Գլխաւոր » Ի ՆՊԱՍՏ ԴԱՍԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ
13:27
Ի ՆՊԱՍՏ ԴԱՍԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ

            * Նկատի ունենալով, որ դասական հայերէնի շրջանում եւս «յետոյ» բառը ոչ միայն ժամանակային, այլեւ տարածական նշանակութեամբ է կիրառուել, եւ խուսափելու համար անցանկալի, շփոթեցուցիչ երկգրութիւնից՝ նպատակայարմար է արդի գրական արեւելահայերէնում հրաժարուել «հետքից եկող», «յաջորդ» իմաստներով արդարացուող «հետագայ» բառից եւ անցնել բոլոր դէպքերի համար կիրառելի «յետագայ» գրութեանը։

 

                        * Հայերէնում երկու երկբարբառներ կան, որոնք այսօր նոյն կերպ են արտասանւում՝ «իւ» եւ «եւ»։ Դժուար թէ միեւնոյն հնչիւնական միաւորի համար Մաշտոցը երկու նշանային տարբերակ ստեղծէր։ Հաւանաբար դրանք հնչիւնային ինչ-որ նուրբ տարբերութիւն ունէին, որը աւելի ուշ շրջանում աստիճանաբար վերացել է, եւ մէկը միւսի փոխարէն գործածուելով, ապա մէկն առաւել յաճախ կիրառուելով՝ դուրս է մղել երկրորդը։ Կարելի է հանդիպել «եղջիւր» եւ «եղջեւր», «ալիւր» եւ «ալեւր», «աղբիւր» եւ «աղբեւր» ձեւերին։ Աւանդոյթի ուժով՝ այսօր տիրապետող է դարձել -իւ- երկբարբառը, եւ ակնյայտ է միտումը՝ «յու»-աւոր բառերի ուղղագրութեան միօրինակացման։ Սակայն ոչ միայն լեզուում գրառման՝ գոյութիւն ունեցող ձեւի տարաշխարհիկ հմայքը պահպանելու, այլեւ կարեւոր մի իրողութիւն չանտեսելու համար անհրաժեշտ է բառային որոշակի շերտի համար վերականգնել եւ պահպանել այլակերպ՝ -իւ-ի փոխարէն -եւ-ի գրութիւնը։ Թէ ինչպէս որոշել՝ որ բառերը գրել -իւ-ով, որոնք՝ -եւ-ով, կարող են օգնել ստուգաբանութիւնը եւ հնչիւնաբանական օրինաչափութիւնները։ Բացի նրանից, որ ըստ Աճառեանի՝ «աղբիւր» բառի հնագոյն տարբերակն է «աղբեր», հոլովման ժամանակ այդ բառի սեռականը նոյնպէս լինում է «աղբեր»։ Նոյնն է «ալեւր», «եղջեւր», «գեւղ» բառերի դէպքում։ Եւ երկբարբառի վերածումը ե-ի (ալեր, եղջեր, գեղջ) յուշում է, որ Մաշտոցի ուղղագրական համակարգում այդ բառերն են, որ գրուել են եւ-ով, մինչդեռ իւ-ով գրուող բառերի սեռականը այդ երկբարբառը վերածում է եա-ի՝ արիւն>արեան, սիւն>սեան եւ այլն։ Այսպիսով, կարելի է ոչ միայն վերականգնել երկբարբառային փոքրամասնութեան գոյութեան իրաւունքն ու նրա էկզոտիկ հազուագիւտ գեղեցկութիւնը, այլեւ բառերին վերադարձնել նրանց ճշմարիտ պատկերը, բացայայտել երկգրութեան անտրամաբանականութիւնն ու անիմաստութիւնը, վերագտնել ժամանակների հոլովոյթում մաշտոցեան ուղղագրական համակարգի կորսուած եւս մէկ հիմնաւորում... 

