Գլխաւոր » Արուեստի գործից մինչեւ մեծ քաղաքականութիւն
22:36
Արուեստի գործից մինչեւ մեծ քաղաքականութիւն

     Վերջին օրերին յուզական մեծ ալիք բարձրացրին Համազասպ Բաբաջանեանի եւ Գարեգին Նժդեհի արձանները, որոնց գեղարուեստական արժանիքների կամ դրանց բացակայութեան մասին շատ խօսուեց, քննադատուեց քանդակագործների ճաշակը, եղան եւ խանդավառութեամբ արձագանքողներ... Երեւի միշտ էլ միանշանակօրէն չեն ընդունուել յատկապէս քաղաքի պուրակներն ու այգիները զարդարող քանդակները, եւ դա բնական է։

     Պէտք է փաստել, որ աւելի կարեւոր հարցեր բարձրացան այդ քանդակների պատճառով։ Պարզուեց, որ ոմանց կարծիքով՝ Բաբաջանեանը ամենեւին էլ ազգային հերոս չէ, աւելին, նա ստոր մի մարդասպան էր, որը հունգարական ապստամբութիւնը ճնշելու նպատակով կոտորել է հազարաւոր հունգարների։ Նոյնիսկ աւելի վատեր եղան, որ զուգահեռներ անցկացրին նրա եւ Գուրգէն Մարգարեանին վայրագաբար սպանած ու դրա համար Ադրբէջանի ազգային հերոս հռչակուած մարդասպանի հետ։ Վերջին շրջանում Եւրոպան եւ ԱՄՆ-ն, որ պատերազմի աւարտին մօտ միայն մտաւ պատերազմի մէջ՝ կիսելու յաղթանակի դափնիները, ամէն կերպ փորձում են նսեմացնել Խորհրդային Միութեան դերը Երկրորդ համաշխարհային պատերազմում։ Սա դեռ քիչ է, ինքներս էլ հրաժարւում ենք մեր ազգակից հերոսներից, որոնցով մի քանի սերունդներ հպարտացել են եւ յատուկ ընդգծել, որ ռազմական գործում հայերն անգերազանցելի են, յանուն յաղթանակի՝ հայերը, տոկոսային հարաբերութեամբ, ամենաշատ զինուորներն են տուել եւ ամենաշատ զոհերը գրանցել, տուել են երեք մարշալ եւ ռազմածովային նաւատորմի բարձրագոյն հրամանատարական կազմի զինուորական, որոնք ծնունդով ղարաբաղցիներ են, դեռ երկուսն էլ նոյն գիւղից, եւ այլն։ Աւելորդ է յիշեցնել, որ մերժելով մեր անցեալը՝ մենք անյաղթահարելի պատնեշներ ենք կառուցում մեր ու հէնց մեր ծնողների, պապերի միջեւ. մենք դադարում ենք միմեանց հասկանալ ու ճանաչել, սկսում ենք հեգնել միմեանց դաւանած արժէքները եւ մշակութային մակարդակում եւս քայքայում մեր ընտանիքը... Իմ պապերի հպարտութիւնը ես իրաւունք չունեմ արժեզրկելու՝ բոլոր յեղափոխութիւններից եւ գաղափարական թռիչքներից յետոյ անգամ։

     Նժդեհի արձանին եթէ դառնանք, էական չէ, որ զանգուածեղ բրոնզաձոյլ կաղապարում Նժդեհի դէմքից բացի կարելի է գտնել յայտնի դէմքեր, որոնցից ամենաակնյայտը Պետրոս Առաջինինն է։ Անտեսելով գաղափարական ու գեղարուեստական իրականացման բացերը՝ պէտք է նշել, որ ռուս քաղաքագէտների «յարձակմանն» ի պատասխան՝ բոլոր քննադատողներն էլ գոնէ ներքուստ մղուեցին պաշտպանելու ազգային հերոսին, որը հէնց միայն իր անունով, ազնուական Մարդու եւ անգերազանցելի Հայրենասէրի իր վեհ ու նուիրական կերպարով տեղ ունի իւրաքանչիւր հայի սրտում։

