Գլխաւոր » Յօդուածներ » Թարգմանութիւններ » ԱՐՁԱԿ

Ալեքսանդր Բելյաեւ ԱՆՀՈՒՆԻ ՎՐԱՅ

Թարգմ.՝ Լուսինէ Աւետիսեանի

Ա. ԽՈՐՀՐԴԱՒՈՐ ԱՄԱՌԱՆՈՑԸ

Սիմեիզի շրջակայքում զբօսանքների ժամանակ ուշադրութիւնս գրաւեց լեռան կտրուկ զառիկողին տեղաւորուած միայնակ մի ամառանոց։ Դէպի այդ ամառանոցը տանող ճանապարհ անգամ չէր գցուած։ Այն պատում էր բարձր շրջապարիսպը՝ միակ ցածր դռնակով, որ միշտ պինդ ծածկուած էր լինում։ Եւ ո´չ մի բոյսի թուփ, ո´չ մի ծառ չէր երեւում պարսպի վերեւում։ Ամառանոցի շուրջ դեղինին տուող ապառաժների մերկ սանդղավանդներն էին, նրանց միջեւ տեղ-տեղ աճել էին մոշի ազազուն թփեր եւ լեռնային գաճաճ թեք սոճիներ։

Այս ի՞նչ երեւակայութիւն է դրդել ինչ-որ մեկին բնակութիւն հաստատել այս վայրի, մերկ քարափին։ Եւ արդեօ՞ք այնտեղ որ եւ է մէկն ապրում է»,- մտածում էի՝ թափառելով ամառանոցի շուրջ։

Ես դեռ երբեք չեմ տեսել, որ այնտեղից ինչ-որ մէկը դուրս գայ։ Իմ հետաքրքրասիրութիւնն այնքան մեծ էր, որ ես, խոստովանում եմ, փորձեցի աչք ածել խորհրդաւոր կացարանի բակը՝ մի կերպ բարձրանալով աւելի բարձրադիր ժայռերի վրայ։ Բայց ամառանոցն այնպիսի տեղադրութիւն ունէր, որ ես որ կողմից էլ շրջանցելով մօտենում էի, միայն բակի ոչ մեծ անկիւնն էի կարողանում տեսնել։ Այն նոյնպէս ամայի էր ու անմշակ, ինչպէս շրջապատող տեղանքը։

Բայց եւ այնպէս, մի քանի օրուայ դիտումներից յետոյ յաջողուեց նկատել, որ բակով անցաւ մի տարեց սեւազգեստ կին։

Դա աւելի գրգռեց հետաքրքրութիւնս։

- Եթէ այնտեղ ապրում են մարդիկ, ապա պէտք է որ նրանք թեկուզ մի եղանակով կապ պահպանեն արտաքին աշխարհի հետ, դէ, գոնէ գնան շուկայ՝ գնումների։

Ես սկսեցի հարցուփորձ անել իմ ծանօթների շրջանում, եւ վերջապէս, յաջողուեց բաւարարել իմ հետաքրքրասիրութիւնը։ Ճիշտ է, ոչ ոք ստոյգ չգիտէր ամառանոցի բնակիչների մասին, բայց ծանօթներիցս մէկը հաղորդեց ինձ, որ ըստ լուրերի՝ այնտեղ ապրում է պրոֆեսոր Վագները։

Պրոֆեսոր Վագնե՜րը։

Դա բաւարար էր, որպէսզի իմ ուշադրութիւնը բացարձակապէս գամէր ամառանոցին։ Ես տենչում էի, ինչ գնով էլ լինէր, տեսնել իր գիւտերով այդքան աղմուկ բարձրացրած արտասովոր մարդուն։ Բայց ինչպէ՞ս։... Ես բառացիօրէն սկսեցի լրտեսել ամառանոցը։ Զգում էի, որ դա լաւ չէր, բայց եւ այնպէս, շարունակեցի իմ դիտումները՝ օրուայ եւ նոյնիսկ գիշերուայ տարբեր պահերի ժամերով նստելով ամառանոցից ոչ հեռու՝ մոշի թփերի հետեւում։

Ասում են, որ եթէ մարդ աննահանջ կերպով հետապնդում է մի նպատակ, ապա վաղ թէ ուշ հասնում է նրան։

Մի անգամ վաղ առաւօտեան, երբ նոր-նոր էր լոյսը բացուել, յանկարծ լսեցի, թէ ինչպէս բարձր պարսպի նուիրական դուռը ճռռաց։ Ես ոտից գլուխ ուշադրութիւն դարձայ, կծկուեցի եւ շունչս պահած՝ սկսեցի հետեւել, թէ ինչ է լինելու յետոյ։

Դուռը բացուեց։ Բարձրահասակ մարդը՝ կարմրաւուն դէմքով, խարտեաշ մորուքով եւ կախ ընչացքով, դուրս եկաւ եւ ուշադիր զննեց շուրջը։ Ի հարկէ, այդ նա էր, պրոֆեսոր Վագնե՜րը։

Համոզուելով, որ շուրջը ոչ ոք չկայ, նա սկսեց դանդաղ վեր բարձրանալ, հասաւ ոչ մեծ լեռնային հարթակի եւ այնտեղ սկսեց զբաղուել ինձ համար բացարձակապէս անհասկանալի ինչ-որ վարժութիւններով։ Հարթակի վրայ այս ու այն կողմ ընկած տարբեր մեծութեան քարեր կային։ Վագները մօտենում էր նրանց եւ բարձրացնելու փորձեր էր անում, յետոյ զգուշօրէն քայլ էր անում, փոխում տեղը եւ նորից անցնում քարերին։ Բայց նրանք բոլորն էլ այնքան հսկայական էին ու ծանր, որ նոյնիսկ ծանրորդը հազիւ թէ կարողանար հրել-տեղաշարժել։

«Այս ի՜նչ տարօրինակ զուարճանք է»,-մտածեցի ես։ Եւ յանկարծ այնպէս ցնցուեցի, որ չկարողացայ զսպել ակամայ բացականչութիւնս։ Ինչ-որ անհաւանական բան տեղի ունեցաւ. պրոֆեսոր Վագները մօտեցաւ ապառաժի ահռելի մի բեկորի՝ մարդու հասակից աւելի բարձր, բռնեց դուրս ցցուած սուր եզրից ու ժայռը բարձրացրեց այնպիսի թեթեւութեամբ, ինչպէս եթէ դա ստուարաթղթի կտոր լինէր։ Ձեռքը մեկնելով՝ սկսեց օդում աղեղներ գծել այդ ժայռաբեկորով։

Ես չգիտէի ինչ մտածել։ Կամ Վագները գերբնական ուժի է տիրապետում... բայց այդ դէպքում ինչո՞ւ չկարողացաւ բարձրացնել համեմատաբար ոչ մեծ քարերը, կամ էլ... Ես չհասցրի աւարտել միտքս, երբ Վագների նոր աճպարարութիւնը էլ աւելի ցնցեց ինձ։

