Գլխաւոր » Յօդուածներ » Իմ յօդուածները » Այլ

ՄԻ ԳՈՒՑԷ, ՄԻ ԹԵ, ԱՅՂ ԵՒՍ

Գուցէ - Մի՛ գուցէ

Թե - Մի՛ թե

Այղ եւս (ոչ եւս այղ / մի՛ եւս այղ)

 

 

ՄԻ ԳՈՒՑԷ

 

Կը համաձայնէք, որ զինուորի մայրը չի կարող ասել՝ «Աստուած մի՛ արասցէ՝ որդիս տուն դառնայ»։ Որովհետեւ եթե չգիտի էլ, ըմբռնում է, թե ինչ է նշանակում «մի՛ արասցէ», եւ յստակ գիտի, թե ինքն ինչ է ուզում։

Միտքը, խաւսքը զաւրութիւն ունեն, եւ դա հրաշալի գիտեն ու կիրառում են թաքնագէտները, մշակուած կերպաբանութիւնից (methodology) եւ խաւսքարուեստի ճարտարագործութիւնից (techniques) աւգտուում են հրապարակախաւսներն ու ճարտասանները, մեզնից իւրաքանչիւրն էլ իր կենսափորձից ձեռք է բերում որոշակի գիտելիքներ։

Լեզուի իւրաքանչիւր բառ իր ոյժն ու թափն ունի (energy)։ Բառերը իրենց նպատակակէտին ձգտող նիւթական ալիքներ են։

 

Ամէն ինչ մտքից է սկիզբ առնում։ Իսկ միտքը նոյնպէս նիւթական է ու ձգտում է իրականանալ։ Խնդիրն այն է, որ առանց լեզուի մենք չենք կարողանում մտածել, իւրաքանչիւրը մտածում է որեւէ լեզուով, լեզուից դուրս մտածողութիւն չկայ։ Եւ վտանգաւոր է լեզուին կատարելապէս չտիրապետելով մտքեր յղել տարածութիւն, եւ առաւել եւս՝ դրանք արտաբերել։

Երբ մտածում ես՝ «միգուցէ լուսաբացը յաղթանակով դիմաւորենք», արդէն լեզուամտածողութեան մէջ անթոյղատրելի սխալ է սպրդում, որ արձակուած նետի պէս սլանում է դէպի նպատակակէտ։ Հայերէնում կան երկու հակադիր հասկացութիւններ՝ «գուցէ» եւ «մի՛ գուցէ»։ Չգիտեմ՝ որ պահից գրաբարեան «գոլ» (գոյութիւն ունենալ) բայի ըղձական այս երկու ձեւերը հոմանիշ վերաբերականներ դարձան, բայց նրանք ոչ թե պարզապէս տարաբնոյթ, այղ ճիշդ միմեանց հակադիր իմաստներ ունեն. նրանցից մեկն արտայայտում է «երանի լինի, թող լինի», մեւսը՝ «երանի չլինի, չլինի թե» իմաստը։

 

«Մի՛ գուցէ» ձեւը հէնց ժխտական ձեւն է, որը թեւրիմացաբար աւելի յաճախ ենք գործածում՝ երկթաթ կասկածի յուսադրող նժարի փոխարէն ակամայ ընտրելով մեր չերազածը։ Աւրինակ՝ «միգուցէ յաղթենք», «միգուցէ յաջողուի», «միգուցէ մի նոր դուռ բացուի», «անձնատուր չլինես յուսահատութեան, միգուցէ որդիդ դեռ ողջ է», «միգուցէ մի աւր վերագտնենք մարդկային մեր կերպարանքը» եւ այղն։ Եւ արդեւք սա չէ՞ պատճառը, որ ստանում ենք մեր երազածի ճիշդ հակառակը, աւելի ստոյգ՝ ստանում ենք այն, ինչ յստակաւրէն ձեւակերպել ենք՝ պարտուում ենք, երբ մեր զինուորը յաղթում էր, յաջողութեան չենք հասնում, նոր դուռ չի բացուում, տղաները չեն վերադառնում, չենք վերագտնում մարդկային մեր կերպարանքը... Պարզապէս բոլոր այս աւրինակներում անվերապահաւրէն անհրաժեշտ էր գործածել «գուցէ»-ն։

 

