Գլխաւոր » Ազգային դրամատուն՝ յանուն ազգաբնակչութեան թուաքանակի աճի
13:24
Ազգային դրամատուն՝ յանուն ազգաբնակչութեան թուաքանակի աճի

Ընկուզենու տնկիներ աճեցնող ծերունու խորագիտութեամբ

Լուսինէ Աւետիսեան (բանաստեղծ, գրականագէտ, բ. գ. թ.)
եւ ծնողներ՝ Արարատ Աւետիսեան (ֆիզիկոս)
Աիդա Մանուկեան (ֆիզիկոս)

Email: lusineavetisyan@ymail.com

 

Բոլորի համար տեսանելի են այն բացթողումները, որոնք մեր աքիլլէսեան գարշապարի մասին են յիշեցնում մեզ ամէն անգամ, երբ առճակատւում ենք իրականութեան հետ, այսինքն՝ ամէն օր։ Մեր ամենախոցելի տեղն այսօր ֆիզիկական, բարոյական եւ հոգեբանական առումներով՝ բանակն է, մեզ ամէն գնով պաշտպանող այն ուժը, դէպի որը ուղղուած է եւ պէտք է ուղղուած լինէր մեր ամբողջ ուշադրութիւնը։ Ստեղծուած եւ օրէցօր վատթարացող տնտեսական վիճակը երկրում մնացողները կրել ու կրում են ներքին մի համոզուածութեամբ, որ իրենց զրկանքները իրաւամբ արդարացուած են, որովհետեւ երկրի հիմնական միջոցները բանակի ամրացմանն են ուղղուած։ Մարդիկ, տասնեակ տարիներով ատամները սեղմած, դիմացել են՝ հաւատով, որ դժուարին օրերին իրենց զոհաբերութեամբ Հայրենիքի վահանն են կռում... Երանի պարզուի, որ յարգելի պատճառներով՝ անվտանգութիւնից ելնելով, իրականութիւնը մեզ գիտակցաբար թիւր է ներկայացւում այսօր՝ մեր չունեցած զէնքի, մեր ժամկէտանց տեխնիկայի մասին, եւ իրօք արդարացուած լինեն մեր զրկանքները...

Բայց կայ մի ոլորտ, որտեղ յստակ կարող ենք տեսնել, թէ ինչ է կատարւում, եւ որտեղ կատարելիք ներդրումների զլացումը մեզ համար անիմաստ կը դարձնի նաեւ բանակի գոյութիւնը, աւելին, ապագայ հզօր բանակի գոյութիւնը հէնց նրանից է կախուած լինելու...

Ոչ ոք չի առարկի, որ հայութեան համար ամենակարեւոր մտահոգութիւններից մէկը պիտի լինի ժողովրդագրական գծապատկերում վերընթացի չգոյութիւնը։ Դրան հակառակ՝ պարտադիր չէ լինել վիճակագիր՝ պատկերացնելու համար նոյն գծապատկերը մեզ հետ հակամարտող Ադրբէջանում եւ մեր դարաւոր ախոյեան Թուրքիայում։ Եթէ այսօր հպարտութեամբ ենք նշում, թէ 150 հազար բնակչութիւն ունեցող Արցախը Հայաստանի օգնութեամբ կարողանում է դիմագրաւել եւ ետ շպրտել անգամ վերջին տեխնիկայով զինուած մեծաքանակ թշնամուն, ապա վաղը դրանով հպարտանալու առիթ գուցէ այլեւս չունենանք, եթէ այսօր չանհանգստանանք բնակչութեան թուի կրկնապատկմամբ ու բազմապատկմամբ... Եթէ այսօր դեռ կարողանում ենք պարծենալ մեր ուղեղներով, որոնք փայլում են գիտութեան այնպիսի ոլորտներում, որոնց դժուար թէ մօտենան թուրքն ու ադրբէջանցին, ապա վաղը կը զգանք, որ սխալւում ենք, որովհետեւ օրէցօր սրընթաց աւելանում են գիտութեան ու տեխնիկայի այն ոլորտները, որոնք առաջընթաց են արձանագրում ոչ թէ նոր գիւտի, այլ կենցաղում եւ տեխնիկայի մէջ նորարարութիւնների կիրառման շնորհիւ։ Իսկ այդպիսի առաջընթացին հասնելն ու առաջատար դիրք զբաղեցնելը ժամանակի խնդիր է ընդամէնը։ Եւ այս ենթապատկերին չենք ուզում գալիքում մեզ տեսնել ընկճուած՝ մեր փոքր քանակի, մեր անշրջահայեացութեան, մեր խեղճութեան պատճառով... Մեր ուժը նաեւ մեր թուաքանակն է լինելու, ինչն էլ իր հերթին պիտի զուգահեռուի մարդու մէջ մարդու բարձր որակները դաստիարակելուն եւ նոր կառուցելիք հայրենիքում բարձր ու վեհ գաղափարների իրականացմանը...