Վագները դէպի վեր նետեց ժայռը, ինչպէս փոքրիկ քարի կտոր, եւ այն սլացաւ՝ բարձրանալով երկու տասնեակ մետր։ Յուզուած սպասում էի, թէ ինչպէս է այդ ժեռ քարը դղրդոցով հարուածելու երկրին։ Բայց ժայռի բեկորը ետ ընկաւ բաւականին դանդաղ։ Ես հաշուեցի տասը վայրկեան, մինչեւ ժայռաբեկորը ցած իջաւ։ Եւ երբ այն երկրից արդէն մարդաբոյ էր բարձր, Վագները մօտեցրեց ձեռքը, որսաց ու պահեց քարաբեկորը, ընդ որում ձեռքը նոյնիսկ չցնցուեց։

-Խո-խո-խո՜,-քրքջաց Վագները, եւ իրենից հեռու նետեց կտորը։ Այն որոշ ժամանակ թռչելով երկրին զուգահեռ՝ յանկարծ թռիչքի ուղեգիծը կտրուկ փոխեց ուղղաձիգի, արագ ընկաւ եւ ահարկու դղրդոցով ցրիւ եկաւ։

-Խո-խո-խո՜,-կրկին քրքջաց Վագները եւ մի անսովոր ցատկ կատարեց։ Բարձրանալով մօտ չորս մետր՝ նա թռչելով անցաւ հարթակի երկայնքով դէպի իմ կողմը։ Նա, ակնյայտ է, չէր հաշուարկել ցատկը, քանի որ նրա հետ էլ պատահեց այն, ինչ ժայռաբեկորի հետ. անսպասելիօրէն նա սկսեց արագ ընկնել։ Եւ եթէ չլինէր թեքութիւնը, ուր ընկաւ, Վագները հաւանաբար մահացու կը վնասուէր։ Նա ընկաւ ինձնից ոչ հեռու՝ մոշի թփի միւս կողմում, տնքաց եւ հայհոյեց՝ բռնելով ծունկը։ Շոյելով վնասուած տեղը՝ նա փորձ արեց կանգնել եւ նորից տնքաց։

Որոշ տատանումից յետոյ ես որոշեցի յայտնի դարձնել իմ ներկայութիւնը եւ նետուել նրան օգնելու։

-Դուք շա՞տ վնասուեցիք։ Չօգնե՞մ արդեօք Ձեզ,-հարցրի ես՝ դուրս գալով թփի յետեւից։

Ըստ երեւոյթին, իմ ներկայութիւնը չզարմացրեց պրոֆեսորին։ Յամենայն դէպս նա ոչնչով չդրսեւորեց այն։

-Ոչ, շնորհակալ եմ,-հանգիստ ասաց նա,-ես ինքս կը հասնեմ։-Եւ նա նոր փորձ կատարեց բարձրանալու։ Նրա դէմքը ցաւից այլայլուել էր։ Նա նոյնիսկ ետ թեքուեց։ Ոտքը ծունկի մասում արագ ուռեց։ Ակնյայտ էր, որ առանց կողմնակի օգնութեան անհնար էր։

Եւ ես սկսեցի վճռականօրէն գործել։

-Գնանք, քանի դեռ ցաւը Ձեզ աւելի չի թուլացրել,-ասացի ես եւ բարձրացրի նրան։ Նա հնազանդուեց։ Իւրաքանչիւր շարժման հետ ցաւող ոտքը նրան տառապանք էր պատճառում։ Մենք դանդաղ բարձրանում էինք զառիվերով։ Ես գրեթէ ինձ վրայ էի տանում Վագներին եւ ինքս ուժասպառուել էի նրա դժուարակիր մարմնի ծանրութեան ներքոյ։ Բայց այդու հանդերձ ես չափազանց գոհ էի, որ այդ եղանակով հնարաւորութիւն էի ստացել ոչ միայն տեսնել, այլ նաեւ ծանօթանալ պրոֆեսոր Վագների հետ, լինել նրա կացարանում։ Այդուհանդերձ, մի գուցէ, հասնելով դռնակին՝ նա երախտագիտութիւն յայտնի ինձ եւ ներս չթողնի իր մօտ։ Այս միտքն անհանգստացրեց ինձ, երբ մօտեցանք նրա ամառանոցի բարձր պարսպին։ Բայց նա ոչինչ չասաց, եւ մենք ոտք դրեցինք նուիրական գծից այն կողմ,-եւ հազիւ թէ նա կարողանար որ եւ է բան ասել։ Նա շատ վատ էր զգում։ Ցաւից ու ցնցումից գրեթէ կորցրել էր գիտակցութիւնը։ Ես էլ էի յոգնութիւնից գլորւում։ Բայց եւ այնպէս, նախքան նրան ներս տանելը հասցրի ուսիս վրայով քննախոյզ մի հայեացք նետել բակին։

Բակը բաւականին ընդարձակ էր։ Կենտրոնում դրուած էր ինչ-որ սարք՝ Մորէնի[1] ապարատի նման։ Բակի խորքում՝ հողի մէջ, նկատւում էր ինչ-որ մեծ, հաստ ապակով ծածկուած անցք։ Այդ բացուածքի շուրջ՝ նրանից դէպի տուն եւ էլի ուրիշ ուղղութիւններով հողից դուրս էին ցցուած մետաղէ աղէղներ՝ միմեանցից կէս մետր հեռաւորութեամբ։

Այլեւս ոչինչ չկարողացայ դիտել։ Տնից մեզ ընդառաջ ելաւ սեւազգեստ տարեց կինը վախեցած՝ նրա տնտեսուհին, ինչպէս յետոյ իմացայ։

Մենք պառկեցրինք պրոֆեսոր Վագներին մահճակալին։

 

Բ. ԿԱԽԱՐԴՈՒԱԾ ՇՐՋԱՆ

Վագների վիճակն աւելի վատթար էր։ Նա ծանր էր շնչում, աչքերը փակելով՝ զառանցում էր։

«Մի՞թէ ցնցումից կարող էր զոհուել այս հանճարեղ մեքենան՝ պրոֆեսոր Վագների ուղեղը»,-անհանգստութեամբ մտածում էի ես։

Հիւանդը մաթեմատիկական բանաձեւեր էր զառանցում եւ ժամանակ առ ժամանակ տնքում էր։ Գլուխը կորցրած տնտեսուհին անօգնական կանգնել էր եւ միայն կրկնում էր.