«Մի գուցէ»-ն էլ իր ճիշդ միջավայրը պիտի գտնի, ինչպէս՝ մի՛ գուցէ գաղափարներիդ համար վաղը քեզ քարկոծեն, մի՛ գուցէ չհասցնես ծրագրերդ իրագործել, մի՛ գուցէ նրա խաւսքերը խոցեն սիրտդ։ Լաւ է, երբ համոզուած ես, որ յաղթելու ես, եւ պարտութեան մտքին տեղ չես թողնում, բայց երբ գիտակցում ես, որ հաւասարապէս պարտուելու հաւանականութիւնը կայ, իրատեսութեան այդ վայրկեանի մէջ թող համակշռեն «ԳՈՒՑԷ յաղթեմ»-ն ու «ՄԻ՛ ԳՈՒՑԷ պարտուեմ»-ը, բայց ոչ երբեք հակառակը։

 

Եւ իմաստները տարորոշելուց յետոյ այղ եւս ոչ ոք չի փորձի որդուն յուսահատաւրէն սպասող մաւրը մխիթարել «մի՛ գուցէ հրաշք լինի՝ նորից գրկես որդուդ» խաւսքով, որ ինքնին չգիտակցուած չարամաղթութիւն է, անէծք։

 

Համոզուած եմ, գրութեան ձեւն է պատճառ դարձել, որ նախ մտապատկերի մէջ կորչի «մի» արգելականը, ապա եւ մտածողութեան մէջ մթագնուի բառի արտայայտած ժխտական իմաստը։ Դրանից յետոյ որքան ուզում ես երկմտիր ու ձգտիր, երազիր ու պտտուիր երազանքներիդ շուրջ, սեպհական մտքով նիւթականացնում ես թշնամուդ երազանքները։

 

Ուրեմն պէտք է վերահաստատել բառի երբեմնի ուղղագրութիւնը՝ «մի՛ գուցէ», եւ երբեք այն չգործածել «գուցէ»-ի փոխարէն։

 

 

ՄԻ ԹԵ

 

Նոյն ժխտական իմաստը կայ նաեւ այստեղ։ Հոմանիշ է «արդեւք»-ին։ Սակայն յստակ է, որ եթե «արդեւք» հարցական բառով կազմուած նախադասութեամբ հարցատուն ինչ-որ բան է փորձում ճշդել, ինչպէս՝ արդեւք շա՞տ է հեռու պատկերասրահը, արդեւք հնարաւո՞ր է տասը րոպէում հասնել այնտեղ, արդեւք ո՞րն է կեանքի նպատակը եւ այղն, ապա «մի թե» բառով խաւսողն ակնյայտ թերահաւատութիւն է դրսեւորում դիմացինի հաղորդած տեղեկութեան հանդէպ, նոյնիսկ հակադրուում է նրան՝ տարակուսելով տեղեկութեան ստուգութեան մէջ։ Եւ յաճախ այստեղ շեշտախառն է հարցականը, ընդ որում՝ արգելական շեշտով, որ ակնյայտ է դարձնում բառի "չլինի թե" իմաստը։ Աւրինակ՝ Մի՞թե այդքան հեռու է, մի՞թե տասը րոպէում հնարաւոր է այդքան ճանապարհը կտրել, մի՞թե դա է կեանքի նպատակը եւ այղն։

 

Այս բառը ճիշդ ենք գործածում, գրութեան ձեւը կարծես չի խաթարել նրա իմաստի գիտակցութիւնը, որովհետեւ վաղուց մթագնել է «թե - մի՛ թե» հակադիր զոյգը կապող «արդեւք» իմաստը, անգամ մոռանում ենք, որ նրանց նոյն արմատն է կապում։ Ինչպէս «միգուցէ»-ի դէպքում է եղել, բառերի ճակատագիրը յաճախ ուղղագրութիւնն է որոշում։ Բառերի ճակատագիրն էլ, առանց չափազանցութեան, կարող է ճակատագրական լինել դրանք գործածող ազգի համար։

 

 

ԱՅՂ ԵՒՍ (կարդում ենք՝ այլ եւս)

 

