Գլխաւոր » Խմբագրի խօսքը «ԼՈՒՍԻՆԷ ԶԱՔԱՐԵԱՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑՆԵՐԻ ՅՈՒՇԵՐՈՒՄ» գրքի մասին
07:18
Խմբագրի խօսքը «ԼՈՒՍԻՆԷ ԶԱՔԱՐԵԱՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑՆԵՐԻ ՅՈՒՇԵՐՈՒՄ» գրքի մասին

          Վերջապէս իրականութիւն դարձաւ տարիներով հաւաքագրուած յուշերի շքեղ մի գիրք։ ԵՊՀ Արեւելագիտութեան ֆակուլտետի ուսանող Սերգէյ Մանուէլեանը երեք տարի առաջ նախաձեռնեց եւ այդ տարիների ընթացքում մեծ խանդավառութեամբ ժողովեց սքանչելի մեր գանձերից մէկի՝ իր մէջ անսահման լոյս ու մաքրութիւն ամփոփած Լուսինէ Զաքարեանի ժամանակակիցների պատմութիւնները մեծ Մարդու մասին։ Սերգէյի կազմած գիրքը ձեռքն առնողը կարող է պատկերացնել այն հսկայական աշխատանքը, որ կատարել է նման գործի համար դեռ շատ երիտասարդ թուացող ուսանողը՝ հայրենիքում եւ աշխարհով մէկ սփռուած ժամանակակիցներին որոնելով ու գտնելով, նրանց խօսքը գրի առնելով, ձայնագրելով, ապա սղագրելով, ժողովելով լուսանկարներ եւ այն ամէնը, ինչ կարող է յայտածել ու լուսաւորել երգչուհու եւ պայծառ անհատականութեան դիմանկարի մինչ այդ աներեւոյթ գծերը... Ոգեւորիչ է այն փաստը, որ գրկաբաց է ընդունուել այս նախաձեռնութիւնը, որը սատարողներին, սկսած յուշատուներից մինչեւ մեկենաս ու ձեւաւորող, պէտք է արժանին մատուցել։
          Սովորաբար միայն սրբերի մասին են գրուել վարքեր։ Սակայն, վստահաբար, եղել են անհատականութիւններ, որոնք իրենց կենսագրութեամբ արժանի են եղել սուրբ կոչուել։ Դրա վառ օրինակը իր կրտսէր աշակերտի գրչով յաւերժացած մեր առաջին ուսուցչի վարքն է։ Լրացնելով Լուսինէի մասին յուշերի առաջին երկու գրքերի շարքը՝ այս գեղեցիկ գիրքը երրորդում ու հաստատում է, որ իսկապէս ուրուագծուած է եւ կարող է ստեղծուել ծաւալուն մի վարքագրութիւն՝ Վարք Լուսինէի։

          Մեծ սիրով ու յափշտակութեամբ եմ նախ՝ որպէս ընթերցող կարդացել բոլոր ջերմ յիշողութիւնները, որոնք հնչիւնագրութիւններին զուգահեռ՝ Լուսինէից մնացած՝ մեր օրերում նրա կենդանի ներկայութիւնը երաշխաւորող իսկապէս թանկ յիշատակներ են...
          Յուշերի մեծ մասը ձայնագրութիւններից կատարուած սղագրութիւններ էին, իսկ մօտ երկու տասնեակը՝ ձեռագիր տարբերակից շարուած տեքստեր։ Մօտ ութ տասնեակ յուշերը խմբագրելիս աշխատեցի հարազատ մնալ պատումների ոգուն ու ոճին։ Եւ շատ կարեւոր էր նաեւ չխաթարել իւրաքանչիւր պատմողի կերպարն արտացոլող կենդանի զրոյցի լեզուն։ Քանի որ մի ստուար մաս էին կազմում Սփիւռքից ուղարկուած յուշերը, խնդիր դրեցի լինել անաչառ, խտրութիւն չդնել ուղղագրութեան հարցում, մանաւանդ որ ինքս անձամբ դասական ուղղագրութեան ջատագով եմ։ Ուստի, թէեւ Սերգէյն ինձ էր փոխանցել նոր ուղղագրութեամբ սղագրութիւնները, այնուամենայնիւ սկզբունք ընտրեցի Լուսինէի կեանքի դրուագների իւրաքանչիւր վկայութիւն ներկայացնել նրա հեղինակի «դաւանած» ուղղագրութեամբ։ Այդպիսով, գիրքը դարձաւ մաշտոցեան եւ աբեղեանական ուղղագրութիւնների զուգահեռման օրինակ։
          Լուսինէի մասին իմ գրութիւնն ու իմ կերտած նրա փոքրիկ կիսանդրին, որոնք զետեղուած են այս գրքի էջերում, յուշերի իմ խմբագրումն ու սրբագրումը թող լինեն փոքրիկ նշան՝ նրա լուսեղէն յիշատակի առջեւ իմ խոնարհումի եւ տուրքի...
          Սրտանց շնորհաւորում եմ Սերգէյ Մանուէլեանին՝ գրքի ծննդեան առթիւ եւ մաղթում, որ երկարի Լուսինէի լոյսով ազդարարուած խոստումնալից նրա ճանապարհը, որը, վստահ եմ, մեզ բազում բերկրալից պահեր է պարգեւելու...

 

Լուսինէ Աւետիսեան (բանաստեղծ, գրականագէտ, թարգման, բ. գ. թ.)

 

Լուսինէ Աւետիսեան

          Լուսինէի ձայնը անյայտ ակունքից բխող սրբազան աղօթք է, որ հրաշագործութեամբ մարդկային հոգին տաճարի է վերածում...
          Հաւատացնելով, որ տիեզերածաւալ հնչիւններով կարելի է վերագտնել դէպի Աստուած տանող աներեւոյթ ուղին...
       Յուսադրելով, որ հնարաւոր է գտնել ու ընդգրկել անկրկնելի աշխարհն ու կեանքն արարողին...
        Վկայելով, որ աստուածային հնչիւններով առլի մի տաճար է տիեզերքը, որն անպարագիր հոգին է Աստծոյ…
         Լուսինէի ձայնը երբէք չի մարում նրան հաղորդուողի ունկերում, եթէ անգամ աւարտւում է երգը. մաքրագործող հնչիւնները շարունակում են հոգի կազդուրող իրենց ելեւէջումը։ Եւ լռութիւնը Լուսինէի հրաշագործութեամբ կերպափոխւում է...
         Նրա ձայնը անյայտ ակունքից բխող սրբազան աղօթք է, որ Աստծոյ ձայնը լսած նախաստեղծ մարդու սքանչացումն է վերընծայում մեզ...

«Լուսինէ Զաքարեանը ժամանակակիցների յուշերում», Երեւան, 2015, էջ 162։

Քանդակը՝ Լուսինէ Աւետիսեանի, էջ 172

 

Просмотров: 526 | Добавил: © Լուսինէ Աւետիսեան | Рейтинг: 0.0/0
Մեկնաբանութիւններ: 0
Имя *:
Email *:
Код *:
Сделать бесплатный сайт с uCoz