-Բա ի՞նչ է լինելու։ Տէր իմ, հիմի ի՞նչ է լինելու։

Ստիպուած էի պրոֆեսորին առաջին օգնութիւն ցոյց տալ եւ հոգ տանել հիւանդի համար։

Միայն երկրորդ օրն առաւօտեան կողմ Վագներն ուշքի եկաւ։ Նա բացեց աչքերը եւ ինձ նայեց լիովին գիտակցաբար։

-Շնորհակալ եմ Ձեզանից...-հազիւ լսելի խօսեց նա։

Ես նրան ջուր տուեցի, եւ նա, գլուխը տարուբերելով, խնդրեց իրեն մէնակ թողնել։ Նախորդ օրուայ տագնապ-յուզմունքներից եւ անքուն գիշերից յոգնած՝ ես վերջապէս որոշեցի հիւանդին թողնել եւ դուրս ելայ բակ՝ թարմ առաւօտուայ օդը շնչելու։ Բակի կենտրոնում դրուած անծանօթ ապարատը վերստին գրաւեց իմ ուշադրութիւնը։ Ես մօտեցայ նրան ու ձեռքս երկարեցի։

-Մի´ քայլէք։ Կանգնէ´ք,- թիկունքից  լսեցի տնտեսուհու խեղդուած, վախեցած ձայնը։ Եւ նոյն պահին զգացի, որ ձեռքս յանկարծ անսովոր կերպով ծանրացաւ, կարծես նրանից կախել էին հսկայական կշռաքար, որն ինձ այնպիսի ուժով ցած ձգեց, որ ես ընկայ գետնին։ Անտեսանելի կշռաքարը ճզմել էր ձեռքիս դաստակը։

Մեծ ճիգով հեռացրի ձեռքս։ Այն ցաւում էր ու կարմրած էր։

Ինձ մօտ կանգնել էր տնտեսուհին եւ խիստ վշտացած օրօրում էր գլուխը։

-Եւ այդ ինչպէ՞ս Դուք... Մի՞թէ կարելի է... Աւելի լաւ է՝ Դուք մի շրջէք բակում, թէ չէ Ձեզ լրիւ կը տափակացնի։

Ոչինչ չհասկանալով՝ վերստին տուն մտայ եւ սառը թրջոց դրեցի վնասուած ձեռքիս։

Երբ պրոֆեսորը կրկին արթնացաւ, արդեն լիովին առոյգ տեսք ունէր։ Ակնյայտ էր, այդ մարդը արտասովոր առողջ օրգանիզմ ունէր։

-Դա ի՞նչ է,-հարցրեց նա՝ ցոյց տալով ձեռքս։

Ես բացատրեցի նրան։

-Դուք մեծ վտանգի էք ենթարկուել,-ասաց նա։

Ես փափագում էի հնարաւորինս շուտ Վագներից լսել արտասովոր ամէն ինչի բացատրութիւնը, որ ինձ վիճակուել էր վերապրել, բայց ես զսպեցի հետաքրքրութիւնս՝ չցանկանալով անհանգստացնել հիւանդին։

Նոյն օրուայ երեկոյեան Վագները, խնդրելով տեղաշարժել իր մահճակալը դէպի պատուհանը, ինքն սկսեց խօսել այն մասին, ինչ այնպէս գրաւել էր ինձ։

-Գիտութիւնն ուսումնասիրում է բնութեան ուժերի դրսեւորումները,-սկսեց նա՝ առանց նախաբանի,-սահմանում է գիտական օրէնքներ, բայց շատ վատ է ճանաչում այդ ուժերի էութիւնը։ Մենք ասում ենք. «էլեկտրականութիւն, ծանրութեան ուժ»։ Մենք ուսումնասիրում ենք նրանց յատկութիւնները, օգտագործում ենք մեր նպատակների համար։ Բայց իրենց բնութեան սահմանային գաղտնիքները նրանք բացայայտում են խիստ դժկամօրէն։ Եւ յետոյ, մենք դրանք ամենեւին էլ լրիւ չափով չենք օգտագործում։ Այս առումով՝ էլեկտրականութիւնն աւելի ենթարկուող դուրս եկաւ։ Մենք հպատակեցրինք այդ ուժը, տիրելով նրան՝ ստիպեցինք մեզ համար աշխատել։ Մենք նրան տեղից տեղ ենք քշում, պահեստաւորում ենք, սպառում ենք ըստ պահանջի։ Իսկ ծանրութեան ուժը իսկապէս ամենաանհնազանդ ուժն է։ Նրա հետ պիտի ընդհանուր լեզու գտնենք, աւելի շատ նրան հարմարուենք, քան հարմարեցնենք այն մեր պահանջմունքներին։ Եթէ միայն կարողանայինք փոփոխել ծանրութեան ուժը, ղեկավարել այն մեր ցանկութեամբ, կուտակել, ինչպէս էլեկտրականութիւնը, ապա ինչպիսի՜ հզօր գործիք կը ստանայինք։ Այդ անհնազանդ ուժին տիրելը իմ վաղեմի ցանկութիւնն է։

-Եւ Դուք տիրապետել էք այն,-բացականչեցի ես՝ սկսելով հասկանալ ամբողջ տեղի ունեցածը։

-Այո, ես տիրապետել եմ այն։ Ես գտել եմ միջոց ծանրութեան ուժն իմ ցանկութեամբ կարգաւորելու։ Դուք տեսաք իմ առաջին յաջողութիւնը... Ախ... յաջողութիւնները երբեմն թա՜նկ են արժենում...-հառաչեց Վագները՝ շոյելով վնասուած ծունկը։-Որպէս փորձ՝ տան մօտ՝ մի ոչ մեծ տարածքում, նուազեցրել եմ ծանրութեան ուժը... Դուք քիչ մնաց Ձեր հետաքրքրասիրութեան համար կեանքով հատուցէիք՝ մօտենալով իմ «կախարդուած շրջանին»։

-Ահա, նայէք,-շարունակեց նա՝ ձեռքով դէպի պատուհանը ցոյց տալով։-Ամառանոցի ուղղութեամբ թռչունների երամ է թռչում։ Հնարաւոր է՝ գոնէ նրանցից մէկը անցնի ուժեղացուած ձգողութեան գօտու վրայով...

Նա լռեց, իսկ ես հուզմունքով հետեւում էի մօտեցող թռչուններին... Ահա, նրանք թռչում են հենց բակի վրայով...

Եւ յանկարծ նրանցից մէկը քարի պէս ընկաւ գետնին եւ նոյնիսկ ոչ թէ վնասուեց, այլ դարձաւ մի բիծ, որը ծածկեց գետինը հաւանաբար պապիրուսի թղթից ոչ հաստ մի շերտով։

-Տեսա՞ք։

Ես սարսռացի՝ պատկերացնելով, որ ինձ էլ կարող էր բաժին ընկնել այդպիսի ճակատագիր։

-Այո,-կռահեց նա իմ միտքը,-Դուք կը ճզմուէիք Ձեր սեփական գլխի ծանրութեամբ եւ կը վերածուէիք պաստեղի։-Եւ կրկին քմծիծաղելով՝ շարունակեց։-Ֆիման՝ իմ տնտեսուհին, ասում է, որ ես յայտնագործել եմ հրաշալի միջոց՝ պահպանելու համար մթերքը թափառող կատուներից։ «Նրանց իսպառ մի ոչնչացրէք,-ասում է նա,-այլ որ թաթերը հպեն. ուրիշ անգամ էլ չեն երեւայ»։ Այո...-ասաց նա դադարից յետոյ,-կան կատուներ՝ աւելի շատ վնաս տուող եւ վտանգաւոր, երկոտանի, զինուած ոչ թէ ճանկերով ու ատամներով, այլ թնդանօթներով ու գնդացիրներով։

Պատկերացրէք՝ ինչպիսի՜ պաշտպանական միջոց կը լինի ծանրութեան նուաճուած ուժը։ Ես կարող եմ ստեղծել արգելափակիչ գօտի պետութեան սահմաններին, եւ ոչ մի թշնամի չի խախտի այն։ Օդանաւերը քարի պէս կընկնեն, ինչպէս այս թռչունը։ Աւելին, նոյնիսկ արկերը ի զօրու չեն լինի անցնել այդ պաշտպանական գօտին։ Կարելի է անել եւ հակառակը՝ գրոհող թշնամուն զրկել ծանրութեան ուժից, եւ զինուորները մի փոքրիկ շարժման դէպքում բարձր կը ցատկեն եւ անօգնական կը տարուբերուեն օդում... Բայց այս ամէնը դատարկ բաներ են՝ համեմատած նրա հետ, ինչին հասել եմ։ Ես գտել եմ հողագնդի ամբողջ մակերեւոյթին ծանրութեան ուժը նուազեցնելու միջոց՝ բացի բեւեռներից...

