Գլխաւոր » Հայոց գրերի բուժիչ յատկութիւնը
17:14
Հայոց գրերի բուժիչ յատկութիւնը

       Շատերն են հայոց գրերի մէջ սրբազան գաղտնիք որոնում։ Եւ դա պատահական չէ։ Նաեւ աւելորդ չեն որոնումները, եթէ նոյնիսկ շատ «գիւտեր» անհիմն են ու գիտականութիւնից զուրկ։ Թող վարկածները բազում լինեն, լուրջ ուսումնասիրութիւնների ենթակայ հիպոթեզները՝ սակաւ, եւ ոչ մի անհիմն վարկած, եթէ ազգային սնապարծութեան դրսեւորում չէ, չի կարող նսեմացնել ու արժեզրկել ճշմարտութիւնները, որոնք թաքնուած-գաղտնագրուած են հայոց գրային համակարգում... Նոյնիսկ հերքուելուց յետոյ շատ վարկածներ կը մնան որպէս առասպելոտ գրաւիչ յօրինուածք, կամ որպէս ակնյայտ հաւաստումը սոսկ տարերայնօրէն ըմբռնուող այն առեղծուածի, որ հանգիստ չի տուել մարդկային միտքը...
       Ամենեւին չյաւակնելով յայտնաբերել թաքնուած գաղտնիք՝ ուզում եմ առաջարկել որոշակիօրէն հիմնաւորուած մի վարկած, որի հաստատման համար ակնաբուժութեան ոլորտում թերեւս կարիք կը լինի լուրջ ուսումնասիրութեան։

       Պարզ է, որ ընթերցանութիւնը որոշակի լարում է ակնաբիբերի համար։ Մանր ու բարակ գծերի շարահիւսուածքը ժամանակի ընթացքում աչքի համար հարազատ ու ընտել կոդաւորում է դառնում, որի ազդանշանները վստահօրէն ընդունում է ապակոդաւորող գիտակցութիւնը՝ առանց կասկածելու աչք-տուիչի զանազանման «արհեստավարժութեանը»։ Սակայն տարբեր է բնական ոսպնեակների լարուածութեան աստիճանը այս կամ այն լեզուով գրուածքներ ընթերցելիս։ Տրամաբանական է, որ դա նախ եւ առաջ պայմանաւորուած է լեզուի՝ մայրենի կամ օտար լինելու հանգամանքով, որը անմիջականօրէն կապուած լինելով լեզուամտածողութեան հետ, իրաւամբ ներազդում է ընթերցման արագութեան եւ որակի վրայ։
       Սակայն, ընդունելով հանդերձ այդ հանգամանքը, հակուած եմ կարծել՝ առանց սին հպարտութեան, որ հայերէն գրերից իւրաքանչիւրը՝ որպէս հնչոյթի ֆիզիկական մարմին, ունի բառի, տողի, տեքստի մէջ ակնթարթօրէն տարորոշուելու ընդգծուած առանձնայատկութիւն։ Եւ, ամենայն հաւանականութեամբ, Մաշտոցը, տեսիլքից պարզուած Ձեռքի ուղղորդումով գրային համակարգը ստեղծելու կամ վերականգնելու ժամանակ՝ հնչիւններին տեսանելի զգեստաւորումը յղանալիս, որպէս սկզբունք է ընտրել աչքի համար դիւրընկալելիութիւնը եւ հետեւողականօրէն պահպանել է այդ կարեւոր սկզբունքը։ Տառերը ստացել են իրենց նպատակայարմար կերպարանքները, որոնք իրենց նմանների միջավայրերում (բառերի տիրոյթում) ոչ միայն պահպանում են իրենց ինքնութիւնն ու չեն շփոթւում միմեանց հետ, այլեւ հէնց իրենք են դառնում շփոթի դեմ մարտնչողներ՝ ընդգծելով մեծ գեղանկարիչ նախագծողի հանճարը։
       Գրերի ստեղծման գործում անուղղակի հրամայական պիտի լինէր լիարժէքօրէն ճանաչել լեզուն եւ ներհունօրէն ուսումնասիրել նրա հնչիւնների բնոյթը, պարզել, ստուգել ու վերստուգել նրանց առնչութիւնները միմեանց հետ, երեւակել աներեւոյթ՝ լոկ լսելի համակարգը... Հետագայ բոլոր դարերում ակնածանքով ու սրբազան երկիւղածութեամբ չէր խնկարկուի ընդամէնը պայմանական նշաններ հնարողի անունը, հնչիւններին լոկ կամայական նշաններ կցողի յիշատակին չէին հնչի ձօն ու ներբող, եթէ չասենք, թէ նրա անունը դժուար թէ յիշուէր ու յիշատակուէր, առաւել եւս՝ սրբացուէր... Իսկ հնչիւններին կամայականօրէն նշաններ կցելու դէպքում գուցէ «աշխարհ» բառն ունենար «իվփիխկ» տեսքը, կամ՝ «տիեզերք»-ը՝ «բթրղրգդ», «լոյս»-ը՝ «ծժճձ»։ Այս «բառեր»-ը դժուարընթեռնելի են՝ չտարորոշուող նշանների շարակցութեան պատճառով։ Եւ եթէ հէնց միայն «ա»-ն «ի»-ով փոխարինենք, նրանով ներդաշնակօրէն շողացող բառերը կը դադարեն ակնահաճոյ լինել... Հայոց գրերը ստեղծելիս իմաստուն կերպով հաշուարկուել եւ հաշուի են առնուել հնչիւնների կիրառութեան յաճախականութիւնը, միմեանց կողքի յայտնուելու հնարաւորութիւն-հաւանականութիւնը, ինչը Ճարտարապետի իմաստնութիւն եւ ընդարձակ տեսողութիւն է ենթադրում։ Եւ հայոց լեզուի հանճարեղ գեղանկարիչ-ճարտարապետը՝ հայերէնի տարածութիւնն արարողը, իսկապէս մեծ Տեսանող էր։ Իմաստակիր տառաշղթաների մէջ իրենց վայրիվերումներով, իրենց գլխիկի, պոչիկի, ոլորքի ու սլացքի դիմադարձ կամ համերաշխ զուգորդութիւններով նրանք օգնում են առանց լրացուցիչ լարումի՝ միանգամաʹյն ընկալել բառը, նոյնիսկ՝ ամբողջ արտայայտութիւնը։ Կարծում եմ, որ սա իմ սոսկ ենթակայական ընկալումը չէ... Եւ դա ստուգելու եղանակներ պէտք է մտածել։ Կարելի է փորձ կատարել. ասենք, հայերէն եւ ռուսերէն տառերը չճանաչողների յանձնարարել այբուբենի մատնանշած տառն արագ գտնել տողի մէջ։ Արդիւնքից պարզ կը դառնայ, թէ ոʹր գրային համակարգն է նման առաջադրանքը կատարելու համար աչքերի տեսանկիւնից առաւել դիւրընկալ։
