Գլխաւոր » Յովհաննէս Թումանեան «Զատկի առիթով»
21:42 Յովհաննէս Թումանեան «Զատկի առիթով» | |
Եւ անհամբեր սպասում էր, որ Զատիկը պիտի գայ, շուտ-շուտ հարցնում էր, թէ քանի անգամ պիտի քնենք, որ գայ, իր գառանն էլ ասում էր, որ նա էլ ուրախանայ, թէ Զատիկ պիտի գայ:
Զատիկն եկաւ. և հէնց Զատկի առաւօտը գառան մայիւնը կտրեց մեր տանից: Մորթեցին: Ու երեխան շատ զարմացաւ, որ Զատիկն էս է եղել ու Քրիստոսն էլ էսպէս...
Զատկի ու Քրիստոսի ամէն տեսակ բացատրութիւնը նրան ոչ մի բաւականութիւն չտուին, եւ մնաց մի ծանր տպաւորութեան տակ: Ես ստիպուած էի Զատկի լաւութիւնը ցոյց տալու համար ձեռքս մեկնել դէպի նոր բացուող ծաղիկներն ու զարթնող բնութիւնը, իսկ գառան մորթուելու մեղքը գցել Քրիստոսի վրայից ու համոզել, որ դրա հետ ոչ մի կապ չունի:
Եւ ճշմարիտ որ, Զատկի տօնին, երբ մարդ կանգնում է ու նայում է Զատիկը տոնող, «Քրիստոս յարեաւ» աղաղակող բազմութեան վրայ – զարմանում է:
Ի՞նչ կապ կայ էդ օրը, եւ ինչո՞ւ են մարդիկ ուրախանում, եւ կամ ո՞վ է ուրախանում նրանցից:
Էդ օրը, գրեթէ ամէն տան, ով կարող է, պարտաւոր է մի գառան մայիւն կտրացնել, ճոխ սեղան պատրաստել, շատ ուտել ու շատ խմել եւ լաւ հագնուել: Մի խօսքով՝ արեան, որկրամոլութեան ու շռայլութեան օր: Եւ ոչ մի օր աղքատի ու հարստի տարբերութիւնը էնպէս չի շեշտւում, ինչպէս էդ օրը:
Մի օր, երբ ամէնից շատ ուրախ են քահանաները, որ տենդային եռանդով տնից տուն են վազում շտապով, կիսատ-պռատ մի երկու աղօթք ասելու, որ Քրիստոսի անունով փող առնեն:
Ի՜նչ կայ էս ամէնի մէջ գեղեցիկ ու գաղափարական: Եւ ահա իմ երեխայի էն վշտի նման մի վիշտ, որ պատմեցի, պաշարում է մարդու: Էս ամէնի մէջ ո՞ւր է Քրիստոսն ինքը, ո՞ւր մնաց նրա անսահման սէրն ու բարութիւնը, նրա աստուածային մեղմութիւնն ու խաղաղութիւնը, նրա հեզութիւնն ու անընչասիրութիւնը...
Եւ դարձեալ նոյն պատասխանը, որ նա ոչ մի կապ չունի էս ամէնի հետ, նա դեռ յարութիւն չի առել մարդկանց սրտերում. եւ միայն մի բան, որ հաստատ է, որ յարութիւն է առել Զատկին ու յարութիւն է առնում ամէն Զատկի եւ միշտ դարձնում է Զատիկն էնքան տենչալի ու գեղեցիկ, դարձեալ բնութիւնն է: Զատիկն է, որ ինչպէս մեր Նաղաշ Յովնաթանն է ասում.
«Վերանայ ձըմեռն եւ գայ ամառըն,
Կանաչի խոտըն եւ ծաղկի ծառն
Տերեւախառն...»
Կամ ինչպէս մեր հներն էին երգում.
«Մարտն կուգար ծաղկըներով,
Երկնից հաւերն կարդալով....
Յորժամ հայոց Զատիկըն գայր»:
Իսկ Քրիստոսը – ո՜վ գիտի քանի մարդկանց սրտում է յարութիւն առել: Անշուշտ շատ քիչ մարդկանց սրտում: Եւ ո՜վ գիտի որտեղ են նրանք, ի՜նչ անկիւնում, ի՜նչ զգեստի տակ... ով էլ որ լինեն, ուր էլ որ լինեն – էնտեղ օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի:
1913 թ.
| |
|
Մեկնաբանութիւններ: 0 | |