Հետաքրքիր մի առաջարկութիւն կարող է համոզիչ լինել թուաբանական փոքրիկ հաշուարկով։ Անշուշտ, տնտեսագէտ ու իրաւաբան չլինելով՝ չենք հաւակնում համապատասխան հիմնաւորումներ ներկայացնել՝ դրանք թողնելով նշած մասնագէտներին։

Վիճակագրական տուեալների կարիք էլ չկայ. անհրաժեշտութեան դէպքում անմիջապէս կարելի է ճշգրտել պատկերը։ Բայց մօտաւոր թուերով տեսանելի ու պարզորոշ կը դառնայ ասելիքի ուղղուածութիւնը։

Գիտենք, որ Հայաստանում (Արցախի հետ միասին) տարեկան մօտաւորապէս 35000-40000 երեխայ է լոյս աշխարհ գալիս։ Նաեւ գիտենք, որ մօտաւորապէս այդքան՝ մի փոքր պակաս, քաղաքացի էլ հեռանում է կեանքից։ Միայն այսքանն էլ բաւարար է՝ հասկանալու, որ լաւատեսութեան հիմքեր չունենք։ Եւ միայն այն հանգամանքը, որ տնտեսական անորոշ վիճակը թոյլ չի տալիս նորաստեղծ ընտանիքներին ունենալ մէկից, կամ լաւագոյն դէպքում՝ երկուսից աւելի երեխայ, արդէն ոչ միայն աճ չգրանցելով հանդերձ գոնէ քանակը պահպանելու յոյս չի տալիս, այլեւ կրճատման վտանգի մասին է աղաղակում տասնամեակներով։ Այս մասին նորութիւն չէ ասածը (վիճակագրական տուեալները հասանելի են բոլորին եւ խօսուն են առաւել)։ Կայ եւ աւելի վատթարը, երբ ընտանիք կազմելու հեռանկարը յետաձգուած է անյայտ ու անորոշ ժամանակով։  

