Գլխաւոր » Յօդուածներ » Իմ յօդուածները » ՏԻՐԱՆ ՉՐԱՔՅԱՆԻ (ԻՆՏՐԱ) ՊՈԵՏԻԿԱՆ |
«Պոետիկան» լայն հասկացություն է, և անհնար է վեր հանել նրա առաջադրած բոլոր խնդիրները։ ՈՒստի, մեր աշխատանքն ընդգրկում է հարցերի քննության մի որոշ շրջանակ։ «Ինտրայի պոետիկան» ուսումնասիրության առարկան «Ներաշխարհ», մասամբ՝ «Նոճաստան» գրքերն են, մամուլում լույս տեսած հոդվածներն ու էսսեները, ինչպես նաև անտիպ նամականին, որն առաջին անգամ շրջանառության մեջ է դրվում որպես կարևոր փաստանյութ. նախ՝ պոետիկան ներկայացնելու համար կարևորելով հեղինակի տեսական մտքերը՝ նամականու շնորհիվ որոշակիացրել ենք Չրաքյանի էսթետիկական հայացքները, համակարգել դրանք, պարզել գեղարվեստականության չրաքյանական իդեալը, և, այս առումով, նամակները պոեզիայի վերաբերյալ հեղինակի գեղագիտական հայացքները ճշտող հիմնական աղբյուրներից մեկն են, ապա՝ հենց նույն նամականիում առկա անկեղծ ու անմիջական տպավորությունների օգնությամբ «վերականգնել» հեղինակի ապրած իրականության պոետիկ այն դրվագները, որոնք «Ներաշխարհի» առանձին հատվածների նախապատկերներն են հանդիսացել։ Նամականին կարելի է համարել մի ինքնուրույն և ուշագրավ ստեղծագործություն, Չրաքյանի «Քերթողական արվեստը»։ Իսկ թե ինչպես է Չրաքյանի գեղագիտական իդեալն իրագործվել գեղարվեստական երկերում, որն է Չրաքյանի ոճի առանձնահատկությունը, որքանով է ներաշխարհի պատկերը գեղարվեստորեն տեսանելի, որ մոտիվներն են կրում այդ ներաշխարհի ամենամաքուր արտացոլանքը, ինչպես են դրանք մի կողմից՝ հիմնավորվում հոգեբանորեն, մյուս կողմից՝ գեղագիտական արժեք ձեռք բերում և այլն, փորձել ենք պարզել բուն ստեղծագործության քննությամբ։ Պոետիկան ուսումնասիրելու համար պետք է ճանաչել նաև հեղինակի աշխարհայացքը, բացահայտել նրա աշխարհընկալման փիլիսոփայական հիմունքները, մանավանդ, եթե փորձում ես բացել իմաստասեր բանաստեղծի աշխարհը։ Այս աշխատության մեջ վերլուծության են ենթարկվել Չրաքյանի աշխարհայացքը, փիլիսոփայական համակարգերի նրա ընկալումներն ու ինքնատիպ մեկնաբանումները, դիմել ենք փիլիսոփայական ուսմունքներին, ֆիզիկայի բնագավառում իր շրջանի նոր կամ դեռևս նախապատրաստվող տեսություններին, օգտվել ենք նաև անալիտիկ հոգեվերլուծության՝ մասնավորապես Կ. Գ. Յունգի «Կոլեկտիվ անգիտակցականի» սկզբունքներից։ Իմաստային ու կառուցվածքային առումներով առավել խիտ հատվածներում գտնելով Չրաքյանի պոետիկայի ամենահատկանշական դրսորումները՝ քննել ենք դրանք առանձին գլուխներում՝ ուշադրություն դարձնելով բառի, արտահայտության ու նախադասության գեղագիտական արժեքների արտաքին ու ներքին կերպավորումներին։ Գրականության պատմության տեսակետից բացառիկ հետաքրքրություն են ներկայացնում գրողի աշխարհը և գրողի կողմից այդ աշխարհի արժևորման կերպը՝ գաղափարական, հոգեբանական, արտահայտչական ինքնատիպ կառույցներով։ Դեռևս անտիպ՝ «Ներաշխարհն» արդեն արժանանում էր ուշադրության։ ՈՒստի, նախ ներկայացնում ենք հիմնական արդյունքները, որ գրականագիտական միտքը յուրացրել է Ինտրայի ստեղծագործության քննաբանությամբ։ *** 1906 թվականին Պոլսում լույս տեսավ հետաքրքիր մի գիրք, որն անտարբեր չթողեց ժամանակի գրական բարձր ճաշակ ունեցող ընթերցողին։ Վերջինս, սակայն, վաղուց էր սպասում «Ներաշխարհի» ծնունդին, և կար ընդհանուր մի հետաքրքրություն նրա հեղինակի անձի ու ստեղծագործության նկատմամբ։ Իսկ հեղինակը բազմակողմանիորեն զարգացած ու բազմաբնույթ հետաքրքրություններ ունեցող, պոետի ու մտավորականի արտաքինով ինքնատիպ մի անհատականություն էր՝ Գասպար և Աննա Չրաքյանների երկրորդ զավակը, որ ծնվել է Պոլսի թաղամասերից մեկում՝ պոեզիայով հագեցած Սկյուտարում, որտեղից սկիզբ առավ կյանքի հետաքրքիր մի պատմություն՝ մանկության հարուստ ու վառ տպավորություններով, խառնվածքն ու անհատական գծերը ձևավորող պատանեկությամբ, որն իր հետևում թողնելով թաղային Ս. Խաչ նախակրթարանը՝ հասունացավ Պերպերյան վարժարանում, որտեղ էլ գրանցվեցին առաջին գրական քայլերը։ Դրանց համընթաց՝ փորձեց գույների ու գծերի երկչափ աշխարհում տալ մանկական ներաշխարհի արտացոլանքը, որում Պոլիս այցելած ծովապաշտ նկարիչը նկարչի խոստումնալից ապագա գուշակեց՝ մտքով անգամ չանցկացնելով, որ այդ հանդիպումն ուրիշ խորհուրդ ունեցավ փոքրիկ Տիրանի համար, և որ այդ երեխայի հոգում արդեն Սև ծովի անունը «վրդովող անծանոթի խորհրդանշումն» էր, ու որ տարիներ անց «անծանոթին» նվիրվելու են հրաշալի էջեր՝ «Սև ծով, Այվազովսկի, Աստված» խորագրով։ Նրա գուշակությունը ճիշտ դուրս եկավ՝ միայն փոքրիկ սրբագրմամբ. Չրաքյանն իր նկարչական արվեստը չտեղավորեց երկչափ աշխարհում, այլ դուրս բերեց բոլոր չափումներից ու վրձնեց շքեղ բառերով, թեև, ավարտելով Պերպերյան վարժարանը, մի կարճ ժամանակ հաճախեց Պոլսի Գեղարվեստից վարժարանը՝ այդպես էլ կիսատ թողնելով նկարչական կրթությունը։ Տասնվեցամյա պատանին առաջին անգամ ուսուցչություն է անում Մագրի գյուղի Ազգային վարժարանում, փորձում ինչ-որ ակտիվություն ցուցաբերել մշակութային կյանքի իրադարձություններում, լույս ընծայում առաջին բանաստեղծությունները։ Ավելի հարուստ ու տարաբնույթ էր կյանքի երրորդ տասնամյակը, որի սկզբներին իր գծանկարներով մեծ ոգևորությամբ աշխատակցում է թուրքերեն մի պարբերաթերթի[*], ունենում առաջին հանդիպումը Սև ծովի հետ, Եվրոպան տեսնելու հույսը շարունակ փայփայելուց հետո վերջապես մեկնում Փարիզ՝ նկարչական ունակություններն ավելի խորացնելու նպատակով, հուսահատություն ապրում, դժվարությամբ կարողանում վաստակել հանապազօրյան՝ դիմանկար–ծաղրանկարումներով, մեկնում Ժնև, որտեղ հանդիպում է չրաքյանակերտ «ալպավայրի» բառով հիացած («Ալպիաները ամբողջ կերևակայե մարդ այս բառին մեջ»[*]) կիսացնոր Եղիա Տեմիրճիպաշյանին, այնուհետև ընկերոջ՝ Միքայել Կյուրճյանի[*] հրավերով սուրում է Եգիպտոս՝ անհագ կարոտով վայելելու նրա՝ եվրոպականությունից զուրկ իրականությունը, գողանալու նրա պերճանքից ակնթարթներ, որ հետո «Ներաշխարհին» տա, կամ որպես կտավ վերադարձնի իր թռուցիկ հայացքով հափշտակած արաբ կաթնավաճառի կերպարը՝ անակնկալի եկած ազգականներից լսելով ցնծագին գոչը. «–Մեր կաթնավաճառն է…»[*]։ Այստեղից վերադառնում է Պոլիս՝ հոր մահվան լուրն առնելուն պես։ Նոր բնակարանը, որտեղ հաստատվում է Չրաքյանը, Սկյուտարի թուրքական գերեզմանատան դիմաց էր՝ լուռ ու մթին նոճիների գրկում. այստեղ էլ գրվում է «Ներաշխարհը»։ Չորս տարվա սիրահարությունից հետո նշանվում է իր հարևանուհի Վերժին Պեյազյանի հետ, որ նույն ինքը՝ «Ներաշխարհի» Իռենան է։ Եվ 1900 թվականի հոկտեմբերի 16-ին ավարտում է «Ներաշխարհն» ու նույն օրն ընտրում «Ինտրա» գրական անունը։ Ամսվա վերջին ամուսնանում են։ Առաջին հոդվածը մամուլում հայտնվում է այն ժամանակ, երբ դեռևս անտիպ էր «Ներաշխարհը»։ Այս փաստն արդեն խոսում է այն մասին, որ Չրաքյանի գործն անպայման ունենալու էր իր ընթերցողը՝ թեկուզև հակասական գնահատանքներով։ Եվ ահա, 1902 թ-ին «Արևելյան մամուլում» գարունն ավետող առաջին ծիծեռնակի պես հայտնվում է Մուշեղ Վարդապետի «Ներաշխարհ կամ Ինտրա» հոդվածը, որը եզրափակվում է հետևյալ խոսքերով. «Ընդունված սովորութենե շեղում մըն է պարզապես ըրածս, գիրքն հազիվ տպագրության հանձնված գրադատական մը գրել, փույթ չէ, սակայն, շեղումներ կան, որոնք… կրնան մտքերը պատրաստել օգտակար գրքի մը ընթերցումին…»[*]։ Եվ հակիրճ մի գրախոսականի սահմաններում Մուշեղ Վարդապետը կարողացել է հատկանշական գծերով ներկայացնել «Ներաշխարհն» ու նրա հեղինակին՝ նախ՝ արտահայտելով իր հավատը, թե նրանք բերելու են ոչ միայն խորհելու, այլև բացատրելու կերպերի սպասված նորաձևությունը, պատմելով, թե Ինտրան նկարիչ է, միևնույն ժամանակ՝ բանաստեղծ, և թե այդ երկու արվեստներով գունազարդվում է «Ներաշխարհի» իմաստասիրությունը, թե ամբողջ գիրքը անեզրությունից տառապող մարդ էակի կամ մարդկության հառաչանքն է, «որ սակայն ժպիտներով կը ծաղկի»։ Վկայում է, որ «Ներաշխարհով» մեկ տարբեր պատկերների միջից պոռթկում են Աստծո գաղափարից սարսռող հոգու կոծերն ու օրհներգությունները, որոնք, սակայն, Նարեկացու լացերը չեն բնավ. «Ինտրայի e՛xtase-ը չունի վայրկյան մը ուր ինքզինքը ու entourage-ը մոռնա, գիտակցությունը ա՛լ ավելի շեշտված է Ներաշխարհի e՛xtase-ին մեջ»։ Եվ բերում է Ինտրայի՝ Ժնևից իրեն գրած նամակից մի հատված՝ «Ներաշխարհի» ոճի մասին պատկերացում տալու համար։ Գիրքը լույս տեսավ բավականին ուշացումով, ինչը վրդովեցնում էր հեղինակին ու լցնում համբերության բաժակը։ «Արտաշխա՞րհ չըլլալու համար արդյոք մինչև ցարդ երևան ելլել չկրցավ այս խեղճ գիրքը»[*],–բորբոքված գրում է Չրաքյանը Կյուրճյանին 1904 թ-ին։ Նա երկու տարի ևս պիտի սպասեր, մինչև ավարտից վեց տարի անց՝ 1906 թ-ի մայիսին, լույս տեսներ «Ներաշխարհը»՝ մանր-մունր զեղչումներով։ Նույն թվականին իրար հետևից լույս տեսան հոդվածներ, որոնք բոլորն էլ կամա թե ակամա փաստում էին, որ ինքնատիպ ու անկրկնելի մի երևույթ է ծնվել, որ «Ներաշխարհը» նոր, թարմ ու համարձակ շատ բան է բերում, ուրիշ հարց է՝ ընդունելի՞, թե ոչ։ Կարդալով «Ներաշխարհի» մասին գրված հոդվածները՝ ակամա մտածում ես, որ թեև ստեղծագործությունը հեղինակի էության արտահայտությունն է առհասարակ, այնուամենայնիվ, քչերն են ընթերցողի կամ արվեստաբանի ենթագիտակցության մեջ նույնանում իրենց ստեղծագործության հետ։ Ինտրային լիովին հաջողվել է այդ, և ոչ միայն այն պատճառով, որ գիրքը ներաշխարհն է ներկայացնում, և որ այն վերլուծելու ցանկացած փորձ կամա թե ակամա ինչ-որ չափով