-Եւ ինչպէ՞ս էք դա իրագործելու։

-Ես երկրագնդին կը ստիպեմ աւելի արագ պտտուել, ահա եւ ամէնը,-պատասխանեց պրոֆեսոր Վագները այնպէս, կարծես հոլի մասին էր խօսում։

-Մեծացնել երկրի պտտման արագութի՞ւնը,-չկարողացայ զսպել, որ չբացականչեմ։

-Այո, ես կը մեծացնեմ նրա շարժման արագութիւնը, եւ այդժամ կենտրոնախոյս ուժը կը սկսի մեծանալ, եւ երկրի վրայ գտնուող բոլոր մարմինները կը դառնան աւելի թեթեւ։ Եթէ որեւէ բանով դէմ չէք ինձ մօտ հիւրընկալուել եւս մի քանի օր...

-Հաճոյքո՜վ։

-Ես կը սկսեմ փորձը, հենց որ ոտքի ելնեմ, եւ Դուք հետաքրքիր շատ բան կը տեսնէք։

 

Գ. «ՊՏՏՒՈՒՄ Է»

Մի քանի օրից պրոֆեսոր Վագները լիովին ապաքինուեց, եթէ հաշուի չառնենք այն, որ մի քիչ կաղում էր։ Նա տեւական ժամանակով հեռանում էր բակի անկիւնում գտնուող իր ստորգետնեայ լաբորատորիան՝ իմ հայեցողութեան տակ թողնելով իր տան գրադարանը։ Բայց լաբորատորիա չէր հրաւիրում ինձ։

Մի անգամ, երբ նստած էի գրադարանում, մտաւ Վագները՝ շատ աշխոյժ, եւ դեռ շեմքից բղաւեց.

-Պտտւո՜ւմ է։ Ես իմ սարքը գործարկեցի, տեսնենք ինչ է լինելու յետոյ։

Ես սպասում էի, որ ինչ-որ անսովոր բան է տեղի ունենալու։ Բայց անցան ժամեր, մէկ օր անցաւ, ոչինչ չփոխուեց։

-Սպասէք,-ժպտում էր պրոֆեսորը իր կախ ընկած բեղերի տակից,-կենտրոնախոյս ուժը ուղիղ համեմատական է արագութեան քառակուսուն։ Իսկ երկիրը կանոնաւոր հոլ է, նրան արագ չես կարող տեղից շարժել։

Առաւօտեան մահճակալից իջնելով՝ ինչ-որ թեթեւութիւն զգացի։ Ստուգելու համար բարձրացրի աթոռը։ Այն ինձ զգալիօրէն թեթեւ թուաց սովորականից։ Ակնյայտ էր, կենտրոնախոյս ուժն սկսել էր գործել։ Ես ելայ ծածկապատշգամբ եւ նստեցի՝ գիրքը ձեռքիս։ Գրքի վրայ ընկնում էր սեան ստուէրը։ Ակամայ ուշադրութիւն դարձրի այն բանին, որ ստուերը բաւականին արագ էր տեղաշարժւում։ Ի՞նչ կարող էր դա նշանակել։ Կարծես արեւն սկսել էր երկնքով աւելի արագ շարժուել։

-Ըհը, Դուք նկատեցի՞ք,-լսեցի Վագների ձայնը, որ հետեւում էր ինձ։-Երկիրն աւելի արագ է պտտւում, եւ օրուայ ու գիշերուայ հերթագայութիւնն աւելի է կրճատւում։

-Ի՞նչ է լինելու յետոյ,-տարակուսանքով հարցրի ես։

-Կապրենք՝ կը տեսնենք,-պատասխանեց պրոֆեսորը։

Արեւն այդ օրը սովորականից երկու ժամ շուտ մայր մտաւ։

-Պատկերացնում եմ, թե ինչպիսի իրարանցում է առաջացրել այս իրադարձութիւնն ամբողջ աշխարհում,-ասացի ես պրոֆեսորին։-Հետաքրքիր կը լինէր իմանալ...

-Կարող էք այդ մասին իմանալ իմ աշխատասենեակում, այնտեղ ռադիոընդունիչ կայ,- պատասխանեց Վագները։

Ես շտապեցի աշխատասենեակ եւ կարողացայ համոզուել, որ ամբողջ երկրագնդի բնակչութիւնը արտակարգ կերպով հուզուած է։

Բայց դա միայն սկիզբն էր։ Երկրի պտոյտը գնալով արագանում էր։ Օրերն արդէն ընդամէնը չորս ժամի էին հաւասար։

-Այժմ հասարակածում գտնուող բոլոր մարմինները իրենց կշռի մէկ քառասուներորդ մասը կորցրել են,-ասաց Վագները։

-Ինչո՞ւ միայն հասարակածում։

-Այնտեղ երկրի ձգողութիւնն աւելի փոքր է, իսկ պտտման շառաւիղն՝ աւելի մեծ, ուրեմն եւ կենտրոնախոյս ուժն աւելի ներգործուն է։

Գիտնականներն արդէն հասկացել էին սպառնացող վտանգը։ Սկսուել էր ժողովուրդների մեծ վերաբնակեցումը հասարակածային շրջաններից դէպի աւելի բարձր լայնութիւններ, որտեղ կենտրոնախոյս ուժն աւելի փոքր էր։ Բայց առայժմ քաշի թեթեւացումը նոյնիսկ օգուտ էր բերում։ Գնացքները կարողանում էին բարձրացնել հսկայական բեռներ, մոտոցիկլետի շարժիչի փոքր հզօրութիւնը բաւարար էր, որ տանէր մեծ մարդատար օդանաւ, շարժման արագութիւնը մեծանում էր։ Մարդիկ յանկարծ դարձել էին աւելի թեթեւ եւ աւելի ուժեղ։ Ես ինքս զգում էի գնալով աճող այդ թեթեւութիւնը։ Զարմանալիօրէ՜ն հաճելի զգացողութիւն։