Պետութիւնը որոշակի քայլեր ձեռնարկում է՝ նորածինների համար ծնողներին խորհրդանշական գումար յատկացնելով։ Սակայն դա քիչ է։ Պետութիւնը թերեւս աւելին անել ի վիճակի չէ։ Սակայն մենք ունենք օրինակներ, որոնք խօսուն փաստեր են, որ այս ոլորտում ներդրուած իւրաքանչիւր դրամը ոչ միայն չի կորչում, այլեւ վերադառնում է բազմապատկուած՝ ամուր եւ հզօր ընտանիքի տեսքով, դպրոցական նոր սերնդի խտութեամբ, հոգեբանական ամուր յենարանի զգացողութեամբ, առաւել մեծ հաւատով, որ մեզ արմատախիլ անել անհնար է... Սա նաեւ հակառակորդի համար կը լինի հոգեբանական ճնշում, որը հարկ եղած դէպքում կարող է արագօրէն վերածուել ուժայինի։ Յարգանքի ու մեծարանքի արժանի բոլոր բարերարների կողքին սիրով, երախտագիտութեամբ ու ակնածանքով ենք ամէն անգամ մտաբերում բարերար ու նուիրեալ Լեւոն Հայրապետեանին, որ իր բոլոր մեծ երախտիքների կողքին կարողացաւ նաեւ կազմակերպել այն եօթ հարիւր երիտասարդ զոյգերի անմոռանալի հարսանեաց հանդէսը, որոնք լուսաթեւ աղաւնիների պէս յոյսով, հաւատով ու սիրով էին լցրել Արցախ աշխարհն ու համայն հայութեան սիրտը, որոնք յաջորդ տարին նոյնքան նոր քաղաքացիներ էին պարգեւել Հայրենիքին, եւ ստեղծել այս անգամ արդէն 1400 զոյգերի դիմումների հոսքը՝ կրկնելու հարսանեաց այդ ինքնատիպ ծէսը իրենց համար... Առաջին հարսանիքից ծնուած երեխաներով վեց տարի անց շուրջ քառասուն առաջին դասարաններ կազմուեցին։ Սա երկրաչափական առաջատուութեամբ (պրոգրեսիայով) աճ ապահովող ընթացք է, որ ակնյայտօրէն գործում է։