     Մէկ այլ հարց է, թէ արդեօ՞ք Բաբաջանեանն ու Նժդեհը գոհ կը մնային այս ամէնից։ Հարցը չի վերաբերում նմանութեանն ու կատարման վարպետութեանը։

     Հայաստանի համար ծանր օրերում իրենց արձանները Երեւանում բարձրացնելը, համոզուած եմ, անպատեհ քայլ պիտի համարէին նրանք։ Եթէ անգամ դրանք տարիներ առաջ էին ձուլուել, միեւնոյն է, բարոյական չէին համարի որդեկորոյս մայրերի խոնաւ աչքերի դիմաց, սուրբ հողը պաշտպանելու համար գիտակցական մահն ընդունելու նետուող զինուորներին ի տես, նրանց հանդէպ անմարելի պարտքի ծանրութեան տակ, բանակի «սպառազինութիւնը» կողոպտելու եւ բազմաթիւ այլ սխալների անտանելի բեռը անտեսած՝ յուշարձան բարձրացնել։ Թէեւ յուշարձանը յիշատակութեան արժանի գործերի մասին սերունդներին պատմող ուղերձ ու ոգեկոչ է, եւ այս առումով՝ թերեւս անխղճօրէն կողոպտուած բանակը նոյնպէս արձանը կը նկատի որպէս սերունդներին պարզուած լաւագոյն ներդրում-ուղենիշ... Դիպուկ է գրել Հրանտ Մաթեւոսեանը. «Պարտուած բանակները յաղթողների համար կանգնեցնում են իրենց պարտութեան յուշասիւնը»։ Ուրեմն, կարեւորն այն է, որ վեր խոյացող քանդակները յանկարծ չդառնան մեր պարտութեան յուշասիւները, պարտութիւն՝ քաղաքական եւ ռազմի դաշտերում, պարտութիւն՝ դիւանագիտութեան մէջ եւ այլ ասպարէզներում... Նժդեհը պիտի նախընտրէր, որ հասարակութիւնն ընդունակ լինէր գաղափարական միասնութեան, նաեւ որ իր պատգամների գոնէ մի մասը իրականացած տեսնէր, ինչը կը լինէր փառահեղ կոթող էլ, սրբազան յիշատակի խնկարկում էլ, ամենօրեայ ինքնայաղթահարում ու յաղթանակ էլ...

     Ռուս վերլուծաբանների որակումներին եւ սպառնալիքներին իր բոլոր պատասխանները շուրջ եօթ տասնամեակի հեռաւորութիւնից տալիս է ինքը՝ Նժդեհը (Վրոյր Արծրունու եւ Անահիտ Յարութիւնեանի կազմած «Գարեգին Նժդեհ - Բանտային կյանք, նամակներ, գրառումներ», Երեւան, 2016

     Եւ Անահիտ Յարութիւնեանի պատասխան յօդուածում քաղաքագէտներ Սերգէյ Մարկովի, Միխայիլ Ռեմիզովի եւ պատմաբան Օլեգ Կուզնեցովի յանդիման, ասես վերստին դատարանի առջեւ, կանգնել եւ փաստերով ինքն իր բոլոր քայլերն արդարացնում է ճշմարիտ Հերոսը, որը լինում է միայն ազնուական եւ ոչ մի այլ կերպ։ Եւ պատահական չէ, որ ազգային մեծ գործչին ու գաղափարախօսին միշտ էլ պիտի ուզեն ոչնչացնել նրանք, որոնք հնազանդութիւն են ակնկալում։ Հիմա ժամանակն է մեր հոգու նիւթից եւ հոգու ներսից խորաքանդակելու Նժդեհի իրական կերպարը, որին հասկանալու եւ որի պայքարը յանուն ազգի եւ յանուն մարդկութեան ճիշտ գնահատելու համար երկար ճանապարհ պիտի անցնենք թէʹ մենք, թէʹ աշխարհը...