Ռադիոն շուտով սկսեց եւ աւելի տխուր լուրեր բերել։ Գնացքներն սկսել էին ճանապարհի թեքութիւններում եւ ոլորաններում աւելի յաճախակի թուրս թռչել երկաթգծերից, բայց եւ այնպէս՝ առանց մեծ աղէտների. վագոնները, նոյնիսկ ընկնելով զառիվայրից, չէին ջախջախւում։ Քամին, բարձրացնելով ամպերը փոշու, որն այլեւս չէր իջնում երկիր, վերածւում էր մրրիկի։ Ամէն կողմից լուրեր էին գալիս սարսափելի ջրհեղեղների մասին։

Երբ պտտման արագութիւնը մեծացաւ տասնեօթ անգամ, հասարակածում իրերն ու մարդիկ զրկուեցին կշռից։

Մի անգամ երեկոյեան ռադիոյով սարսափելի նորութիւն լսեցի. Հասարակածային Աֆրիկայում եւ Ամերիկայում արձանագրուել էին դէպքեր, երբ մարդիկ, ծանրութիւնից զրկուած, կենտրոնախոյս ուժի ազդեցութեան տակ ընկել են վեր։ Շուտով եկաւ եւ նոր ահաւոր տեղեկութիւն. հասարակածում մարդիկ սկսել են շնչահեղձ լինել։

-Կենտրոնախոյս ուժը պոկում է երկրագնդի օդային թաղանթը, որ երկրին «փակցուած էր» երկրի ծանրութեան ուժով,-ինձ հանգիստ բացատրեց պրոֆեսորը։

-Բայց... այդ դէպքում մենք է՞լ շնչահեղձ կը լինենք,-հուզուած հարցրի Վագներին։

Նա ուսերը թոթուեց։

-Մենք լաւ պատրաստուած ենք բոլոր փոփոխութիւնների համար։

-Բայց ինչո՞ւ էք այս ամէնն արել։ Ախր սա համաշխարհային աղէտ է, քաղաքակրթութեան ոչնչացո՜ւմ...-չկարողացայ զսպել ճիչս։

Վագներն անխռով էր մնացել։

-Ինչու եմ սա արել, Դուք յետոյ կիմանաք։

-Մի՞թէ միայն գիտական փորձի համար։

-Չեմ հասկանում՝ ինչն է Ձեզ այսպէս զարմացնում,-պատասխանեց նա,-Թեկուզ եւ միայն փորձի համար։ Տարօրինա՜կ է։ Երբ փոթորիկ է բարձրանում, կամ տեղի է ունենում հրաբխի ժայթքում եւ կործանում է հազարաւոր մարդկանց, ոչ ոքի մտքով չի անցնում մեղադրել հրաբխին։ Սրան վերաբերուէք որպէս տարերային աղէտի...

Այս պատասխանը չբաւարարեց ինձ։ Իմ մէջ ակամայ բարձրանում էր անբարեացկամութեան զգացում Վագների հանդէպ։

«Պէտք է ճիւաղ լինել, չունենալ սիրտ, որպէսզի յանուն գիտական փորձի՝ մահուան մատնել միլիոնաւոր մարդկանց»,-մտածեցի ես։

Իմ անբարեհաճութիւնը Վագների հանդէպ մեծանում էր զուգընթաց իմ սեփական ինքնազգացողութեան աւելի ու աւելի վատթարանալուն, եւ պատճառ կար դրա համար. այդ սարսափելի, արտակարգ լուրերը՝ կործանուող աշխարհի մասին, օրուայ ու գիշերուայ այս արագացող հերթափոխ-առկայծումները ում ասես կը հանէին հունից։ Ես գրեթէ չէի քնել եւ ծայրահեղօրէն նեարդային էի։ Ես պէտք է շարժուէի մեծագոյն զգուշութեամբ։ Մկանների ամենափոքր լարում, եւ ես վեր էի թռչում ու գլխով խփւում առաստաղին, ճիշտ է, ոչ այնքան ցաւոտ։ Իրերը կորցրել էին իրենց կշիռը, եւ նրանց հետ ճիշտ վարուելը գնալով աւելի էր դժուարանում։ Բաւական էր թեթեւ հպուել սեղանին կամ բազկաթոռին, եւ ծանր կահոյքը մի կողմ էր շպրտւում։

Ջուրը լուացարանից շատ դանդաղ էր հոսում, եւ շիթը նոյնպէս մի կողմ էր շեղւում։ Մեր շարժումները դարձել էին կտրուկ։ Ծանրութիւնից գրեթէ զուրկ մարմնի անդամները ցնցւում էին, ինչպէս թելերով շարժման մէջ դրուող ստուարաթղթէ խամաճիկինը։ Մեր մարմնի «շարժիչները»՝ մկանները, պարզուեց, չափազանց ուժեղ էին մեր թեթեւացած մարմինների համար։ Եւ մենք ոչ մի կերպ չէինք կարողանում ընտելանալ այս նոր իրավիճակին, քանի որ կշիռը անընդհատ նուազում էր։

Ֆիման՝ Վագների տնտեսուհին, ինձնից ոչ պակաս էր չարացել։ Նա նմանւում էր ձեռնածուի, երբ կերակուր էր պատրաստում։ Կաթսաներն ու թաւաները վեր, աջուձախ էին թռչում. նա փորձում էր որսալ դրանք եւ անճոռնի շարժումներ էր անում, ոստոստում, թռչկոտում։

Միայն Վագներն էր հրաշալի տրամադրութեամբ եւ նոյնիսկ ծիծաղում էր մեզ վրայ։

Բակ որոշեցի դուրս գալ միայն գրպաններս քարեր լցնելով՝ «չընկնելու համար երկինք»։ Ես տեսայ ինչպէս էր ծանծաղացել ծովը,-ջուրը քշուել էր արեւմուտք, որտեղ, հաւանաբար հեղեղել էր ափերը... Ի լրումն ամէնի՝ սկսեցի գլխապտոյտ ու շնչահեղձութիւն զգալ։ Օդը պակասել էր։ Արեւելքից անընդհատ փչող փոթորկաբեր քամին կարծես սկսել էր թափը կորցնել։ Բայց դրա փոխարէն ջերմաստիճանը արագ կերպով իջնում էր։

Օդը նոսրանում է... շուտով վերջն է... Ես այնքան զզուելի ինքնազգացողութիւն ունէի, որ սկսեցի մտածել, թէ ինչպիսի մահ ընտրեմ՝ ընկնել երկինք, թէ շնչահեղձ լինել։ Սա ամենավատ մահն էր, բայց այդ դէպքում մինչեւ վերջ կը դիտեմ, թէ ինչ է լինելու երկրի հետ...

