Գլխաւոր » Սեւուկ ԳԱՆՁ
18:18
Սեւուկ ԳԱՆՁ

Յակինթ ու սուտակ ու զմրուխտ բեկ-բեկ,

Ու պատրանակերտ դիտակ մոգական...

Ցնորքից պարզուեց լուսողող պատկեր՝

Արեւառ մանուկ՝ գրկում սեւուկ գանձ...

 

Գառնուկը մանկան արտացոլանքն է,

Եւ մանուկն ինքն է գանգրագեղմ գառնուկ,

Արեւի նետած հրվիժակները

Միաձուլուել են արեւի գրկում...

 

Ու գանգուր գեղմի բոյրը նորածին՝

Արեւախտղիտ օրհներգութիւն է,

Եւ ղօղանջում է այգու խորքերում

Մանուկ սրտերի երկխօսութիւնը...

 

Թոյլ են ոտքերը, քայլքը՝ երերուն,

Մանուկը նրա պաշտպան-նեցուկն է,

Մի ձեռքին դոյլը, իսկ միւս թեւի տակ՝

Իր անտես ներսի յայտակերպումը...

 

Զուարթ երգի պէս լցւում է դոյլը,

Յետոյ՝ մառանը մատուռանման,

Մայիւնն ու ճիչն են հիւսում տողերը՝

Հրճուանքի դողով լուսապսակուած...

 

Թթի կաթկթոց՝ թիթեղներն ի վար,

Թիթեղներն ի վեր՝ հոնէ հրկիզում,

Մաքրութեան սարսուռ՝ պարաններն ի վար,

Պարաններն ի վեր՝ ամպաքող յուզում...

 

Տատիս գոգնոցում՝ դաղձ ու գնձմնձուկ,

Խոտհունձի բուրմունք՝ պապիս ափերում,

Ու խոնաւ հողի շնչառութիւնը՝

Բահի սրբագրած բոլոր տողերում...

 

Սրտից մինչ արեւ՝ զարկեր զրնգուն

Երկբեւեռ թրթիռ, երկսայր ճառագում,

Արեգակն, ինչպէս ոսկեձոյլ գառնուկ,

Խայտում է երկնի խանդաղատանքում...

 

Եւ մեղուապարսերն արեւաճաճանչ՝

Ծաղկի շշուկներ առած թեւերին,

Խաղաղ ննջումն են ասեղնագործում...

Ստուերադողդոջ միջօրէների...

 

Ինձ շուրջառել է ճառագումն անտես

Մանկութեան լոյսով ծրարուած Այգու,

Որի խորքերում գանձն իմ թողեցի՝

Նրա եզերքը վերադառնալու...

 

Ու երբ գայթում եմ լոյսի կածանից,

Երբ խլացնում է աղմուկը կեանքի,

Մի անմեղ գառան մայիւն եմ լսում,

Դէպի Տուն բերող արահետներից...

 

© Լուսինէ Աւետիսեան, 2015

Категория: Ստեղծագործութիւններ | Просмотров: 369 | Добавил: © Լուսինէ Աւետիսեան | Рейтинг: 4.5/2
Մեկնաբանութիւններ: 0
Имя *:
Email *:
Код *:
Сделать бесплатный сайт с uCoz