     Իսկ ինչ վերաբերում է Նժդեհի արձանը «դեմարշ» որակելուն, թերեւս արժի պատասխանել պատասխան չակնկալող հարցերով, որոնց համար միայն գործնական բնոյթի պատասխաններ են պատշաճում...  

     Արդեօք «քաղաքակիրթ» աշխարհի հանդէպ դեմարշ չէ՞ Անկարայում Թալէաթ, Ջեմալ, Էնվէր փաշաների անուններով 2500-ից աւելի փողոցների գոյութիւնը, եւ գոնէ Ցեղասպանութիւնն ընդունած երկրները, որոնցից է նաեւ Ռուսաստանը, որը փորձում է կարգաւորել Թուրքիայի հետ յարաբերութիւնները, պիտի հանդէս գային դրա դէմ, քանի որ այդ իրողութեան հանդուրժումը հաւասարազօր է Ցեղասպանութեան մերժման։ Յումանիզմի հանդէպ դեմարշ չէ՞ր քնած մարդուն կացնով սպանած մարդակերպ գազանին ի լուր աշխարհի «Ազգային հերոս»-ի կոչմանն արժանացնելը, ինչն իրականում լրացուցիչ անգամ հաստատեց, որ կեղծ հասկացութիւններ են քաղաքակիրթ աշխարհը, յումանիզմը, ժողովրդավարութիւնը...։ Դեմարշ չէ՞ր Հունգարիայի կողմից ապագայ այդ «հերոս»-ին արտայանձնումը Ադրբէջանին՝ յստակ իմանալով վերջինիս քայլերի հերթականութիւնը։ Հակամարտող երկու կողմերին էլ զսպուածութեան կոչեր անողների ու փաստերի առջեւ աչք փակողների ակնկուր աչքերը պատռող դեմարշ չէի՞ն Թալիշի տարեց բնակիչների սպանութիւնն ու մարմինների պղծումը, եզդի զինուորին գլխատողին եւս ազգային հերոս հռչակելը... ԵՈՒՆԵՍԿՕ-ի հանդէպ դեմարշ չէ՞ր Ջուղայի անկրկների խաչքարերի զանգուածային իսպառ ցեղասպանութիւնը, որոնց լռութիւնն աւելի խօսուն էր, քան մշակութային ժառանգութեան համաշխարհային այդ պաշտպանի գոյութիւնը... Շարունակե՞լ օրինակների թւումը... Կարծում եմ՝ բաւական է աւելացնել միայն անհամար օրինակներից մէկը՝ ամենաթարմը. քաղաքականութեան ասպարէզում Հայաստանին, նաեւ բարոյական արժէքներին, ուղղուած դեմարշ չէ՞ զէնքի վաճառքը դաշնակցի թշնամուն եւ լկտի դեմարշ չէ՞ գործնականում դա անմեղ քայլ համարելը նշուած քաղաքական գործիչների կողմից, որոնք այդ քայլն արդարացնում են հանգամանքով, իբր, միեւնոյն է, Ադրբէջանն ուրիշից կը գնէր այդ զէնքը։ Վերջապէս պիտի հասկանանք նաեւ, որ արդէն անընդունելի է քաղաքականութիւնն ու բարոյականութիւնը տարբեր բեւեռներում դասաւորելը... Եւ տեղի ունեցած ստորութիւններից յետոյ «դաշնակից» պետութեան քաղաքագէտների նման յայտարարութիւնները՝ Նժդեհի անձի եւ այդ անձը ընդգծելու Հայաստանի քայլի մասին, դաւաճանութիւն ու զրպարտանք են մէկի հասցէին, ում ոգին ոչ միայն չկարողացան ընկճել նոյնիսկ խորհրդային բանտը, որտեղ մահացաւ նա, անվտանգութեան ծառայութեան անմարդկային դատախազներն ու քննիչները, այլեւ չտարհամոզեցին, թէ «Ցեղակրօնի համար հայութեան միակ բնական զինակիցը ռուս մեծ ժողովուրդն է»։ (1946-1948 թթ., բանտ) (Գարեգին