«Չէ, ամէն դէպքում աւելի լաւ է ամէն ինչ միանգամից աւարտել»,-որոշեցի ես՝ զգալով ծանր շնչահեղձութիւն, եւ սկսեցի դուրս բերել քարերը գրպանիցս։

Ինչ-որ մէկի ձեռքը ետ պահեց ինձ։

-Սպասէ´ք,-լսեցի Վագների ձայնը։ Նոսրացած օդում այդ ձայնը շատ նուաղուն հնչեց։

-Ժամանակն է, որ իջնենք ստորգետնեայ հարկ։

Նա բռնեց իմ թեւից, գլխով նշան արեց տնտեսուհուն, որ ծանր շնչելով՝ կանգնած էր ծածկապատշգամբում, եւ մենք ուղղուեցինք դէպի բակի անկինը՝ դէպի հողի մէջ բացուած մեծ կլոր «լուսամուտը»։ Ես կորցրել էի կամքս եւ քայլում էի ինչպէս երազում։ Կորցնելով գիտակցութիւնս՝ ես թեթեւ ընկայ քարէ յատակին։

 

Դ. ԳԼԽԻՎԱՅՐ ՇՐՋՈՒԱԾ

Չգիտեմ՝ արդեօք երկար մնացի անգիտակից վիճակում։ Իմ առաջին զգացողութիւնն այն էր, որ ես կրկին թարմ օդ եմ շնչում։ Բացեցի աչքերս եւ շատ զարմացայ՝ տեսնելով յատակի կենտրոնում ամրացրած էլեկտրական լամպը, ոչ հեռու այնտեղից, ուր պառկած էի։

-Մի զարմացէք,-լսեցի պրոֆեսոր Վագների ձայնը։-Մեր յատակը շուտով  առաստաղ է դառնալու։ Ինչպէ՞ս էք Ձեզ զգում։

-Շնորհակալ եմ, աւելի լաւ։

-Դէ, հապա վե´ր կացէք, հերիք է պառկէք,-եւ նա ձեռքիցս բռնեց։ Ես թռայ դէպի վեր՝ դէպի ապակէ աառաստաղը, եւ շատ դանդաղ իջայ ցած։

-Գնա´նք, ես կը ծանօթացնեմ Ձեզ իմ ստորգետնեայ բնակարանի հետ,-ասաց Վագները։

Կացարանը բաղկացած էր երեք սենեակներից, երկու մութ՝ միայն էլեկտրական լամպերով լուսաւորուող, եւ մէկ մեծ՝ ապակէ առաստաղով թէ յատակով, դժուարանում եմ ասել։ Բայնն այն է, որ մենք, ակնյայտ է, վերապրել էինք այն պահը, երբ երկրի ձգողութիւնն ու կենտրոնախոյս ուժը մեր մարմինները դարձրել էին անկշիռ։

Դա ծայրաստիճան դժուարացնում էր սենեակներով մեր ուղեւորութիւնը։ Մենք ամենաարտասովոր պիրուէտներն[2] էինք կատարում, կառչում էինք կահոյքից, հրւում էինք, ցատկում, թռչում սեղանների վրայ, երբեմն անօգնական կախւում էինք օդում՝ միմեանց ձեռքեր ձգելով։ Ընդամէնը մի քանի սանտիմետր էր բաժանում մեզ, բայց չէինք կարողանում յաղթահարել այդ տարածութիւնը, մինչեւ որ մի խորամանկ հնարք դուրս չէր բերում մեզ այդ անկայուն հաւասարակշռութիւնից։ Մեր հրած իրերը թռչում էին մեզ հետ միասին։ Աթոռը «ճախրում էր» սենեակի մէջտեղում, ջրով լի բաժակները կողքի էին շրջուել, եւ ջուրը համարեայ դուրս չէր հոսում. այն միայն թեթեւակի ծորացել էր ապակու արտաքին պատերին...

Ես նկատեցի չորրորդ սենեակ տանող դուռ։ Այնտեղ ինչ-որ բան գվվում էր, բայց Վագներն ինձ չթողեց այդ սենեակ։ Ըստ երեւոյթին այնտեղ էր երկրի շարժումն արագացնող մեխանիզմը։

Շուտով, այնուամենայնիւ, մեր «միջմոլորակային ճանապարհորդութիւնը» աւարտուեց, եւ մենք վայրէջք կատարեցինք... ապակէ առաստաղին, որը այդուհետ պիտի դառնար մեր յատակը։ Իրերը տեղափոխելու կարիք չեղաւ. նրանք իրենք վերադասաւորուեցին, եւ առաստաղին ամրացրած էլեկտրական լամպը, միանգամայն տեղին, յայտնուեց մեր գլխավերեւում՝ լուսաւորելով մեր սենեակը կարճատեւ գիշերներին։

Վագներն իսկապէս ամեն ինչ նախատեսել էր։ Մեր ապաստարանը լաւ մատակարարւում էր յատուկ ամբարներում պահուող օդով։ Մենք ապահովուած էինք պահածոներով ու ջրով։ «Ահա ինչու տնտեսուհին շուկայ չէր գնում»,-մտածեցի ես։ Տեղափոխուելով առաստաղի վրայ՝ մենք քայլում էինք նրա վրայով նոյնքան ազատ, որքան յատակով, թէեւ սովորական իմաստով՝ մենք քայլում էինք գլխիվայր։ Սակայն մարդն ամէն ինչի ընտելանում է։ Ես համեմատաբար լաւ էի զգում ինձ։ Երբ ես ցած էի նայում՝ ոտքերիս տակ, հաստ, բայց թափանցիկ ապակու միջով իմ ներքեւում տեսնում էի երկինքը, եւ ինձ թւում էր, թէ կանգնած եմ այդ երկինքն իր մէջ արտացոլող կլոր հայելու վրա։

Բայց եւ այնպէս հայելին երբեմն իր մէջ արտասովոր ու սարսափելի բաներ էր անդրադարձնում։

Տնտեսուհին հաղորդեց, որ ինքը պիտի տուն մտնի, որովհետեւ մոռացել է իւղը։

-Ինչպէ՞ս կը գնաք,-ասացի ես։-Ախր Դուք կը տապալուէք ցած, այսինքն՝ վեր, թո´ւհ , գրողը տանի, ամէն ինչ խճճուել է։

-Ես կը բռնուեմ հողում ամրացրած երկաթակապերից, ինձ պրոֆեսորն է սովորեցրել։ Երբ դեռ գլխիվայր չէինք շրջուել, երկաթակապեր ունէինք այն տանը՝ առաստաղում, եւ ես սովորել եմ «ձեռքերով քայլել», բռնւում էի նրանցից եւ քայլում առաստաղով մէկ։

Պրոֆեսոր Վագներն ամէ՜ն ինչ նախատեսել է։

Ես չէի սպասում կնոջից այսպիսի հերոսութիւն։ Վտանգի ենթարկել իրեն, «քայլել ձեռքերով» անհունի վրայով՝ ինչ-որ իւղի պատճառով։

-Բայց այնուամենայնիւ դա շատ վտանգաւոր է,-ասացի ես։

-Ոչ այնքան, որքան Դուք էք կարծում,-առարկեց պրոֆեսոր Վագները։-Մեր մարմնի կշիռը դեռ աննշան է, այն նոր-նոր սկսել է մեծանալ զրոյից, եւ բոլորովին ոչ մեծ մկանային ուժ է պէտք չընկնելու համար։ Ընդ որում, ես կուղեկցեմ նրան. ի դէպ, ես նօթատետրս պիտի վերցնեմ տանից, մոռացել եմ։