պիտի լիներ նաև գրողի էության ուրվագծումը, այլև այն պատճառով, որ գիրքն իսկապես հեղինակի անհատականության անխառն ու ամբողջական դրսևորումն է, կրկնապատկերումը ձև–բովանդակություն–լեզվամտածողություն եռաչափ աշխարհում։ Եվ հեղինակի ու նրա գործի նույնացումը ավելի շոշափելիանում էր հոդվածներում և դրանց վերնագրերում, ինչպես՝ «Ներաշխարհ կամ Ինտրա»։ Եվ հետո, գրքի մասին խոսելիս քննադատներն ամենից առաջ ասես Չրաքյանի խառնվածքն ու հոգեբանական նկարագիրն են տալիս, ոմանք նույնիսկ այդ անում են գեղարվեստական ստեղծագործությամբ։ Քիչ հեղինակներ կան, որոնք գրական հերոսի նախատիպ կարող են հանդիսանալ և միանգամից ճանաչվել ոչ շատ վարպետորեն դիմակավորված կերպարի մեջ։ 1905-1907 թվականներին «Արևելյան մամուլի» համարներում լույս տեսավ Զապել Եսայանի «Կեղծ հանճարներ» վիպակը (վիպակն ավելի ուշ՝ 1910 թ-ն, լույս տեսավ առանձին հատորով)։ Դեռ առաջին համարները լույս չտեսած՝ Չրաքյանը գրում է Կյուրճյանին. «Զապել Եսայան «Արևելյան մամուլին» մեջ «Կեղծ հանճարներ» վերնագրով գրված մը հրատարակելու վրա է, որուն մեջ հոգեբանությունը ըրած է մտացածին տիպարի մը՝ Տաճատ Չարըգյան, որ ինձմե զատ ուրիշ մեկը չի կրնար ըլլալ, այնքան նման է ինծի, և որ սակայն իմ խեղաթյուրումս, իմ այլանդակումս, իմ ստությունս է…»[*]։ Չրաքյանին այնքան տխուր գույներով ներկայացրած Զապել Եսայանին 1905 թ-ին հղած մի նամակում Արտաշես Հարությունյանը իր գնահատականն է տալիս վիպակին՝ հատկապես հիանալով նրա հերոսով. «Ձեր Տաճատ Չարըգյանը կհիացնե զիս։ Եվ այնքա՛ն ավելի, որքան իր ակնհար նմանությունը կհաստատեմ հրապարակին վրա (ուսուցչական, նկարչական ու գրական ասպարեզներուն մեջ) ծանոթ անձնավորության մը հետ, …իհարկե չեմ կրնար գիտնալ և իրավուն չունիմ գիտնալու, թե անպատճառ զինքը կպատկերացնեք»[*]։ Բացահայտ նմանությունը ցույց տալու համար բերենք մի հատված վիպակից. «…Իրեն համար նկարչությունը արտաքին աշխարհը ներկայացնելու միջոց մըն է գլխավորաբար, մինչդեռ գրականությունը խոսքին աստվածային և ճկուն հատկությանը շնորհիվ միայն թույլ պիտի տար որ ճանչցնե մարդկության՝ համայն տիեզերքին այն գերագույն, անհասանելի, անթափանցելի աշխարհը որ իր հոգին էր, իր ԵՍը, ամենակարևորը զոր պիտի ցուցադրեր նյարդ առ նյարդ, գուրգուրանքով, խնամքով, չմոռնալով անոր խորշիկներեն ոչ մեկը, ոչ մեկ թրթռացում և ոչ մեկ երանգ և որուն հոյակապ շքեղության դռները պիտի բանար միմիայն գրականության միջոցավ ապշած և շլացած մարդկության…»[*]։ Ամեն հեգնանք, ճշմարտության ծաղրանկարը լինելով, նույն ճշմարտության արտացոլանքն ու քարոզիչն է հաճախ։ Եվ երբեմն, խոսքի մեջ առկա աննկատելի հիպերբոլան այս պարագայում անտեսելու դեպքում, դժվար է տարբերել ծաղրը արժանի գնահատանքից։ 1904 թվականի հունվարի 10-ի մի նամակում ևս հանդիպում ենք Չրաքյանի փոքրիկ դժգոհությանը. «Օտյանը զիս տեսած է Մագրիգյուղի վարժարանին մեջ, ամառ մը, ևտնօրենի հետ քազինո մը գացած ենք, կարծեմ։ …Այդ օրեն ետքը Օտյանը scene մը գրած էր թերթի մը մեջ, պզտի come՛die-ի պես բան մը, որուն մեջ Տիրան անունով և ապուշցած մեկը կար կարծեմ։ Այդ օրե ի վեր նեղացած եմ Օտյանե.–գնաց եկավ տե Տիրա՞ն դրավ իր մարդուն անունը, զիս տեսնելե անմիջապես ետքը…»[*]։ Բայց և այնպես, քմահաճ Չրաքյանը չէր կարող օբյեկտիվ չլինել ու ճշմարիտ արվեստը չգնահատել ըստ արժանվույն՝ Օտյանին անվանելով «սքանչելի գրագետ»։ Անվիճելի է, որ Չրաքյանն իր ժամանակի վառ անհատականութուններից մեկն էր և իր կեցվածքով, սկզբունքներով և բոլոր տարօրինակություններով շարժում էր շրջապատողների հետաքրքրությունը, և գրոտեսկը, ի դեմս Չրաքյանի, հեշտությամբ կարող էր իր հերոսին տեսնել։ Չրաքյանի էությունը բնորոշվում է բոլոր զգացմունքների ծայրահեղությամբ՝ արտահայտված նյարդային լարվածության, հանկարծական բռնկման, անսպասելի պոռթկումի, անհանդուրժողականության կերպերով, որ արդեն ակնհայտ էին աշակերտական տարիներին, «երբ ծառացավ շրջապատին դեմ, քամահրեց իր դասընկերներն ու ուսուցիչները՝ շատ անգամ պոռալով անոնց երեսին. «Պարոննե՜ր, այսպես չեն դասախոսեր»»[*]։ Եղածը նրան երբեք չէր բավարարում, նա անհագ էր իր բոլոր ցանկություններում։ Չափավորությունն անառարկելիորեն հատուկ չէ զորեղ արտիստական խառնվածքին։ Այս ամենը Չրաքյանի անձի մասնակի ուրվագծումն էր և, ամենից առաջ, ընդգծումը հետաքրքիր անհատականության, որ նախապայմանն է հետաքրքիր արվեստագետ լինելու։ Ճիշտ է նկատել ժամանակակիցներից մեկը՝ Չյոկյուրյանը. «Միշտ գրեթե մարդ գործեն կդատվի, բայց կան պարագաներ, ուր պետք է ճանչնալ հեղինակը՝ լավագույնս հասկնալու գործը»[*]։ Չրաքյանն այդ հեղինակներից է, նրա մասին հուշերի պատառիկներ պիտի փնտրեին, և ինչ-որ մեկը պիտի