Բառիմաստներն ու նրանց նշանակութիւնները ոչ միայն ուղղագրութեան պատճառով են փոխուում։ Յայտնի կամ հանրութեան առջեւ յաճախակի ելոյթ ունեցող դէմքերի դերն աւելի մեծ է բառիմաստներ փոխելու կամ բառին հակադիր արժէք «շնորհելու» գործում։ «Այղ եւս» բառը այդ դժբախտ բառերից է։ Նրան պարտադրել են հաստատական նախադասութիւն կազմելու գործառոյթ, որը հետ զհետէ սովորական է դառնում՝ խաթարելով հայերէնի լեզուամտածողութիւնը։

 

«Այդ ամէնն այղ եւս անցեալ է» անհասկանալի նախադասութեան մէջ լաւագոյն դէպքում կարելի է նկատել ներկայում եւ ապագայում եւս ոչ ցանկալի երեւոյթի կրկնութեան խոստում։

«Յաղթանակն այղ եւս մերն է» նախադասութեան մէջ «այղ եւս»-ը արդէն մտքին խառնում է ժխտական երանգ եւ պատրաստում լսելու «մերը չէ» տեղեկութիւնը։ Ի՞նչ է նշանակում «Խնդիրն այղ եւս լուծուած է»։ Այսպիսի կիրառութիւններն այղակերպում են մեր լեզուամտածողութիւնը։

 

Գրաբարում ունենք «այղ եւս - ոչ եւս այղ / մի՛ եւս այղ» հակադիր զոյգ։

«Այղ եւս» նշանակում է վերստին, ուրիշ անգամ, մեւս անգամ, նոյնպէս, էլի։

 

• «Նա այղ եւս սկսանի մարտնչել» (Նա էլ է սկսում մարտնչել)։

• «Ես այղ եւս գրեցից զթուղթ» (Ես էլի նամակ կը գրեմ)։

• «Նոքա տեսին զհրաշ եւ այղ եւս տեսցեն զնոյն» (Նրանք տեսան հրաշքը եւ ուրիշ անգամ եւս տեսնելու են այն)։

 

Ինչպէս տեսնում ենք, «այղ եւս»-ը գրաբարում ուրիշ իմաստ ունի, որ տարբեր է այսաւր արհեստականաւրէն ներդրուած «արդէն» իմաստից։ Եւ այդ իմաստով նա այղ եւս չի գործածուում։ Մնացել է ժխտական ձեւը միայն։

«Ոչ եւս այղ, մի՛ եւս այղ» նշանակում է՝ երբեք, այղ եւս երբեք. Առանց «այղ»-ի էլ «ոչ եւս», «մի՛ եւս» ինքնին նշանակում են «այղ եւս չ-», «այղ եւս մի՛», մնում է աւելացնել որեւէ բայ՝ «Ոչ եւս է» (այղ եւս չկայ), «Ոչ եւս լամ» (այղ եւս չեմ լալիս), «Մի՛ եւս խաւսեսցիս» (այղ եւս չխաւսես)։

 

• «Ե՛լ ի դմանէ եւ ԱՅՂ ԵՒՍ մի՛ մտանիցես ի դա» (Մրկ. Բ, 24։ Դո՛ւրս եկ նրա միջից եւ այղ եւս չմտնես նրա մէջ)։

• «ԱՅՂ ՈՉ ԵՒՍ գոյ խաղաղութիւն» (Այլ եւս չկայ խաղաղութիւն)։

• «ՈՉ ԵՒՍ ԱՅՂ խաւսեցայ ընդ ձեզ» (Յհ. ԺԴ, 30։ Այղ եւս չխաւսեցի ձեզ հետ)։

• «Ի կորուստ մատնեցար, եւ ԱՅՂ ՈՉ ԵՒՍ իցես յաւիտեան» (Կորստեան մատնուեցիր եւ այղ եւս չես լինի յաւիտեան)։

 

Արեւելահայերէնում «այղ ոչ եւս»-ի ոչ-ը դուրս է եկել, բայց չի անհետացել, այն անպայման որպէս ժխտական մասնիկ միանում է ստորոգեալին՝ պահպանելու համար նախադասութեան բնոյթը եւ անխախտ պահելու հայերէն լեզուամտածողութիւնը։ «Նա այղ եւս չի հեռանայ», «Դու այղ եւս չե՞ս աշխատում», «Ես այղ եւս բժիշկ չեմ»։

Категория: Այլ |
Просмотров: 173 Добавил: © Լուսինէ Աւետիսեան (16.10.2021) | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Сделать бесплатный сайт с uCoz