 

                        * Յատուկ անունների ուղղագրութեան միօրինակացում։ Այսօր անհրաժեշտութիւն կայ յատուկ անունների ուղղագրութեան միօրինակացման։ Խորհրդային շրջանում տառադարձումը կատարւում էր ռուսերէնի միջնորդաւորութեամբ։ Այսօր երկու հայ միեւնոյն տեղանունը գրում են երկու տարբեր տառադարձումներով, ինչպէս՝ Զուիցերիա եւ Շուէյցարիա։ Ուստի պէտք է առաւելապէս ընդունելի մէկ սկզբունք որդեգրել, ըստ որի՝ յատուկ անունները հայերէնում ճիշտ է տառադարձել ըստ անուանատու ազգի լեզուական հնչիւնական համակարգի։ Այս մօտեցման դէպքում, որքան էլ վերջին շրջանում քաղաքական պատճառներով՝ միտում կայ խուլ բաղաձայններից հրաժարուելու՝ յօգուտ շնչեղ խուլերի, Կալիֆոռնիա անունը հարկ չկայ «Ք»-ով տառադարձելու, քանի որ անուանումն առաջացել է լատիներէն calida fornax (տաք վառարան) բառակապակցութիւնից, որով իսպանացի գաղութարարները բնութագրել են տարածաշրջանի կլիման։ Իսկ լատիներէնում c-ն ոչ մի դիրքում չի հնչում է «ք», այլ՝ խուլ «կ»։

 

                        * Հայերէնի հնչիւնաբանական օրինաչափութեամբ՝ ն-ից, նաեւ լ-ից առաջ յայտնուելով՝ ր-ն կոշտանում է, ինչպէս՝ դուռն-դրկից, ամառն-ամարան, դառնալ-դարձ, եղեռն-եղերական, ամբառնալ-ամբարձիչ եւ այլն։ Եւ այս երեւոյթը անհրաժեշտաբար կիրառելի է նաեւ օտար բառերում՝ օգտուելով այն առաւելութիւնից, որ ունի հայերէնի այբուբենը. ի տարբերութիւն միւս այբուբենների՝ այն հնարաւորութիւն է տալիս փափուկ եւ կոշտ արտասանուող այդ հնչիւնները գրել երկու տարբեր նրաններով։ Ուրեմն՝ Կալիֆոռնիա, Նիդեռլանդներ, Իռլանդիա, Բեռն, Բեռլին, Կառլ, Շառլ, Մառլէն, Չոռնովիլ եւ այլն։

 

            Բառավերջի օ-ի մասին

 

            [1] Կրաւորական ածանցի մասին

 

            [1] Դասական ուղղագրութեան կանոններից մէկը, ըստ որի՝ բառավերջում «ա»-ից եւ «ո»-ից յետոյ գրուում է «յ», ունի բացառութիւններ։ Ներկայացնելով մաշտոցեան ուղղագրական համակարգում հանդիպող այդ բացառութիւնները՝ փորձենք նաեւ գտնել դրանց պատճառները։

            Այդ բացառութիւններն են՝

           

            ա. ցուցական սա, դա, նա դերանուններն  ու նրանց հոլովուած ձեւերը՝ սորա, դորա, նորա, սմա, դմա, նմա։ Ցուցական դերանունները ունեն, եթէ կարելի է այդպէս կոչել, ցուցական շեշտ, որը հրամայական շեշտի պէս մերժում է յ-ն։

 

            բ. «ահա», «ապա», «հապա», «հիմա» բառերը. սրանք, ամենայն հաւանականութեամբ, նոյնպէս ցուցականութեան իմաստային դաշտից են, մանաւանդ, եթէ յիշենք «ահա»-ից կազմուած ահաւասիկ, ահաւադիկ, ահաւանիկ ձեւերը, որոնք նշանակում են՝ «ահա՝ սա», «ահա՝ դա», «ահա՝ նա»։

            «Ապա», «հապա» բառերը յաճախ կրում են հրամայական-յորդորական երանգ՝ «նայի՛ր», «ուշադրութիւն դարձրո՛ւ», «ցո՛յց տուր», «ասա՛», «կատարի՛ր» եւ նման այլ իմաստներով. «Ապա՛, տեսնեմ քո կազմած ծրագիրը» (ցո՛յց տուր), «Հապա՛, բոլորդ՝ դէպի գրատախտակը» (նայէ՛ք)։ «- Դու այդպէս չպիտի վարուէիր։ - Հապա՞» (ասա՛, ինչպէ՞ս)։ «Ապա՛, ձեզ տեսնեմ» (կատարէ՛ք)։ «Հապա՛, տեսնո՞ւմ ես այն կապոյտ նշանը» (ուշադի՛ր եղիր կամ ուշադրութիւն դարձրո՛ւ)։