Նժդեհ, Հատընտիր, Երեւան, 2006, էջ 478)։ Իսկ Դմիտրի Մեդվեդեւը կարող է այնքան ստոր լինել՝ յայտարարելու համար Ռուսաստանի եւ Ադրբէջանի դարաւոր բարեկամութեան մասին՝ հրաշալի գիտակցելով, որ այդպիսով մեղանչում է ճշմարտութեան դէմ՝ Ադրբէջանի պատմութեանը վերագրելով դարերի տեւողութիւն։ 2013-ին Արմէնպրեսը գրել է. «Ռուսաստանում ակտիւացել է միասնական թիւրքական պետութիւն ստեղծելու օգտին հանդէս եկող հոսանքը, որն անուանւում է պանթիւրքիզմ կամ պանթուրանիզմ։ ՌԴ յատուկ ծառայութիւնները համարում են, որ այդ հոսանքը կառավարւում է Ադրբէջանի եւ Թուրքիայի կողմից»։ Ահա ամփոփ մի յօդուած էլ այն մասին, թէ ինչ է պանթուրանիզմը, որտեղ են նրա արմատները, դէպի ուր են ուղղուած ճիւղերը եւ ինչով է այն սպառնում Ռուսաստանին։ Իսկ որ այնտեղ մեծ է Ադրբէջանի դէրը, լուրջ քաղաքագէտների համար վեր է կասկածից... Այս անգամ էլ Նժդեհի արձանը մեզ դրեց անարդարօրէն ձերբակալուածի կարգավիճակում, եւ մենք Նժդեհի հետ միասին միամտօրէն փորձում ենք համոզել, որ իրական յանցագործը ազատութեան մէջ նիւթում է իր դաւերը, որին մեզ մեղադրողը շարունակում է զինել, որպէսզի նա հնարաւորինս արդիւնաւէտ կերպով ի կատար ածի ծրագրերը... Եւ մի՞թէ Ռուսաստանի ժողովուրդը կոյր է այնքան, որ իր իշխանութիւնների ու քաղաքական գործիչների պատճառով պիտի զոհ դառնայ նաեւ պանթուրանիզմին, որին չափազանց անլուրջ են մօտենում նաեւ «լուրջ» քաղաքագէտներ, քանի որ չեն հաւատում հաւանաբար (եւ ինչպէս կարողանան հաւատալ), որ այդ աղէտի ճանապարհին որպէս անանցանելի ժայռաբեկոր ընկած է եւ գալիք պատուհասից առայժմ ճիգերի լարումով պաշտպանում է ընդամէնը միայնակ, ԱՌԱՅԺՄ փոքրիկ մի Հայաստան... Իսկ հէնց Նժդեհի ջանքերի շնորհիւ էր, որ Ռուսաստանի կողմից Ղարաբաղի հետ միասին Ադրբէջանին յանձնուած Զանգեզուրը մնաց Հայաստանի կազմում։ Դժուա՞ր է նկատել, որ Զանգեզուրի պատշտպանութեան շնորհիւ պանթիւրքիստներին չյաջողուեց տարածքային կապ ստեղծել Թուրքիայի եւ Անդրկովկասի մահմեդականութեան միջեւ։

     Եւ հնարաւո՞ր է արդեօք քաղաքակրթութեան սանդուղքի առաջին աստիճանին ոտք դրած մարդակերպ ցեղախմբի ներկայացուցչի հետ, որպէս հաւասարը հաւասարի հետ, նստել բանակցութիւնների սեղանի շուրջ, ինչը պահանջում են Մինսկի խմբի համանախագահները։ Եւ դա չի՞ լինի մարդկային ցեղի կրած վերջին անպատւութիւնն ու պարտութիւնը...

 

 

04.06.2016

 

Լուսինէ Աւետիսեան

բանաստեղծ, գրականագէտ, թարգման,

բանասիրական գիտութիւնների թեկնածու

Категория: Յօդուածներ | Просмотров: 862 | Добавил: © Լուսինէ Աւետիսեան | Рейтинг: 0.0/0
Մեկնաբանութիւններ: 0
Имя *:
Email *:
Код *:
Сделать бесплатный сайт с uCoz