Գլխաւոր » ՄԱՅՐ ԻՄ
23:35
ՄԱՅՐ ԻՄ
Քանդակը (1975 թ.)՝ Արարատ Աւետիսեանի
 
 

Ինձ երկնեցիր դու ծիրանի ծովից,

ու տիեզերքը քեզ երկնեց ինձնով,

Ո՞վ էր ծնունդը, եւ ո՞վ էր ծնող...

Դու քո գիրկն առար նորածին մանկան,

մանուկը փարուեց նորածին իր Մօր...
 

©Լուսինէ Աւետիսեան, 2015

 

Քո դէմքը փնտրեցի

երկնային ամենամութ հայելում,

Իսկ այնտեղ լուսինն էր

Հմայքի շղարշների միջից ժպտում...

 

Քո ձայնը տենչացի լսել

Անհասանելի հեռուներից,

Իսկ շուրջս աստղերի երգն էր տարրալուծւում

Աներեւոյթ ծղրիդների թարգմանութեամբ...

 

Քո ձեռքերով մանուած

ներդաշնութեան դերձանը որոնեցի

հակադրութիւնների եզրակարերում,

Եւ ամենուրեք քո ձեւած զգեստի

Կենսաթրթիռ փեշերը գտայ...

 

Քո առասպելի ժամանակամերժ խորհուրդը

բացուեց իմ առջեւ անորսալի շրշիւնով,

Ինչպէս աղջամուղջում ծաղկող

Գիշերաշուշան...

 

 

Երբ քո տարրերից իմ էութիւնը դու յօրինեցիր,

Ու չգոյութեան անյոյս թմբիրից երբ ես արթնացայ,

Ինձ յաւերժական թրթիռով զեղուն կրծքիդ սեղմեցիր,

Ու սրտիդ զարկից Անհունը յանկարծ ականջիս դողաց...

 

Հասկացայ, սիրտդ ողջակիզւում էր Սիրոյ տաճարում.

Արարչագործն էր իր ստեղծածին ինքնակամ մի զոհ,

Բայց ո՞ր կրօնն էր արդեօք պատգամել նման հաւատամք,

Եւ ի՞նչ Աստուած էր անդարձ նուիրուել Լոյսի հրճուանքով...

 

Եւ ինձ կախարդած քո առեղծուածի հմայքով վսեմ՝

Դու լուռ ժպտացիր՝ որպէս քաւութիւն բոլոր մեղքերիս...

Ես այդ ժպիտը որպէս օրհնութիւն կը տանեմ ինձ հետ՝

Չվհատուելու կեանքի տատասկոտ ճանապարհներին…

 

Ու Սիրոյ հովտում խնկում է սիրտդ՝ չթոշնող շուշան,

Եւ փայփայում է առաւօտների ցօղն անմեղութեան,

Իմ հոգու ներսում մեղուապարսերն են բերկրանքից ծփում,

Եւ բջիջներս լցւում են դանդաղ քո սուրբ էութեամբ...

 

 

Քո հայեացքի կաթկթոցի ներքոյ

օրօրոցում ծաղկում էր կեանքիս

թրթռուն վարդը...

Քո ժպիտից էին հիւսւում

իմ երկնագոյն երազները,

Եւ քո համբոյրից

հրեշտակների երամ էր

թեւածում իմ շուրջ...

Քեզանով էր իմաստաւորւում

աշխարհում ամէն ինչ,

Եւ քո գրկում էին աւարտւում

իմ բոլոր ճամփաները...

Քո ձեռքերը զոյգ կանթեղներ էին,

որ ուղեկցում էին ինձ խաւարի միջով

դէպի ամենախաղաղ հանգրուանը...

Իսկ ժամանակը հոգուս վէմին

աննկատ կերտում էր

քո պայծառ կիսադէմը,

Որ ոչինչ աշխարհում

չկարողանայ խլել քեզ ինձանից...

Որ Յաւերժութեան առջեւ

ես յաւերժօրէն քո անունը խնկարկեմ,

Որ քուրմի պէս ծնկի գամ բագինիդ առջեւ

ու քեզ երկրպագեմ...

 

 

Երազների միջով

Երազներիդ միջով պայծառ մի օր
Սուրաց սայլը Իմաստունի...
Ու թիկունքում նրա, նրան փարուած,
Գալիք գարնան համար
Գանձը տեսար՝
գանգուր գիսակներում կարմիր ծամթել...

Կանխատեսար ընծադ,
Որ պիտի գար...

Եկաւ՝ զարմանք աչքում, սրտում հիացք,
Ու երկրային բոլոր իր ծիրերում
Քեզ կիզակէտ տեսաւ տիեզերքի
ու Ծիր կաթնի համը քեզնից առաւ...
քեզնով սիրեց անծիր
էութիւնը նիւթի
եւ արփը խտացած որպէս արեւ...

Ձգւում է երազդ կեանքիս հանգոյն,
ու չի փակուել ճամփան ժամանումիս...
Ամենօրեայ վազքում,
եթէ աստղի մասին
միտք է անցնում յանկարծ սրտիս միջով,
մտքիս մի նուրբ ծայրով
ինձ տեսնում եմ ափին խորունկ այն գիշերուայ՝
հայեացքս՝ երկնքի աստղագրուած էջին,
կանգնած հենց այն վայրում խորհրդաւոր,
ուր ցած իջայ սայլից Իմաստունի...

©Լուսինէ Աւետիսեան

Категория: Ստեղծագործութիւններ | Просмотров: 535 | Добавил: © Լուսինէ Աւետիսեան | Рейтинг: 0.0/0
Մեկնաբանութիւններ: 0
Имя *:
Email *:
Код *:
Сделать бесплатный сайт с uCoz