            «Հիմա» բառը մատնանշում է խօսելու կամ պատմելու պահին ամենամօտ ժամանակահատուածը, որի ընթացքում կատարուում կամ կատարուելու է գործողութիւնը, այսինքն՝ դարձեալ դրսեւորուած է ինքնին ցուցականութիւն՝ հէնց այս պահին, այժմ, արդ. «Հիմա կը մօտենամ», «Հիմա խօսի՛ր» եւ այլն։

 

            գ. արդի արեւելահայերէնի ա խոնարհման պարզ բայերի բուն հրամայականի եզակին, որ առանց յ-ի է գրւում նոյնիսկ այն ժամանակ, երբ գրաւոր խօսքում հանդէս է գալիս առանց շեշտի՝ «խաղա», «ասա», «կարդա» եւ այլն։

 

            դ. գ. կէտի տրամաբանութեամբ նաեւ «համարեա» բառն է գրուում առանց յ-ի՝ որպէս գրաբարեան «համարել» բայի բուն հրամայականի եզակին։

 

            ե. «ովսաննա» բառը. այն եբրայերէնից է փոխառուած եւ նշանակում է «փրկեա՛, աղաչեմ», այստեղ նոյնպէս ակնյայտ է հրամայական եղանակաւորումը։

 

            զ. ա, ինչպէս նաեւ ո վերջնահնչիւն ունեցող անձնանունները մաշտոցեան ուղղագրական համակարգում չունեն «յ»՝ Ելենա, Իրինա, Մարինա, Աննա, Յուդա, Սիլուա, նաեւ անունների կրճատ ձեւերը՝ Մարո, Կարո, եւ տեղանունները՝ Մոսկուա, Բարաշեւո, Զուիցերիա, Վոլգա եւ այլն։ «Յ»-ով գրուում են միայն անձնանունների վերածուած հայերէն հասարակ անունները՝ Հրաչեայ, Ընծայ։ ...

            Ա-ով եւ ո-ով վերջացող եւ ուղղագրական կանոնից որպէս բացառութիւն ներկայացող անձնանունների եւ տեղանունների առնչութեամբ կարելի է արձանագրել լեզուական ներքին հետաքրքիր մի օրինաչափութիւն եւ մաշտոցեան ամրագրուած տրամաբանութիւն։ Անուանումը բոլոր միւս անուններից տարբերուում է իր ենթադրեալ կոչականութեամբ։ Ցանկացած անձնանուն եւ տեղանուն ինքնին կոչական է, եւ որ նոյնն է՝ պատասխան է այն հարցին, թէ ինչ են կոչում, ինչպէս են կանչում, անուանում մարդուն, վայրը,  ... տառը։ Ուստի, անձնանուններն ու տեղանունները բառային շեշտից բացի, որը լեզուի հնչաբանական առանձնայատկութիւններից մէկն է, ունեն նաեւ այլ՝ կոչական շեշտ, որը հայերէնում ընկնում է վերջին վանկի ձայնաւորի վրայ, այսինքն՝ բառավերջի՝ բնականօրէն շեշտուող ա եւ ո հնչիւնները կարիք չունեն յ-ի՝ Տորոնտո, Չիկագո, Հիւգո, Աբո, Ժանո, Սաքո, Ոսլո եւ այլն։

            Այբուբենի տառերի անունները, անուանումներ լինելով, ինքնին կոչականներ են եւ նոյնպէս ներքին ուրոյն շեշտի առկայութեան հիմնաւորմամբ գրուում են առանց յ՝ Դա, Զա, Թո, Ծա, Հո, Ձա, Շա, Չա, Ռա, Ցո։

 