-Բայց չէ՞ որ դրսում հիմա օդ չկայ։

-Ես սեղմուած օդով թասակներ ունեմ, որոնք գլխներիս կը դնենք։

Եւ այդ տարօրինակ մարդիկ սկաֆանդրներով զգեստաւորուած, ասես պատրաստւում էին ծովի յատակն իջնել, ճանապարհ ընկան։ Կրկնակի դուռը շրխկաց։ Ես լսեցի դրսի դռան թխկոցը։

Պառկած իմ ապակէ յատակին՝ ես դէմքս սեղմեցի հաստ ապակուն եւ յուզուած սկսեցի հետեւել նրանց։ Կլոր թասակներով երկու մարդիկ, ոտքները վեր եւ հողում ամրացրած երկաթակապերից կառչած, արագ «քայլում էին ձեռքերով» դէպի տուն։ Հնարաւո՞ր է պատկերացնել աւելի տարօրինակ բան։

«Իսկապէս, այդքան էլ սարսափելի չէ,-մտածեցի ես։-Բայց այնուամենայնիւ սա արտասովոր կին է։ Բա որ յանկարծ նրա գլուխը պտտուի՞»։ Վագներն ու տնտեսուհին նոյն դիրքով անցան ծածկապատշգամբի աստիճաններով եւ ծածկուեցին տեսադաշտից։

Շուտով նրանք դարձեալ յայտնուեցին։

Նրանք արդէն ճանապարհի կէսն անցել էին, երբ յանկարծ մի բան տեղի ունեցաւ, որից ես սահմռկեցի։ Տնտեսուհին իւղով բանկան գցեց եւ, ցանկանալով օդում բռնել այն, պոկուեց ու թռաւ դէպի անհունը...

Վագները նրան փրկելու փորձ արեց. նա անսպասելիօրէն ետ կծկեց գօտուն ամրացրած պարանը եւ այն երկաթակապից բանդ գցելով՝ նետուեց տնտեսուհու հետեւից։ Դժբախտ կինը ընկնում էր բաւականին դանդաղ։ Իսկ քանի որ Վագներն ուժգին հրումով իր մարմնին աւելի արագ շարժում հաղորդեց, յաջողեց հասնել նրան։ Նա արդէն մեկնեց ձեռքը կնոջը, բայց չկարողացաւ հասցնել նրան. կենտրոնախոյս ուժը շեղեց կնոջ թռիչքը մի քիչ այլ ուղղութեամբ։ Եւ շուտով նրանք հեռացան իրարից... Վագները որոշ ժամանակ կախուած մնաց արձակ պարանից եւ սկսեց դանդաղ բարձրանալ երկնքի անհունից դէպի երկիր...

Ես տեսայ, թէ ինչպէս էր դժբախտ կինը ձեռքերը թափահարում... նրա մարմինը արագ փոքրանում էր... Վրայ հասնող գիշերը վարագոյրի պէս ծածկեց կործանումի այդ տեսարանը...

Ես ցնցուեցի՝ պատկերացնելով նրա վերջին զգացողութիւնները... Ի՞նչ է լինելու նրա հետ... Տիեզերքի սառնութեան մէջ չքայքայուող նրա մարմինը յաւերժօրէն առաջ կընթանայ, եթէ մօտերքով անցնող որ եւ է լուսատու չձգի այն։

Ես այնպէս էի տարուել իմ մտքերով, որ չնկատեցի՝ ինչպէս մտաւ Վագները եւ իջաւ իմ կողքով։

-Հրաշալի մահ,- հանգիստ ասաց նա։

Ես սեղմեցի ատամներս եւ չպատասխանեցի նրան։ Իմ մէջ կրկին ատելութիւն արթնացաւ Վագների հանդէպ։

Ես սարսափով էի նայում ոտքերիս տակ փռուած անհունին, եւ առաջին անգամ անսովոր յստակութեամբ հասկացայ, որ երկինքը երկնագոյն տարածութիւն չէ մեր վերեւում, այլ անդունդ... որ մենք, կպած փոշեհատիկին՝ երկրին, «ապրում ենք երկնքում», եւ այդ պատճառով մեզ աւելի մեծ իրաւունքով կարելի է անուանել երկնքի բնակիչներ, «երկնաբնակներ», քան բնակիչներ երկրի։ Խղճո՜ւկ երկնաբնակներ։ Երկրի ձգողութիւնը, ակներեւաբար, ներգործել է ոչ միայն մեր մարմնի, այլեւ մեր գիտակցութեան վրայ՝ գամելով այն երկրին։ Հիմա այդ կապը կտրուած է։ Ես զգում էի մեր երկրային գոյութեան փխրունութիւնը.... Մեր գիտակցութիւնը գոյացել է երկրի հետ միասին՝ երկնքի անհուններում, անսահման տարածութեան անհուններում եւ այնտեղ էլ այն կը հանգչի...

Ես մտածում էի, իսկ իմ աչքերի առջեւ ինչ-որ արտասովոր բան էր տեղի ունենում... Երկրից պոկւում էին քարերն ու ընկնում վեր... Շուտով սկսեցին պոկուել ժայռերի մեծաբեկորներ... Օրն ու գիշերը միմեանց հերթագայում էին աւելի ու աւելի արագ... Արեւը սլանում էր երկինք-անհունով, եւ իջնում էր գիշեր, աստղերը սուրում էին նոյն խելահեղ արագութեամբ, եւ կրկին արեւը, եւ վերստին գիշեր... Ահա, արեւի լոյսով ես տեսնում եմ, թէ ինչպէս պոկուեց ու ընկաւ պարիսպը՝ բացելով հորիզոնը։ Ես տեսնում եմ ծովի չորացած յատակը, ամայացած երկիրը... Ես տեսնում եմ, որ շուտով վերջն է...

Բայց դեռ մարդիկ կան երկրի վրայ... Ես լսում եմ, թէ ինչպէս է խօսում մեր ռադիոկայանի ոչ մեծ բարձրախօսը...

Երկիրը ամայացած է գրեթէ մինչեւ բեւեռները։ Ամեն ինչ կործանւում է։ Սա վերջին փրկուած ռադիոկայանն է Վրանգելի կղզում։ Այն ազդանշաններ է տալիս, սպասում է եւ չի ստանում պատասխան... Ռադիոալիքները թռչում են դէպի մեռեալ դատարկութիւնը... Լուռ է երկիրը, լռում է եւ երկինքը։

Օրերն ու գիշերները այնքան արագ են փոխարինում միմեանց, որ ամեն ինչ միախառնւում է մշուշում... Երկնքով սլանալով՝ արեւը մութ ետնապատկերի վրայ հրէ շերտագիծ է քաշում, մթնոլորտի վերջին մնացորդների հետ երկիրը կորցրել է իր երկնագոյն վարագոյրը՝ երկնային լաջուարդի լոյսը... Լուսնի չափերը փոքրացել են, երկիրն այլեւս չի կարողանում պահել իր արբանեակը, եւ լուսինը հեռանում է երկրից...

Ես զգում եմ, թէ ինչպէս են ձգուել մեր ապակէ յատակի ապակիները, ուռուցիկ դարձել, դողում են... Շուտով նրանք չեն դիմանայ, եւ կը նետուեն անհունի մէջ...