       Բացի ակնյայտ տարորոշուող լինելուց, բայց եւ այդ առանձնայատկութեամբ հանդերձ՝ հայերէն գրերը իւրատեսակ ակնամարզիչներ են, եւ ես չեմ վարանի յատուկ ընդգծել, որ դրանց վրայով սահող բիբերի ակամայ սեւեռումները նպաստում են տեսողութեան պայծառացմանն ու բուժմանը... Հայերէն տեքստ ընթերցելով՝ անգիտակցաբար մեր աչքերը յանձնում ենք բուժական արարողութեան, մի ծէսի, որը, ճիշտ գրականութիւն կարդալու դէպքում, պայծառացնում է միտքը, հոգին, սիրտն ու աչքերը միաժամանակ... Համալիր բուժման աւելի արդիւնաւէտ միջոց չկայ...
       Պրագմատիկ, սկեպտիկ մտածողութիւնը թերեւս այս մտքի հիմնաւորման համար վիճակագրական պատկեր կը պահանջի։ Եթէ չկայ նման վիճակագրութիւն, ապա, իսկապէս, անհրաժեշտ է կատարել այդ աշխատանքը, որի արդիւնքը կարեւոր փաստանիւթ կը լինի գիտական ընդհանրացումների համար։ Մինչ այդ, հնարաւոր է առայժմ ոչ ճշգրիտ, սակայն ակնյայտ իրողութիւններն արձանագրել։ Օրինակ՝ առաւելապէս ռուսերէն ընթերցող բնակչութեան շրջանում աւելի յաճախ կարելի է հանդիպել ակնոցակիրների, քան, ասենք, առաւելապէս հայերէն ընթերցողների միջավայրում։ Մեր օրերում գուցէ հայերէն ընթերցողների շրջանում եւս այդ թիւը աճել է, ինչի պատճառները բազում են՝ սկսած համակարգչի ոչ գրագէտ օգտագործումից, նախկին խաղերը համակարգչայինով փոխարինելուց մինչեւ ենթակայական գործօնը՝ առողջութեան նկատմամբ ուշադրութեան մեծացումը, որի պակասը նախկինում թերի էր ներկայացնում պատկերը. այս հանգամանքը եւս անհրաժեշտ է ճշտել։
       Բաւական է ուշադրութիւն դարձնել ռուսերէնի գրային համակարգին՝ պատկերացնելու համար, որ տողի վրայ շարուող, քառակուսանման եւ ընդամէնը մասնիկների աննշան դրափոխութեամբ միմեանցից տարբերուող н, и, п, ц, й, г, կամ՝ а, я, л, д, к, х, ж, з, в, կամ՝ ш, щ, ы, ь, ъ, ... տառերն ու նրանց զուգորդումներով կազմուած բառերը հէնց ռուսերէն ընթերցողի տեսողութեանն ու ընկալմանն են տրւում որոշակի դժուարութեան յաղթահարումով, եւ այդ յաղթահարումը նրանց առօրեայում ընթերցանութեան՝ որպէս աչքի համար ամենատարածուած սովորութեան մշտական ուղեկիցն է... Յատկապէս կարճատեսութիւնը, որ կարծես ռուսների ազգային առանձնայատկութիւններից մէկն է, որն, իհարկէ, պայմանաւորուած է նաեւ նրանց ազգային մէկ այլ առանձնայատկութեամբ՝ ընթերցասիրութեամբ, համեմատաբար սակաւ է հանդիպում հայերի շրջանում, եւ եթէ նոյնիսկ վերջիններս ընթերցելու համար ակնոց են կրում, ապա՝ հիմնականում հեռատեսի, որ օգտագործւում է միայն կարդալիս կամ մօտ տարածութիւններում կատարելիք աշխատանքների ժամանակ...
       Կորեացիների զգալի մասը ակնոցակիր է, եւ եթէ աչքի անցկացնենք նրանց գրային համակարգը, դժուար չի լինի եւս մէկ անգամ համոզուել վարկածի ճշմարտացիութեան մէջ։