հավաստիացներ. «Ներաշխարհի» հեղինակին անձին և անոր իմացական բազմապիսի կարողություններուն մասին գրելով կարելի է հատոր մը կազմել»[*]։ Իսկ արվեստագետի մասին խոսելիս նախ պետք է որոնել ու ճշտել, թե նա ինչ յուրօրինակ, անձնական ու անկրկնելի հատկության շնորհիվ է տարբերվում ուրիշներից։ Եվ սա այնքան էլ դժվար չէ, որովհետև ճշմարիտ արվեստագետը իրեն դրսևորելու յուրաքանչյուր աննշան փորձում անգամ հայտածում է իր հոգեկերտվածքը, իսկ այդ դեպքում արտահայտված գաղափարներն, անշո՛ւշտ, սահմանափակ դեր ունեն։ Այդ չէ՞ր պատճառը, որ «Ներաշխարհի» մասին պատկերացում տալու համար Մուշեղ Վարդապետը ներկայացրել էր մի հատված Չրաքյանի նամակից։ Կարևոր է ու հետաքրքիր իմանալ, թե ինչպես են գրողներն ու գրականագետները բնորոշել «Ներաշխարհը»՝ վերջինիս անցած գրեթե մեկդարյա ճանապարհին։ Կարելի է երկու մասի բաժանել Չրաքյանին վերաբերող հոդվածները։ Դրանց մի մասը գրված է քնարական շնչով, որով հոդվածը վերածվում է «Ներաշխարհի» անբացատրելի հմայքը նկարագրող գեղեցիկ էսսեի։ Այնտեղ իշխում են անմիջական տպավորությունները, որոնք զգացմունքային հզոր ազդակներ են հանդիսացել՝ «Ներաշխարհը» վերածելով ոգեշնչման յուրօրինակ մի աղբյուրի, իսկ հեղինակին՝ բանաստեղծական երանելի կերպարի։ Նրանցում ուրիշ չափանիշներ են գործում՝ դուրս տարածությունից ու ժամանակներից։ Նրանցում ճշմարիտ արվեստի ճշմարիտ բանաձևումներ կան, գուցե ինչ-որ տեղ՝ նաև ծայրահեղ որակումներ, որոնք թերևս ներելի են, և նույնիսկ երբեմն անհրաժեշտ են նման վերլուծումներին։ Աղասի Այվազյանը Չրաքյանի հարյուրամյակի առթիվ կգրի փոքրիկ մի հոդված, ավելի շուտ, վարքագրության ոճով այն մի երկու էջը, որոնք լի են պաթոսով ու ոգեշնչմամբ. «Թերևս մեզ պետք էր Րաֆֆու նման գրող, կյանքի ամենաամուր «տրամաբանությամբ» նյութի շարժման թելադրմամբ ստեղծվող գրող։ ՈՒ այդ պայմաններում ստեղծեց Ինտրան, որ, թերևս մինչև օրս չի հասկացվել մեր կողմից, որովհետև ժամանակի տրամաբանությունից դուրս է նա։ …Նրա բոլոր խոսքերը մահվան մասին միայն կյանքի կոչ էին, ու թերևս թեթևամիտ գրականագետները կարող էին նրան անվանել հիվանդագին տաղանդ։ …Հայ գրողների, մտավորականների մեջ նա միա՛կն էր, որ չմտածեց գրողի մասնագիտության մասին…։ Ինտրան գտնվում էր մեր արած գրականությունից ա՛յն կողմ. և փառք Աստծո, որ նա գրեց իր մի քանի էջերը իրեն ճանաչեցնելու համար։ Նրանք գալիս են առողջացնելու աշխարհը, թեպետ նրանց հիվանդ ու խենթ են անվանում»[*]։ «Վարքագրության» էջերը կարելի է շարունակել Չրաքյանի աշակերտներից մեկի՝ Էդուարդ Սիմքեշյանի հիացման ու խոնարհումի խոսքերով. «Ինչ որ կկազմե իր անձին ու գրականության ամենեն համերաշխ արտահայտությունը, Ինտրայի մեծ ու անիմանալի միստիքականությունն է միայն։ …Սահմանազանց գրագետն էր ան, որ ուզեց քանդել հոգեկան բանտը և մարդկային մտքին անձուկ լուսամուտները։ …1900-ի սեմին վրա, արևմտահայ դպրության ամենեն փորձանավոր մեկ վայրկյանին, Չրաքյանի զարտուղությունը ինքնատպության առաջին սաստն եղավ, որ անակնկալի բերավ լճացած ու ինքնագոհ հոգիները։ …Իրմով սկսավ մտածողական բանաստեղծությունը, որ… տվավ գաղափարական իրականությանց դեմ խիզախելու վայելքը։ …«Ներաշխարհը»՝ հայ արձակին այդ վակներյան երգեցողությունը»[*]։ Չրայքանի անձին ու գրականությանը վերաբերող նման ձևակերպումներ շատ կարելի է բերել, սակայն, կարծում ենք, այս մեկ-երկուսն էլ բավական են՝ Չրաքյանի հայտնության գեղեցիկ արձագանքը ներկայացնելու համար։ Գիտական տեսանկյունից ուշագրավ էին 1906 թվականին մամուլում լույս տեսած հոդվածները, որոնք «Ներաշխարհի» գրեթե միաժամանակյա արձագանքը եղան։ Այդ թվականին «Բյուզանդիոնի» համարներից մեկում, հիշեցնելով տարվա ձեռքբերումները գրականության ասպարեզում, Պարույր Բ. Քեչյանը գրում է. «…Լեզվական տարբեր խնդիր մը հարույց Ինտրա, իր «Ներաշխարհն» հրատարակելով։ Այս գիրքը, որ իր բովանդակությամբն իսկ նորություն մ’է մեզ համար, զարմանք պատճառեց իր լեզվական փորձություններով, բառակերտական հանդգնություններով, կիտադրության նոր դրության մը հետևողությամբ, և վերջապես, ոճովը, որոնք իրավացի դիտողություններ հարուցին…»[*]։ Կարելի է պատկերացնել քննադատների այն մեծ բանակը, որով շրջապատվել է «Ներաշխարհն» իր ծննդյան պահից՝ Ռ. Պերպերյան, Մուշեղ Վարդապետ, Տ. Չյոկյուրյան, Տ. Ելքենճյան, Ա. Հարությունյան, Հ. Սեթյան, Մ. Կյուրճյան, Ա. Չոպանյան, Ենովք Արմեն, Արմեն Սևան, Հ. Օշական, Գ. Պըլտյան, Վ. Գաբրիելյան, Ստ. Թոփչյան, Վլ. Կիրակոսյան և այլոք։ Հիմնական թերությունը, որին ուշադրություն են դարձնում գրեթե բոլոր քննադատները, Չրաքյանի բառօգտագործումն է, լեզվի կանոններին չենթարկվելը։ Նյութի տեսակետից բոլորն էլ նշում են նրա իմաստասիրության չհամակարգված, անկատար