Նպատակը, սակայն, եղած փաստերով հիացմունք ու ոգեւորութիւն արտայայտելը չէ միայն, այլեւ կառուցողական առաջարկութիւն անել։ Շատ նուիրուած, հայրենասէր, ազնիւ սրտեր ունենք արտերկրում, որոնք անչափ շատ են ուզում օգնել հայրենիքին ուժեղանալ, հզօրանալ, անպարտ լինել... Սակայն յաճախ հիասթափութիւն ապրած հայորդիներ են նրանք, ինչպիսին էր Գալուստ Գիւլբենկեանը, ինչպիսին էր ինչ-որ տեղ նաեւ Քըրք Քըրքորեանը։ Նրանք ցաւալիօրէն համոզուած են, որ իրենց աղբիւրի կենսատու ջուրը չի հասնելու հայրենիքի այն մարգերին, որոնց համար նախատեսուած էր... Իսկ եթէ նրանք համոզուած լինէին, որ իրենց աղբիւրը սրտացաւօրէն ջրամբարւում է՝ հրատապ ու անհրաժեշտ ուղղութեամբ բացուած հոսքով նպատակակէտին հասնելու, չէին վարանի... Կարծում ենք վաղուց ժամանակն է ներդրում կատարել յանուն ժողովրդագրական աճի. դա այն ոլորտն է, ուր ներդրուած իւրաքանչիւր կաթիլը մի ծիլ կարող է ապրեցնել, պահել հայրենիքում... Պէտք է ստեղծել դրամատուն, որտեղ արուած ներդրումներին, դրանց տեղաշարժներին հնարաւորութիւն կ'ունենայ հետեւել իւրաքանչիւրը։ Բանկը կը ղեկավարի ընտրուած ազնիւ տնօրէնների խորհուրդը։ Այստեղ ամէն ինչ հասցէական է լինելու։ Ծնուած իւրաքանչիւր երեխայի համար իր անունով հաշիւ է բացուելու դրամատանը։ Եւ բոլոր երեխաները որոշակիօրէն ապահովուած կը լինեն, երբ չափահաս դառնան։ Թէ որքան գումար անհրաժեշտ կը լինի սկզբնական շրջանում, դժուար չէ հաշուել։ Եթէ նոյնիսկ իւրաքանչիւրին տրուելիք գումարը 2000 դոլար լինի, առաջին տարում ծնուած 35000 երեխաներին պէտք կը լինի 70 միլիոն դոլար, որ մեծ գումար չէ գործարար հայերի այն տասնեակի համար, ովքեր ուզում են շօշափելի ու տեսանելի կերպով օգնել հայրենիքին։ Իսկ եթէ նրանց թիւը տասնեակը անցնի, աւելի մեծ կը լինի ծննդեան առթիւ իւրաքանչիւր երեխայի ստանալիք առաջին ընծան... Աւելորդ է ասել, որ դրամատուն լինելով, այն աշխատելու եւ տարէցտարի բազմապատկելու է նախնական այն գումարը, որ հաւաքուած կը լինի առաջին տարում։ Եւ հետզհետէ հզօրացող դրամատունն ազատ կը լինի երեխաներին վերաբերող նոր ծրագրերի համար նոյնպէս յատկացնել գումար։ Համոզուած եմ, որ ամէն տարի նոր բարերարներ կ'աւելանան... Սա ազգային դրամատուն կը լինի՝ յատուկ ուղղուածութեամբ, հասցէական աշխատող, գումարների հոսքերը հսկող, որտեղից ոչ միայն ոչինչ չի կորչի, այլեւ վստահութեան հետ կը վերադարձուի մարդկայնութիւնը՝ ի փառս հզօր հայրենիքի եւ յերախտագիտութիւն արժանապատիւ կեանքով ապրող հոծ ու ստուար սերունդների։ Ծնողների հոգսը մասամբ իր վրայ վերցնող այս բանկը, որ զբաղուած կը լինի երեխաների արժանապատիւ ներկան ու ապագան ապահովելով, բառի փոխաբերական եւ ուղիղ իմաստներով ծնող կը դառնայ՝ ամէն տարի գրանցելով իր զաւակների թուաքանակի երկրաչափական պրոգրեսիայով (առաջատուութեամբ) աճը։ Նրա ծնողական հայեացքից ոչ ոք դուրս չի մնայ։ Եւ այլեւս չի լինի անվստահութիւն վաղուայ հանդէպ, այլեւս չի լինի արտահոսք երկրից, այլեւս գիւղերում չեն լինի տասնամեակներով երեխայի ձայն չլսած բակեր, չեն լինի կամ կը նուազեն պատճառները չորս, հինգ եւ աւելի երեխայ չունենալու համար, քանի որ բանկի տնօրէնների խորհուրդը հոգատարութիւն եւ ուշադրութիւն կը ցուցաբերի առաջ եկող խնդիրները հարթելու համար։ Չեն լինի որբանոցում շաբաթուայ վեց օրը կիրակնօրեայ ընտանեկան ջերմութեանն անհամբերութեամբ սպասող եօթ հարազատ քոյր-եղբայրներ, որոնք այնտեղ են միայն այն պատճառով, որ արտագնայ աշխատանքի մեկնած հայրը Ռուսաստանում է, իսկ երիտասարդ մայրն ի զօրու չէ միանգամից տասը երեխաների հոգսը քաշելու (սա իրական պատմութիւն է՝ մէկը բազմաթիւ նման պատմութիւններից)... Չեն լինի բազմազաւակ անապահով ծնողներ՝ անարգական «ցնկնել» բառով արհամարհուած եւ ծաղրուած... Որովհետեւ հետզհետէ կ'աւելանան բազմազաւակ ապահովուած ընտանիքները, եթէ համոզուած լինեն, որ Աստծոյ ողորմածութիւնից բացի, իսկ որ ճշգրիտ կը լինի ասել՝ հէնց այդ ողորմածութեամբ, իրենց ազգակից մեծ Մարդկանց համատեղ մեկնած Ձեռքը մեծապէս օժանդակելու է իրենց։ Իւրաքանչիւր յաջորդ երեխայի համար յատկացուող գումարի չափը կարող է կրկնապատկուել կամ էʹլ աւելի մեծանալ։

