն կենտրոն է դարձրել իր հայրենիքը, ստեղծել ու աշխարհին բաշխել ՀԱՑԻ մշակոյթը, պաշտել ՀԱՑԸ որպէս մեռնող-յարութիւն առնող աստուածութիւն, եւ ՀՈՂԸ...
Գիտութեան հիմքն է դրել՝ երկրագործութեան լեզուով երկխօսելով տիեզերքի հետ, ամրագրել արևադարձի ու գիշերահաւասարի կէտերը՝ որպէս ամենաճշգրիտ ժամացոյցի սլաքներ։
Սիրել է Արևի եւ իմացական ԼՈՅՍԸ, ամենուր դրոշմել է իր կենսափորձի հետքը՝ ժայռապատկերներից մինչեւ մագաղաթէ գրեր, կոթողել է իրեն որպէս սիւն ու խոյեակ, տաճար ու վանք, դրուագել իր ներաշխարհը կենսաթրթիռ երգի ելևէջներով։
Եւ աչքը մշտապէս երկնքին յառած՝ որոնել է ՆՐԱՆ, ով արժանի համարեց ստեղծել իրեն սեփական կերպարանքով ու նմանութեամբ։
Նրան չուրացաւ անգամ այն պահին, երբ իր դրախտում ապրելու երանութեան համար հատուցեց դաժանաբար...
Խելագարուեց անպատմելի ցաւից, բայց փրկելու յոյսով իր հետ տարաւ դրախտի կենսաշնորհ մասունքներ։ Հաւատաց, որ պայծառ մի օր ամբողջանալու է ՀԱՅՐԵՆԻՔԸ...
...Հայրենիքի մի բեկորի վրայ երազած պետութիւն կառուցելով՝ մենք տասնապատիկ խտութեամբ ապրելու եւ արարելու պարտք ունենք հանդէպ նրանց, ում չծնուած սերունդներից խլուեց հնարաւորութիւնը մեզ հետ այս արևը վայելելու եւ ամուր բռնելու մեր հազարամեայ գունեղ գորգի հիւսուածքը...


Просмотров: 345 | Добавил: © Լուսինէ Աւետիսեան | Рейтинг: 4.5/2
Մեկնաբանութիւններ: 0
Имя *:
Email *:
Код *:
Сделать бесплатный сайт с uCoz