Այս ո՞վ է փնթփնթում իմ կողքին... Հա, պրոֆեսոր Վագներն է։

Ես դժուարութեամբ բարձրանում եմ. երկրի խելահեղ արագութիւնն իմ մարմինը կապարով է լցրել։ Ես ծանր եմ շնչում...

-Դո´ւք...-չարութեամբ դիմում եմ պրոֆեսոր Վագներին։- Ինչո՞ւ այսպէս արեցիք։ Դուք կործանեցիք մարդկութիւնը, Դուք ոչնչացրիք կեանքը երկրի վրայ... Պատասխանէ´ք ինձ։ Հենց հիմա նուազեցրէք երկրի շարժումը, այլապէս ես...

Բայց պրոֆեսորը լուռ տարուբերում է գլուխը բացասաբար։

-Պատասխանէ´ք,-ճչում եմ ես բռունցքներս սեղմած։

Ես ոչինչ անել չեմ կարող... հաւանաբար ես հաշուարկներում սխալ եմ թոյլ տուել...

-Դէ Դուք պատասխա´ն կը տաք այդ սխալի համար,- գոչեցի ես եւ, խելակորոյս յարձակուեցի Վագների վրա եւ սկսեցի նրան խեղդել... Հենց այդ նոյն պահին զգացի՝ ինչպէս է ճաքում մեր յատակը, պայթում են ապակիները, եւ ես, բաց թողնելով Վագներին, նրա հետ միասին սլանում եմ դէպի անհունը...

 

Ե. «ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆՈՐ ԵՂԱՆԱԿ»

Իմ առջեւ պրոֆեսոր Վագների ժպտացող դէմքն է։ Ես զարմանքով նայում եմ նրան, յետոյ շուրջս։

Վաղ առաւօտ։ Երկնքի երկնագոյն շղարշ։ Հեռւում կապոյտին է տալիս ծովը։ Ծածկապատշգամբի մօտ խաղաղ թռվռում են երկու սպիտակ թիթեռներ։ Իմ կողքով անցնում է տնտեսուհին՝ կարագի մեծ կտորով ափսէն ձեռքին...

-Սա ի՞նչ է... Ի՞նչ է նշանակում այս ամէնը,-հարցնում եմ պրոֆեսորին։

Նա ժպտում է իր երկար բեղերի միջով։

-Ներողութիւն եմ խնդրում,-ասում է նա,-որ ես առանց Ձեր թոյլտուութեան եւ նոյնիսկ առանց Ձեզ ճանաչելու՝ օգտագործեցի Ձեզ մի փորձի համար։ Եթէ Դուք ճանաչում էք ինձ, ապա Ձեզ ամենայն հաւանականութեամբ յայտնի է, որ ես վաղուց աշխատում եմ այն խնդրի լուծման վրայ, որպէսզի մարդը կարողանայ իր մէջ ամփոփել ժամանակակից գիտական գիտելիքների հսկայական ծաւալը։ Ես անձամբ, օրինակ, հասել եմ նրան, որ իմ ուղեղի իւրաքանչիւր կէսը աշխատում է ինքնուրոյն։ Ես վերացրել եմ քունն ու յոգնութիւնը...

-Ես կարդացել եմ այդ մասին,-պատասխանեցի ես։ Վագները տմբտմբացրեց գլուխը։

-Աւելի լաւ։ Բայց բոլորը չէ, որ հասու են դրան։ Եւ ես որոշեցի մանկավարժական նպատակների համար օգտագործել հիպնոսը։ Չէ՞ որ վերջ ի վերջոյ նաեւ սովորական մանկավարժութեան մէջ կայ հիպնոսի բաժին... Այսօր վաղ առաւօտեան ելնելով զբօսանքի՝ ես նկատեցի Ձեզ... Դուք առաջին օրը չէ՞, որ հսկում էիք մոշի թփերի հետեւից ,-հարցրեց նա՝ աչքերում զուարթ կայծեր։ Ես շփոթուեցի։

-Դէ, ահա ես էլ որոշեցի Ձեզ Ձեր հետաքրքրասիրութեան համար պատժել ՝ ենթարկելով հիպնոսի...

-Ինչպէ՞ս, մի՞թէ այս ամէնը...

-Միայն հիպնոս էր, հենց այն պահից, երբ Դուք տեսաք ինձ։ Ճիշտ չէ՞, Դուք ամէնը վերապրեցիք որպէս իրականութիւն։ Եւ, իհարկէ, այլեւս երբեք կեանքում չէք մոռանայ վերապրածը։ Այսպիսով, Դուք հնարաւորութիւն ունեցաք ստանալ իրազննական ուսուցման դաս՝ ծանրութեան ուժի եւ կենտրոնախոյս ուժի օրէնքների մասին... Բայց պարզւում է, Դուք շատ նեարդային աշակերտ էք եւ դասի աւարտին մօտ Ձեզ մի քիչ բորբոքուած դրսեւորեցիք...

Իսկ որքա՞ն տեւեց դասը։

Վագները նայեց ժամացոյցին։

-Երկու րոպէ, ոչ աւելի։ Ճիշտ չէ՞, որ գիտելիքների իւրացման արդիւնաւետ եղանակ է։

-Բայց թոյլ տուէք,-բղաւեցի ես,-իսկ այն ապակէ լուսամո՜ւտը, այն երկաթակապե՜րը հողում...-Ես երկարեցի ձեռքս ու յանկարծ լռեցի։ Բակի մակերեսը բացարձակապէս հարթ էր, չկային ոչ երկաթէ կեռեր, ոչ էլ ապակէ շրջանաձեւ «լուսամուտը»...

-Ուրեմն դա ... է՞լ էր հիպնոս։

-Դէ, ի հարկէ... Խոստովանէք, որ այնքան էլ չէք կարօտել ֆիզիկայի իմ դասը։

Ֆի՜մա,-կանչեց նա,-սուրճը պատրա՞ստ է։ Գնանք նախաճաշելու։

 

 


[1]Մորէն, Արթիւր-Ժիւլ (ֆր. Arthur-Jules Morin) (19 հոկտեմբերի, 1795, Փարիզ -7 փետրուարի, 1880, Փարիզ) — ֆրանսիացի ինժեներ եւ մեխանիկ, Փարիզի Գիտութիւնների ակադեմիայի անդամ (1843), ապա նախագահ` 1864-ին։ Գործնական մեխանիկայի հիմնադիրներից է։ Մորէնի անունը ներառուած է Ֆրանսիայի մեծագոյն գիտնականների ցանկում, որ տեղադրուած է Էյֆելեան աշտարակի առաջին հարկում։ Մորէնի ամենայայտնի յայտնագործութիւններից են ձգողութեան ուժը որոշող նրա դինամոմետրը եւ մարմինների անկման արագութիւնն ուսումնասիրող սարքը, որի մէջ ընկնող մարմինը պարաբոլ է գծում։

[2] Պիրուէտ-արագ պտոյտ մէկ ոտքի վրայ պարելիս։

Категория: ԱՐՁԱԿ |
Просмотров: 782 Добавил: © Լուսինէ Աւետիսեան (26.08.2015) | Рейтинг: 5.0/5
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Сделать бесплатный сайт с uCoz