Մի քիչ էլ երեւակայենք։ Ենթադրենք, մինչեւ հինգերորդ՝ նորածին երեխան կը մեծանայ, նրա աւագ քոյր ու եղբայրները, ծնողներին օգնելով, կարող են չորրորդ երեխային տրուած գումարով ձեռք բերուած փոքրիկ ֆաբրիկայում նրան յատկացուած գումարով որեւէ գործ ձեռնարկել ու իրականացնել (գորգ գործել, կիրառական եւ դեկորատիւ արուեստի ինքնատիպ նմուշներ պատրաստել եւ այլն. այս մասին էլ կարելի է հոգ տանել՝ ուղղորդելով բարեկամական խորհրդատուութեամբ), որը եկամուտի աղբիւր կը դառնայ՝ ընտանիքի անդամներին ապահովելով աշխատատեղերով... Իսկ երրորդ երեխան (որը իւրաքանչիւր ամուսնական զոյգի իրական ներդրումն է բնակչութեան թուաքանակի աճի մէջ, քանի որ երկու երեխան դեռեւս ոʹչ յաւելումը, այլ լոկ ինքնավերարտադրումն է) տանը համարժէք գումար կը ստանայ... Գուցէ անիրական, խիստ երեւակայական է թւում այս ամէնը, գուցէ թերահաւատութեան առիթ է տալիս, սակայն ապրիլի քառօրեայ պատերազմը մեր շատ համոզմունքներ ջախջախեց՝ ապացուցելով, որ մենք ունակ ենք կայծակնային արագութեամբ համախմբուելու եւ առիւծների նման նետուելու սեփական հողի թիզը պաշտպանելու, միաժամանակ շատ բան ապացուցելու աշխարհին եւ հաւատարմութեան ու սխրանքի դասեր տալու...

Թերահաւատութեան առնչութեամբ տեղին եկաւ մի պատմութիւն։ Մի թագաւոր շքախմբով անցնելիս է լինում մի գիւղով եւ նկատում է տարիների ծանրութիւնից կորացած մի ծերունու, որը ինչ-որ տնկիներ էր աճեցնում։ Մօտենալով՝ հարցնում է, թէ ինչ է աճեցնում, եւ լսելով պատասխանը, թէ՝ ընկուզենիներ, զարմանում է, յետոյ շքախմբով հանդերձ ծիծաղում, ապա հեգնելով բացատրում, որ, ախր, այդ ընկուզենիները մի երկու տասնեակ տարի անց միայն բերք կը տան, ու ծերունին հաւանաբար այդպէս էլ դրանց բերքը չի տեսնելու։ Ծերունին նոյն հանդարտութեամբ պատասխանում է, թէ՝ թագաւորն ապրած կենայ, եթէ բոլորն այդպէս մտածէին, հիմա ընկուզենի չէր լինի... Պատասխանից հիացած թագաւորը հրամայում է իմաստուն ծերունուն մի քսակ ոսկի տալ։ Քսակը վերցնելով՝ ծերունին գոհունակութեամբ ասում է. «Ես իմ բերքն արդէն ստացայ»։ Թագաւորն ապշում է ծերունու խորագիտութեամբ եւ հրամայում եւս մէկ քսակ ոսկի տալ նրան։ Ծերունին վերցնելով՝ խօսում է. «Արքաʹյ, ես առաջին տարում արդէն երկրորդ բերքն ստացայ»...

Չենք ասի, թէ ամէն տարի կազմակերպուող հեռուստամարաթոնները՝ խմելու ջրի, ճանապարհների, դպրոցների վերանորոգման եւ այլնի համար աւելորդ են, քաւ լիցի։ Սակայն ո՞ւմ պէտք կը լինի գիւղ հասած ջուրը, եթէ արդէն այնտեղ վազվզող մանուկների աղմուկը չլինի, որոնք տասնամեակներ առաջ երբեմն միասին կուժերը ուսած՝ մեծ սիրով վազում էին դիմացի սարի աղբիւրը՝ ջրի։ Ո՞ւմ պէտք կը լինի ճանապարհը, եթէ նրանով դպրոց շտապող մանկական շարքերը չլինեն, եւ ո՞ւմ պէտք կը լինի այդժամ դպրոցի վերանորոգուած շէնքը...

 

20.04.2016
Երեւան

Категория: Յօդուածներ | Просмотров: 644 | Добавил: © Լուսինէ Աւետիսեան | Рейтинг: 0.0/0
Մեկնաբանութիւններ: 0
Имя *:
Email *:
Код *:
Сделать бесплатный сайт с uCoz