ու թույլ լինելը, բայց չեն կարող չնկատել խիստ արտահայտված պանթեիզմը։ Ինտրայի՝ ամենից շատ հանդիպող որակումը «միստիկն» է։ Շատերն են նրան համեմատել Նարեկացու հետ։ Համարվել է սիմվոլիզմին ամենից շատ տուրք տված ներկայացուցիչը հայ գրականության մեջ։ Նկատվել ու հանգամանալից քննվել է Ինտրայի իմպրեսիոնիստական ուղղվածությունը։ Պերպերյանը, որ, Չրաքյանի խնդրանքով, ստանձնել էր «Ներաշխարհի» առաջաբանը գրել, թերևս առաջինն էր գնահատել դեռևս անավարտ գործը՝ նրանից ինչ-ինչ հատվածներ կարդացած լինելով։ Նա շատ լավ գիտեր իր սանի թերություններն ու առավելությունները. նրա համար ամենաանընդունելին լեզվական օրենքների դեմ ըմբոստանալն ու դրանք շրջանցելն էր, իսկ «Ներաշխարհի» ամենաբնորոշ կողմերից մեկը, որ նկատել է նա հիացմունքով, տիեզերքի աստվածացումն է, նյութից հոգուն անցումը, պանթեիզմը, որով ներծծված է ամբողջ երկը. «Համաստվածյան հակումները, որովք խմորված ես, իրերն ու էությունները միակ էության մ’եղանակավորումներն ու այլակերպ ձևառությունները խորհելու տրամադրությունդ տեսությանդ առջև իրար կշփոթեն շնչավորն ու անշունչը, երկնայինն ու երկրայինը, մեծն ու փոքրը, հանճարն ու հիմարությունը, ու աստվածացյալ տիեզերքին պատկերներուն առջև խանդավառ, երևակայությունդ կելևէջե արագ նյութեն հոգիին, հոգիեն նյութն, իր հափշտակությանցը մեջ ամեն ինչ ոգևոր ու մտածուն զգալով, ամենայնի հետ ոգեխառնվելով, համայնին մեջ մխրճվելով, սուզվելով, անհուն ոլորտին մեջ թալացյալ հևիհև, ճախրելով, վերացման անոսր անգայտ մարզերուն մեջ կորսվելով»[*]։ 1906 թ-ին «Բյուզանդիոնի» համարներում իրար հետևից լույս տեսան Տիրան Չյոկյուրյանի, Արտաշես Հարությունյանի, Տիրան Չրաքյանի, Տիգրան Ելքենճյանի և այլոց հոդվածները։ Չյոկյուրյանը «Ինտրայի «Ներաշխարհը»» հոդվածում գրում է. ««Ներաշխարհն» երևույթ մ’է իր ոճին ու գաղափարներուն ձևին տեսակետով, ու մեր գրականության այնքան օտար, որուն մեջ գրական անկախ ուղիներու հակումը քիչ է այնքան, ուր իմաստը պարտկված է հաճախ նույնքան ազազուն ձևի մը մեջ»[*]։ Հոդվածագիրը ուշադրություն է դարձնում հատկապես Ինտրայի ոճի նկարչականությանը, որն, ըստ նրա, բանաստեղծի՝ նկարիչ լինելու արդյունքն էր, հորդ, ցնցող ու ընկճող պատկերներին, որոնք հիշեցնում են Նարեկացու պատկերների ճոխությունը, բնության մեջ ընկլուզմանը, որ տանում է դեպի «Հեկելյան համաստվածության», ու նաև՝ նոր ու անհասկանալի բառերին, որոնց մասին գրում է. «Ասոնցմե ոչ մին կվնասե գործին գեղեցիկ ամբողջականության»։ Արտաշես Հարությունյանի «Ինտրա և իր «Ներաշխարհը»» հոդվածում Ինտրան տարականոն տաղանդների շարքում է կանգնած, քանի որ չունի հանճարի տիեզերականությունը, «բայց մեկուսի ու վեր է հասարակ միտքերու ռամիկ սովորականութենեն»[*]։ Նա խրոխտ, անհամբույր, «խստորեն եսական միտք մ’է», իսկատիպ խառնվածք, բայց «իսկատպության բնազդն իրեն մեջ գիտակցության բարձրացած վիճակ մ’է»։ Նրա տաղանդն, ըստ հոդվածագրի, ծայրեիծայր հանդուրժելի չէ, և դրա գլխավոր պատճառը խոր ու բարձր գաղափարները չեն. «Չրաքյանի ոճին նկարագիրը վերագրելի է իր իսկ անհատական նկարագրին»։ Իսկ «Ներաշխարհը» փոթորիկ է, «զգայապատրանական նոպայի մը ուժգին զարկը»։ Չրաքյանը միստիկ բանաստեղծ է, նրա միտքն ունի նաև «e՝soterique ու hermetique» նկարագիր։ «Ներաշխարհը» հանգամանալից քննության ենթարկեց նրա ժամանակակից գրականագետներից մեկը՝ Տիգրան Ելքենճյանը։ «Բյուզանդիոնի»՝ իրար հաջորդող չորս համարներում լույս տեսավ նրա «Չրաքյանի «Ներաշխարհը»» ծավալուն հոդվածը։ Նա Չրաքյանին հատկանշական մի բնութագիր է տալիս. «Գրական տաղանդի maximum-ը կամ Հանճարի մոտեցող Տաղանդ մ’է», «Տարօրինակ խառնվածք մը, վե՛ր, վե՛ր հասարակախառն տիպարներե»[*], թե նա ճշմարիտ արվեստագետ է՝ ընդօրինակիչ հետևակությունից հեռու։ Այնուամենայնիվ, Ելքենճյանն ունի լուրջ դիտողություններ, որոնք հիմնականում պտտվում են լեզվական օրենքները զանց առնելու շուրջ։ Հենց հոդվածի սկզբում ճիշտ է նկատում, որ Չրաքյանի գործը առաջին անգամ ընթերցելիս միտքը տաժանալից տպավորություն է կրում, և որ դրա պատճառը անսովոր լեզուն է։ Սուր մի քննադատությամբ հիշեցնում է, որ լեզվի հետ չի կարելի վարվել՝ ինչպես սեփական ստացվածքի հետ, թե լեզուն հստակություն է սիրում, առանց որի ճոխությունն ընդամենը ճապաղության է վերածվում։ Ելքենճյանին դուր չեն գալիս հեղինակային բառաբարդումները, որոնք շինծու են և ավելորդ, քանի որ կարելի է նույն բանն ասել վայելչորեն մեկից ավելի բառերով, չի ընդունում բանաստեղծական հատվածներում սառնություն սփռող հունաձև բառերի օգտագործումը, որոնք հնում ստեղծվել ու գործածվել են գիտական նպատակներով, անհանձնարարելի է համարում լեզվական այն համարձակությունը, որով