[1] Մեսրոպ Մաշտոցը, որ բացի գրերից՝ ստեղծել է նաեւ հայերէնի ուղղագրական համակարգը, այսօր օ հնչիւնով սկսուող հայերէն բառերը գրառել է ա+ւ տառակապակցութեամբ, ամենայն հաւանականութեամբ, իր օրերի հնչմանը համապատասխան՝ աւրէնք, աւտար, աւգնել, որ ԺԱ դարից ի վեր փակ վանկում փոխարինուեց նորամոյծ օ նշանով՝ աւր>օր (բայց՝ սեռ.-աւուր), աւձ>օձ, աւդ>օդ։ Միեւնոյն ժամանակ օ հնչիւնով սկսուող փոխառեալ յատուկ եւ հասարակ անունները բնականօրէն գրառել է ո նշանով՝ ովազիս, ովսաննա, ովկիանոս, Որոգինէս, Ոլիմպոս, որն այդ ժամանակ բոլոր դիրքերում (բացի «ու» հնչիւնը արտայայտող երկտառ կապակցութիւնից) հնչում էր որպէս պարզ օ, ինչպէս ոսկի, որդի, որոնել եւ այլ բառերում։ Հաւատարիմ լինելով Մաշտոցեան ուղղագրութեանը եւ օտար բառերի ու անունների տառադարձման օրինաչափութիւններում եւս լինելով սկզբունքային՝ Ովսիենկո ազգանունը հարկ ենք համարում գրել ո-ով, մանաւանդ վերացնելու համար հայերէնի ուղղագրութեանը բոլորովին չհամապատասխանող օ+վ, որ է՝ ա+ւ+վ ակնյայտ եւ մանաւանդ ակնբախ անհեթեթութիւնը։ Հետեւողական լինելու համար պէտք է ո-ով տառադարձել բոլոր այն օտար անունները, որոնք սկսուում են օ հնչիւնով՝ Ոկուջաւա, Ոլեխնովիչ, Ոռլով, Ոմարի, Ոսիպեան։

            Ոնիկ անունը կրճատ ու մտերմիկ ձեւն է «Յովհաննէս»-ի, որ կրել է Յովհան>Ովհան>Ոհան>Ոն+իկ ձեւափոխութիւնները, եւ անկախ հնչումից էլ պարզ է, որ ամբողջական անուան գրութիւնը թելադրելու էր ո-ով գրառում։ Նոյնն է Ոսիպեան ազգանուան պարագայում, որը եբրայական Յովսէփ անուան ռուսերէն Իոզիֆ տառադարձման ժողովրդախօսակցական Ոսիպ տարբերակից է կազմուած։ Օ-ով գրութիւնը կարող է արդարացուած լինել միայն այն դէպքում, եթէ անունը սկզբնապէս գրուել է Ա+ւ կապակցութեամբ, ինչպէս՝ Աւգոստոս, Աւրորա, Աւրելիուս եւ այլն։

 

[1] Բնականօրէն, օտար անունները տառադարձելիս անհրաժեշտ է հաւատարիմ մնալ հայերէնի հնչիւնական առանձնայատկութիւններին եւ ուղղագրական կանոններին, եթէ անգամ դրանք լիարժէքօրէն չեն ձայնապատճէնելու օտար անուան հարազատ հնչումը։ Հայերէնի ուղղագրական համակարգում բացառուում է բառավերջի ի-ից եւ է-ից յետոյ յ-ի գրութիւնը։ Անունների դէպքում յ-ագրութիւնը գրեթէ բացառուում է ո եւ ա նշաններից յետոյ եւս։ Ուրեմն, որքան էլ հնչական մակարդակում ռուսական Դմիտրի, Գէորգի, Եւգենի, Վասիլի, Արկադի, Իւրի անուններում լսենք «յ» հնչիւնը, միեւնոյն է, հայերէնում այն չենք արձանագրելու։ Եւ «ի»-ի պարագայում սա արդէն աւանդոյթ է։ Այդ անունները հոլովելիս կամ որոշեալ յօդ ստանալիս նոյնպէս «յ»-ն չի գրուում՝ Դմիտրիի, Գէորգիի, Վասիլիի եւ այլն։ Անհարժեշտաբար հարկ է, որ այդպէս լինի նաեւ Անդրէ, Ալեքսէ, Ֆադէ, Ֆարադէ, Սերգէ, Հալէ եւ այլ անունների դէպքում, բնականաբար՝ նաեւ դրանց որոշեալ առման եւ հոլովուած տարբերակներում՝ Անդրէն, Ալեքսէն, Ֆադէն, Սերգէն, Ալեքսէի, Անդրէի, Ֆադէի, Ֆարադէի, Սերգէի։ Եւ քանի որ տեսականօրէն է=ե+յ, ուստի, որպէս ժամանակաւոր «փոխզիջում», ցանկացողները կարող են հնչեցնել աներեւոյթ եւ հազիւ լսելի «յ»-ն։

 

Просмотров: 556 | Добавил: © Լուսինէ Աւետիսեան | Рейтинг: 0.0/0
Մեկնաբանութիւններ: 0
Имя *:
Email *:
Код *:
Сделать бесплатный сайт с uCoz