       Ահա բաղաձայնները՝ ㄱ ㄴ ㄷ ㄹ ㅁ ㅂ ㅅ ㅇ ㅈ ㅊ ㅋ ㅌ ㅍ ㅎ ㄲ ㄸ ㅃ ㅆ ㅉ,

       եւ ձայնաւորները՝ㅏㅓㅗㅜㅡㅣㅐㅔㅚㅟㅑㅕㅛㅠㅒㅖㅘ

      Իսկ հիերոգլիֆներ կարդալն աւելի դժուար պէտք է որ լինի, քան տառերը, եւ երեւի այդ պատճառով էլ Ճապոնիայի բնակչութեան շուրջ 40 տոկոսը տառապում է կարճատեսութեամբ։
       Իմ դեդուկտիւ (բխեցուող) մտահանգումը հաստատելու կամ հերքելու համար անհրաժեշտ կը լինի վիճակագրութիւն անցկացնել ոչ թէ ըստ երկրների, այլ ըստ գրային տարբեր համակարգերից օգտուող հանրոյթների։ Պէտք է պարզել, թէ, ասենք, միայն կիւրեղեան (Կիրիլի եւ Մեֆոդիի ստեղծած սլաւոնական գիրը) գրերով կարդացողների քանի տոկոսն է ակնոցակիր, կամ, ասենք, լատինական գրերից օգտուողների որ մասն են կազմում կարճատեսները... Բնականաբար, մասնաւոր դէպքերում որոշ գրային համակարգերից օգտուողների հանրոյթը կը համընկնի որոշակի երկրների բնակչութեան հետ, ինչպէս օրինակ՝ ճապոնական հիերոգլիֆներով, յունական գրերով կամ հնդկական գրային համակարգով ընթերցողների պարագայում է։ Այս հետազօտութեան արդիւնքում գուցէ պարզուի, որ տեսողութեան պայծառութեան աստիճանը ոչ թէ ազգային առանձնայատկութիւններով է պայմանաւորուած, այլ մեծ մասամբ հետեւանք է գրային այս կամ այն համակարգի կիրառութեան...
       Յիշեցնելով, որ վիճակագրական տուեալների չեմ տիրապետում, պարզապէս իմ դիտումներից ելնելով՝ կարող եմ փորձել մօտաւորապէս գնահատել, որ Հայաստանի երիտասարդ բնակչութեան 2 տոկոսն է ակնոցակիր։ Աւելի աւագ սերունդների շրջանում բնականաբար այդ թիւը մեծանում է։ Սակայն բազմաթիւ են յայտնի այն գործիչները, որոնք կարդում են կամ մինչեւ կեանքի վերջ կարդացել են առանց լրացուցիչ ոսպնեակների։ Առանց յիշողութիւնը լարելու՝ իւրաքանչիւրը կարող է մտաբերել գոնէ մէկ-երկու իրեն ծանօթ 80-նն անց մարդկանց, որոնք զարմանալիօրէն կարդում եւ գրում են առանց ակնոցի։ Իսկ նրանցից երիտասարդ՝ շատերի կը յիշի՝ արդէն առանց զարմանքի։ Ես մտաբերեցի վեհափառ Վազգէն Առաջինին, գրաբարի իմ ուսուցիչ Վազգէն Գեւորգեանին, Ռաֆայէլ Իշխանեանին, Գեւորգ Ջահուկեանին, չեմ ուզում սխալուած լինել՝ Էդուարդ Ջրբաշեանին յիշատակելով... Կարծեմ ակնոց չեն կրել նաեւ Աւետիք Իսահակեանը, Դերենիկ Դեմիրճեանը եւ այլոք... Առանց արհեստական ոսպնեակի էր կարդում 1906-ին Արեւմտեան Հայաստանի Տիգրանակերտում ծնուած, յետագայում Իրաք, աւելի ուշ՝ Նիդեռլանդներ տեղափոխուած 108-ամեայ Սերոբ Միրզոյեանը։ Կարդալու համար ակնոցի կարիք չեն զգում 92-ամեայ Սերգէյ Սարինեանն ու Երուանդ Մանարեանը... Կարող ենք կազմել յայտնի հայագիր ընթերցողների մի ցուցակ, որոնք չեն գործածում կամ չեն կիրառել ակնոց։
       Ընթերցասէրների ցուցակի մէջ ինձ համար առանձնայատուկ տեղ է զբաղեցնում իմ պապը՝ Տիգրան Մանուկեանը, որ մինչեւ կեանքի վերջ իր մահճակալի կողքի պահարանիկի վրայ ամենօրեայ ընթերցանութեան գրքերն էր պարբերաբար փոխարինում նորերով եւ կարդում անզէն աչքով (իսկ վերջին գիշերը վերընթերցել է Ֆրանց Վերֆէլի «Մուսա լեռան քառասուն օրը» վէպը)...
       Բերուած օրինակներն ու իրողութիւնները հաւաստում են, որ անհիմն չէ այն պնդումը, որ հայերէն գիրը ամենադիւրընթեռնելին է (կամ գոնէ այդպիսիններից մէկը), աւելին՝ այն նոյնիսկ բիբերի կիզակէտումը կարգաւորող մկանների մարզիչ եւ ակնաբոյժ գրային համակարգ է... Այստեղ, իհարկէ, մեծ է պատասխանատուութիւնը կիրառուած տառատեսակի, որը կարող է ընդգծել կամ, հակառակը, մարել այդ առաւելութիւնը։
       Չեմ ուզում՝ ասածս ազգային սնապարծութեան երանգներ պարունակի, ուստի եզրափակում եմ խօսքս յոյսով, որ վիճակագրութիւնն ու գիտական ուսումնասիրութինը կը լուսաբանեն խնդիրը՝ բացայայտելով ճշմարտութիւնը...

 

29.06.2016

 

Լուսինէ Աւետիսեան

բանաստեղծ, գրականագէտ,
գրաբարագէտ, թարգման, բ. գ. թ.

Просмотров: 1227 | Добавил: © Լուսինէ Աւետիսեան | Рейтинг: 5.0/2
Մեկնաբանութիւններ: 0
Имя *:
Email *:
Код *:
Сделать бесплатный сайт с uCoz