Ինտրան կրճատում է բառերի մեջ առընթերակից տառերը կամ վանկերը, ասենք՝ «երազ» և «զմայլ» բառերից ստանալով «երազմայլ» բառը։ Բայց Ելքենճյանին՝ որպես գեղագետ արվեստաբանի, չէր գոհացնի խիստ կանոններով ու օրենքներով գրված «Ներաշխարհը». այդ են խոստովանում հոդվածի հետևյալ տողերը. «Բայց լեզվական մեղքերու սոսկումը կամ խստադեմ դասական Ինտրայի մը միջամտությունը պատճառ պիտի չըլլա՞ր շատ մը գեղեցիկ հատկությանց նվազման «Ներաշխարհին» էջերուն մեջ։ Լեզուն պիտի շահեր, ըստ մեզ, բանաստեղծությունը պիտի կորսնցներ»։ Եվ այն, ինչ հենց ինտրայական բանաստեղծությունն էր, չէր կարող հզոր տպավորություն չգործել քննադատի վրա, որը ցնցված պիտի բացականչեր ասես, թե «հեղինակը հրեշն է գրված Պատկերին»[*], թե Ինտրայի բանաստեղծությունը քրմական խորհրդավորությամբ խառն քնարերգություն է, թե Ինտրայի իդեալն աստվածային Նարեկացին է, թե բանաստեղծը խոսքի ուժի սովորական չափը զորացնելու միտում ունի և ազդած տպավորությունները տևական դարձնելու կարողություն ունի։ Չրաքյանի ստեղծագործության մեջ Ելքենճյանը նկատում է նորագույն գրականության պայմանները մեր լեզվի «ասիական հորդության հետ» հաշտեցնելու ճիգ։ Իսկ բովանդակային առումով, Ինտրայի ներշնչած հիմնական գաղափարը համարում է «Խորհրդապաշտական Համաստվածությունը (pante՝ism mistique)»[*]։ Բայց միաժամանակ նշում, որ Ինտրայի իմաստասիրական սկզբունքներն ազդվում են վայրկյանի տպավորություններից։ ՈՒրիշ մի հետաքրքրություն է ներկայացնում հենց իր՝ հեղինակի ինքնաքննադատությունը, որտեղ Ինտրայի գործը վերլուծում է Չրաքյանը, և ծավալուն հոդվածում՝ ««Ներաշխարհն» իր հեղինակեն դիտված», միայն որոշ պահերի են նրանք նույնանում, և հայտնվում է սուբյեկտը իր դիտակետով։ Հեղինակին ամենից առաջ պիտի հուզեր «Ներաշխարհի»՝ բազմիցս որպես ցավոտ կողմ ներկայացված լեզվական զարտուղությունը։ Որոշ բարդությունների ստեղծման ու օգտագործման շուրջ համաձայնելով «Ներաշխարհի» քննադատների հետ, այնուամենայնիվ, ընդդիմանում է ամեն քննադատության՝ համոզված, որ գրքի նոր բառերը «վայելչություն մ’ունին ձայնական կամ ոսկերչական, նույնիսկ ամենեն անտեղիները»[*]։ Իսկ ընդհանրապես բառակերտությունն, ըստ հեղինակի, ուշագրավ է ոչ միայն՝ որովհետև արվեստագետի գործ է, այլև արդյունք է վերացման ու ընդհանրացման, և բառաստեղծները հիմնականում նրանք են, ում իմացականության գլխավոր հատկությունն է վերացումը։ Ինտրայի լեզուն առաջին հայացքից ժդվարըմբռնելի է, փաստում է հեղինակը, որովհետև ոչ միայն նոր է, այլև ճոխ է ու հոծ։ «Իր ոճը նկարագեղ է, ինչպես նաև գրելն հաճախ նկարել մ’է»[*], սակայն, հերքելով իր քննադատներից ոմանց եզրահանգումը, նշում է, որ այդ ոճը բխում է ոչ թե իր՝ նկարիչ լինելուց, այլ «իր դեմհանդիմանական մտքին համադրողութենեն»։ Իսկ նրա իմացականությունը ամբողջովին «դեմհանդիմանական» է (ինտուիտիվ), որովհետև, սիրելով պատկերալից բացատրությունները, պատկերի «խտացուցիչ» հատկության շնորհիվ կարողանում է հայտածել գաղափարի հոծված հստակությունը։ «Ներաշխարհի» կարևորագույն սկզբունքը ճշմարտանման լինելը բացառելն է. նրանում ո՛չ կեղծ լեզու կա, ո՛չ շինծու ոճ, և ամեն զգացում անպայմանորեն ապրված է։ Գրքի «Ծանոթության» մեջ կատարած իր դիտողություններն ավելի հանգամանալից ներկայացնելով ինքնադատականում՝ Չրաքյանը հիմնական թերություններն է համարում գրքում տեղ գտած որոշ աղոտ գաղափարները, իմաստասիրության թերակազմ լինելը, կապից զուրկ լինելը («կապն արվեստ մ’է»[*])՝ «խիստ այլազան նյութերի» միությունն (ինչը հեղինակի «հոգիեն բխած առավելություն մ’է») ունենալով հանդերձ։ «Ներաշխարհի» նկարագիրը՝ մի քանի տողում ընդհանրացված, ներկայացնում է՝ ասելով. «Շատ բան կա հոն, բայց ո՛չ լոկ ամենը։ Ինտրայի գիրքն անկերծապես ինքնաբերված է, և բավական զննված չէ, մեծապես բնական է, բայց բավական արվեստական չէ։ Այս լեռնակույտը բուրգ մը չարժեր»[*]։ Տեղին է այստեղ նամակների էջերից քաղված տողեր բերել, որոնք «Ներաշխարհի» անկեղծ ու գեղեցիկ որակումներ են և օբյեկտիվ ինքնագնահատման նմուշներ. «Գիրքը ես իսկ եմ, այն ատենիս վայրկյաններովս, խռովքովս լեցուն…»[*], «Գեղեցիկ բաներ կան մեջը, համբավի մը բավական»[*], «Սպասածդ չգտնելով՝ չելլես հոռեգույն գտնես գիրքը, քան որչափ չէ»[*], «Հավատարմագույն երկը այն է, որ զուտ չէ։ Թող լավագույն էջերը կարդացվին իբր մխիթարություն մը՝ գեշ գրվածներուն հանդեպ. ու զանոնք ցայտնեցնողի համեստ դերը կատարեն միայն»[*], «Ըսեմ քեզի, որ հազիվ իր մեկ քանի էջերուն վրա համարում ունիմ. 200-250 էջերեն հազիվ թերևս մեկ տասնյակը կնկատեմ իբր «Ներաշխարհի» տեսիլներ ու վիճակներ քեզի ներկայացնելու արժանավոր։ Մնացյալը հասարակություն, հետևակություն է»[*], «Ոչ ոք իր հատկությունները այնքան խանդով պանծացուց, որքան ես. ոչ ոք իր ցածությունները այնքան ցավով ու փորձառությամբ գիտե ու կրնա ծաղրողբալ (մի չրաքյանական բառ ևս–Լ. Ավ.), որքան ես»[*], «Երջանիկ եմ գիտնալուս, թե տակավին վեր եմ այդ գիրքեն, վասնզի գի՛րքը… կոշիկես վեր չէ»[*], «Խիճերու մեջ երևան ելած ադամանդ մըն է, և գոհարներուն մեջ դրված brilliant մը չէ»[*]։ «Ներաշխարհի» արժեքը գրականության մեջ գրեթե բացառող տեսակետով է Հակոբ Օշականը քննում գիրքը։ Մի գրականագետ, որն իրավացիորեն պիտի պահանջեր յուրաքանչյուր գրողից ներկայացնել «այն անվերծանելի տարազը, որով կհատկանշվին ցեղերու անհատականությունները», կամ որին պիտի հուզեր այն հարցը, թե «որչափո՞վ գոյ է հայ տարրը» այս կամ այն հեղինակի ստեղծագործության մեջ, կամ՝ թե «Ո՞Ւր է մեր ոճը»[*], չէ՞ որ «Գրականություն մը ժողովուրդ մըն է»[*] և այլն, խորթ պիտի համարեր «Ներաշխարհը», պիտի բողոքեր, թե «Չրաքյանը իր ժողովուրդը պատկերող վկայություն չէ»[*], թե «Ներաշխարհը» աշխարհ մը չէ»[*], թե այն փքվել ու փառաբանվել է՝ իրականում արժանի չլինելով դրան, թե Չրաքյանը, ինքնատիպության մոլուցքով տարված, զոհել է «արտահայտության ամենեն անզոհելի ձևը, որուն մեջ միայն կկաղապարվի անձի մը հոգիին պատկերը»[*], զանցումներով ստեղծել է պատրանքներ՝ այդպիսով գոհացնելով իր մեղավոր փառասիրությունը։ «Ներաշխարհը» լեզու շինողի խաղարկություն է ընդամենը, «քերթողական հոխորտ, անիրական, քմայական ճախրանք»[*]՝ ի հակադրություն Պարոնյանի պարզ ու հավասարակշիռ լեզվի (ի դեպ, Օշականը իր համակրած հեղինակների արժանիքները վեր հանելու համար գրեթե միշտ դիմում է Չրաքյանի «օգնությանը»)։ «Գրագետի մը վրա խոսած ատեն երբ լեզուի շնորհներեն դուրս քիչ բան ունիմ վերհանելի, ահա ողբերգությունը։ Այս տրտում փորձառությունն է, որ Չրաքյանի մը տաղանդը կընե այնքան պզտիկ, գրեթե վիրավոր»[*]։ Վկայելով, որ «Ներաշխարհը» «Հայ Հոգիի տարողությանը» ոչինչ չի ավելացնում, միաժամանակ մթին ու անթափանցելի է, այնուամենայնիվ, նրանում «հավաքական զգայնության շահագրգռող մտավիճակներ, հոգիի վիճակներ» է տեսնում կուտակված, որոնք անհրաժեշտ են մեր հավաքական հարստությունների թանգարանին։ Իսկ տողերում կախված թողնելով իր այն հարցը, թե ինչ արժեք ունեն այն գործերը, որոնք անհաղորդ են ռամկի հոգուն, այդուհանդերձ, փորձում է արդարացնել նման գործերի գոյության իրավունքը. «Ասոնց արժեքը պետք է պայմանավորել սակայն օր մը կարելի իմացական ամբոխի մը հեռանկարով։ Այսօր «Ներաշխարհը» ավելի քիչ կտառապի մթության մեղքով մը ու կես դար հետո այդ մեղքն ալ կեղևաթափ պիտի իյնա գործին վրայեն»[*]։ Իր «Արևմտահայ բանաստեղծներ» գրքում Չրաքյանի բանաստեղծական աշխարհն է քննել Վազգեն Գաբրիելյանը։ Չհերքելով Չրաքյանի և նրա սերնդակիցների վրա սիմվոլիզմի ազդեցությունը և այն իրողությունը, որ սիմվոլիզմին ամենից ավելի մեր գրականության մեջ տուրք է տվել Չրաքյանը, նա չի ընդունում Լ. Ասմարյանի տեսակետը, թե Ինտրան այդ գրական հոսանքի անվերապահ հետևորդն է[*], որովհետև «Սիմվոլիզմին բնորոշ եսապաշտությունը, հոռետեսությունը այնքան էլ բնորոշ չեն Ինտրային»[*]։ Իսկ սիմվոլիզմի էության հետաքրքիր բացահայտում է խենթի մտքի ու հոգու չրաքյանական բացատրությունը։ Գաբրիելյանը գտնում է, որ Ինտրայի միստիցիզմը թելադրված է մարդկային կատարելության որոնումից, իսկ անդրաշխարհի ձգտումը իրական աշխարհի գորշության դեմ բողոքի արտահայտություն է։ Չրաքյանի ոճը քննելիս նկատում է, որ նրա պատկերը չի կառուցվում առանձին համեմատություններից. Չրաքյանի պատկերը լույսի ու ստվերի միասնություն է, որը փոխարինվում է գույների նրբերանգներով, երբ բանաստեղծը փորձում է Եգիպտոսի միջավայրը պատկերել։ Նաև արձանագրում է հետաքրքիր մի լեզվական ոճ, «որը թերևս միայն Չրաքյանինն է։ Նախադասության մեջ նա օգտագործում է հետադաս ածականներ, որոնք բաժանվում են ստորակետերով և թողնում են առանց վերադրի, միայն հանգույցով կազմված նախադասության տպավորություն»[*]։ «Ներաշխարհի» հետաքրքիր ու ինքնատիպ վերլուծություն է Գրիգոր Պըլտյանի «Տրամը»։ Նա էլ, ինչպես բոլոր քննադատները, «Ներաշխարհը» համարում է «ամենեն զարտուղին Արևմտահայ գրականության»։ Ըստ սեռի ու ժանրի գիրքը բնորոշելու փորձը Պըլտյանը հետևյալ ձևակերպմամբ է տալիս. «Նույն ատեն բանաստեղծություն, իմաստասիրություն, լեզվի տեսություն, հուշագրություն, վեպ, արվեստախոհություն՝ միասին ու փոխն ի փոխ, ինչ որ կկեդրոնատեղափոխե գրությունը ու կդարձնե անոր պիտակումը՝ անկարելի»[*]։ Ինչպես իրենից առաջ եղած քննադատները, Պըլտյանն էլ է Չրաքյանին համեմատում Նարեկացու հետ՝ հատկապես բառակերտական կարողություններով։ Սակայն «Ներաշխարհի» ու «Ողբերգության մատյանի» նրա համեմատության համար հիմք է հանդիսանում երկուսին էլ հատկանշական սկզբունքը՝ «բառաստեղծությունը բանաստեղծության կանոնի վերածումը»[*]։ Իսկ Չրաքյանի բառաստեղծման պատճառն այն է, որ գրելիս անեզրության նրա ձգտումը հանդիպում է լեզվի մասնավորությանը։ Այդուհանդերձ, Ինտրայի լեզուն «բնականության» մեջ է առնված, ինքնին թափանցիկ է, հնարավոր է դարձնում պատկերի խորքը տեսնել, բայց հենց պատկերի առջև ջնջվում է։ Ինտրան, որ նույն «Ներաշխարհն» է, «Նկարն է առանց դիտողին, առանց գիտակցության»[*]։ Ինտրայի երկը, որպես իմպրեսիոնիզմի վառ օրինակ, մանրամասնորեն քննել է Ստեփան Թոփչյանը։ Ինտրայի ժամանակակից քննադատներից Ենովք Արմենը «Արևելյան մամուլում» «Ներաշխարհը» գրախոսելիս նկատել էր Չրաքյանի բանաստեղծական երաժշտականությունը, ինչպես նաև տպավորապաշտական դպրոցին՝ իմպրեսիոնիզմին, պատկանելը։ Թոփչյանը հիմնովին ներկայացնելով իմպրեսիոնիզմի գեղագիտությունը, նրա առանձնահատկությունները, Չրաքյանի ստեղծագործությունը համարում է այդ ուղղության ցայտուն օրինակը հայ գրականության մեջ։ Նրանում ակնհայտ են վայրկենական ապրումներն ու տպավորությունները, գույներով ու նրանց տարրալուծումներով տրված ցոլապատկերումները։ Միստիցիզմը հատուկ է համարում Ինտրային այնքանով, որքանով որ այն բնորոշ է բոլոր իդեալիստական մտածողություններին։ Հատուկ ուշադրություն է դարձնում «Ներաշխարհի» լույսի պաշտամունքին և իմպրեսիոնիզմի գեղագիտության մեջ նրա կարևորությանը։ Եգիպտոսի պատկերների առնչությամբ խոսում է Չրաքյանի արևելասիրության և նրա էկզոտիզմի էսթետիկայի մասին։ Չրաքյանի ստեղծագործությանն իր հետաքրքիր ու արժեքավոր ուսումնասիրությամբ անդրադարձել է Վլադիմիր Կիրակոսյանը։ «Արտաշխարհի ներաշխարհային պատկերը» նշանակալից է նախևառաջ այն իմաստով, որ քննությունը տարվում է պատմական լայն ընդգրկման մեջ ստեղծագործության պրոյեկտմամբ, և, ըստ այդմ, բարձրացվում են երկու կարևոր հարցադրումներ, նախ՝ թե ինչ հատկանիշներով է բնութագրվում բանաստեղծի անհատականությունը, ինչով է նա առաջ մղում հայ գեղարվեստական միտքը, ապա՝ «Ներաշխարհը» մեկնելի է հայ բանաստեղծության պատմական փորձի տրամաբանությամբ, թե ոչ։ Գտնում է, որ որքան էլ Ինտրայի ստեղծագործությունն անակնկալ ու օտարոտի թվա առաջին հայացքից, իր խորքային տարերքով միանգամայն հարազատ է դարասկզբի հայ բանաստեղծական վերածննդի ոգուն։ «Հրաժարումն իսկ չափածոյի համեմատաբար սահմանափակ հնարավորություններից արդեն լուծում էր կարևոր գեղարվեստական խնդիր»[*]։ Արձակ բանաստեղծության միտումը իրավացիորեն դիտվում է որպես ժամանակի գեղարվեստական գիտակցության բնորոշ գծերից. այդ բնագավառում ինքնատիպ փորձեր է ձեռնարկում Ռ. Զարդարյանը, իսկ Վ. Թեքեյանի «Հոգերում» արձակ բանաստեղծությունն արդեն գերակշռող որակ է։ «Ներաշխարհի» ընդգծված միստիկականությունն էլ օտար երևույթ չէր արևմտահայ գրական մտքի համար, և 1895 թ-ին Ա. Չոպանյանը հոդված էր գրում մեր գրականության մեջ նրա դերի մասին և այն մասին, որ միստիկականությունը գոյություն ունի մարդկության պատմության վաղնջական ժամանակներից։ Կիրակոսյանը նշում է նաև, որ «Ներաշխարհը» չի կարելի միանշանակորեն նույնացնել այս կամ այն ուղղության հետ (Այս կետում նա, ապացուցված համարելով մի քանի կարևոր հիմունքներով «Ներաշխարհի»՝ իմպրեսիոնիստական լինելը, գեղագիտական համակարգն ամբողջովին այդպիսին համարելը չի ընդունում)։ Եվ «Ներաշխարհի» սինթետիզմը նույնպես նա համարում է 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի արևմտահայ բանաստեղծության ու նոր մտածողության բնութագրական հատկանիշ. «Ավելին՝ երկու հատվածների հայ բանաստեղծության առանձնահատկությունները երևան են գալիս հենց այս գծի վրա»[*]։ Կիրակոսյանը, հերքելով Ինտրայի միստիկականության կապը սիմվոլիստների «մտավոր մեքենավարությունների» հետ, գտնում է, որ այն ավելի շուտ հեռավոր աղերսներ կարող էր ունենալ միջնադարյան պոեզիայի սիմվոլիկայի հետ, բանաստեղծն ավելի սերտ կապված է ազգային և առաջին հերթին Գրիգոր Նարեկացու ավանդույթների հետ։ Ինտրայի պոեզիայում «Էությունը բացվում է խորհրդանշանի մեջ և ոչ թե նրա ետևում»[*]։ Իսկ Ինտրայի երևակայության, բանաստեղծական աշխարհընկալման ազատությունը վավերացվում է լեզվամտածողության ազատությամբ, ինչով ևս Կիրակոսյանը հաստատում է Նարեկացու աշխարհի հետ բանաստեղծի անմիջական ժառանգորդական կապի գոյությունը։ Չրաքյանի աշխարհը բացահայտող նոր արշավախմբեր են գալիս և գալու են դեռ՝ զինված գրականագիտական և հարակից գիտությունների նոր նվաճումներով։ Մեր աշխատանքը, կարծում ենք, իր համեստ դերը կխաղա նրանց ճանապարհին... Категория: ՏԻՐԱՆ ՉՐԱՔՅԱՆԻ (ԻՆՏՐԱ) ՊՈԵՏԻԿԱՆ | | |
|
Всего комментариев: 0 | |